Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեւ, Երեւան, ցտեսություն, Հեղափոխություն

Ապրիլ 23,2013 14:16

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանում երեխան անգամ գիտե՝ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրությունները միանգամայն տարբեր մակարդակի ընտրություններ են՝ տարբեր են թե քաղաքական, թե իրավական առումներով եւ հնարավոր հետեւանքներով: Հանրային ընկալումներում եւս դրանք տրամագծորեն տարբեր ընտրություններ են: Տարբերություններով հանդերձ՝ դրանք ունեն մեկ որոշիչ նմանություն՝ բոլոր մակարդակի ընտրությունների արդյունքներն էլ Հայաստանում կեղծվում են, եւ ընտրությունները, որպես հասարակական-քաղաքական փոփոխությունների մեխանիզմ, աշխատում է միայն ՀՀ նախագահի ընտրությունների դեպքում՝ երկու անգամ՝ քվեարկության օրը եւ քվեարկության հաջորդ օրը: Եվ եթե այդ օրերին հանրային ընդվզումը կազմակերպչական ձեւ չի ստանում եւ մնում է տարերային եւ անառաջնորդ, ապա փոփոխությունների ծանր դուռը դարձյալ փակվում է:

Փոփոխությունների դուռը ետխորհրդային Հայաստանում առնվազն չորս անգամ փակվել է ծանր ճռինչով. վերջին անգամ այն ճռինչով փակվեց 2013 թ. փետրվարի 19-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փակեց ոչ միայն այդ դուռը, այլեւ դրանով իսկ փակեց անծրագիր, անգաղափար, անվճռական, անհաստատ քաղաքական գործիչների ելումուտը: Նա վերջինն է, որ «Ազատության» հրապարակ մտավ իր նախորդների նման՝ անծրագիր, անգաղափար, անվճռական, անհաստատ: Եվ թեպետ ապրիլի 9-ը ընկալվում էր որպես պայքարի գագաթնակետ, սակայն ակնհայտ էր, որ այդ օրը Հովհաննիսյանի գլխավորած պայքարի վերջնաժամկետն էր: Պայքար, որն այդպես էլ չդարձավ քաղաքական, առավել եւս՝ հեղափոխական:

2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններով կավարտվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակը. զանգերը կղողանջեն թե նրա, թե մնացյալների համար: Մեկ տարվա ընթացքում կայացած երեք ընտրություններով օրինաչափորեն ավարտվում է ներկա կուսակցությունների, քաղաքական գործիչների ժամանակաշրջանը: Սակայն առավել կարեւոր է այն հարցի պատասխանը, թե շարունակվելո՞ւ է, արդյոք, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը:

1. Ավելի վատ Երեւան

ՀԱԿ հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով նորաստեղծ կուսակցության ծրագրին, նկատեց. «Եվ կա մի բաժին, որը կոնյունկտուրա է», ապա աննկատ ուղղեց իրեն՝ շարունակելով՝ «որը գործնական քաղաքականությանն է վերաբերվում…»: Ավելի ուշ կայքերում տեղադրված Տեր-Պետրոսյանի ելույթի տեքստային տարբերակում «կոնյունկտուրա» բառը տեղ չգտավ: Որպես տեքստերի հետ աշխատող գիտակ՝ Տեր-Պետրոսյանը լավ գիտեր, որ տեքստերը հարկ է մաքրել բանավոր ելույթում տեղ գտած սպրդումներից: Մինչդեռ ելույթում հենց քաղաքական կոնյունկտուրան հիշատակելիս էր նա անկեղծ: Տեր-Պետրոսյանը գիտե, որ կոնյունկտուրան գործնական քաղաքականությունը չէ, այլ քաղաքական պատեհապաշտությունը՝ իրողություններին հարմարվելու, քաղաքական հանգամանքներով առաջնորդվելու վարքագիծն է: ՀԱԿ նախագահը ճիշտ է մեկ առումով՝ քաղաքական կոնյունկտուրան Հայաստանում վերածվել է գործնական քաղաքականության: Հայաստանյան կուսակցությունները եւ քաղաքական գործիչները գործում են բացառապես քաղաքական կոնյունկտուրայի՝ պատեհապաշտության համաձայն: Այդօրինակ վարքագծի հետեւանքով է Հայաստանում առաջացել խզումը հասարակական պահանջների եւ ձգտումների եւ կուսակցությունների եւ նրանց ղեկավարների ձգտումների միջեւ, նմանօրինակ գործելակերպն է առաջացրել վստահության ճգնաժամ նրանց խոսքի եւ գործի անհամատեղելիության հանդեպ: Պատեհապաշտությունը հայաստանյան հին ու նոր կուսակցությունների անփոփոխ դրոշն է:

ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները՝ կանխորոշած, ընտրապայքարն անիմաստ համարող եւ այն բոյկոտող կուսակցությունները մեկեն սկսեցին տիեզերական կարեւորություն տալ Երեւանի ավագանու ընտրություններին: Այն դեպքում, երբ նրանց մտահոգությունները չեն փարատվել. ՀՀ նախագահի վերջին ընտրությունները դարձյալ կեղծվել են, ինչպես նախորդ ընտրությունները, ինչպես կեղծվելու են ավագանու ընտրությունները:

«Փոխելու ենք: Սկսենք Երեւանից»՝ ոչ իշխանական ԲՀԿ-ի վճռականությունն անհամոզիչ է թվում, ինչպես ԲՀԿ առաջնորդի՝ «Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել» հայտարարությունը ՀՀ նախագահի ընտրություններից առաջ: «Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ի ընտրությունները կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝ Հայաստանի զարգացման հեռանկարը»՝ պնդում է դեռ երեկ ՀՀ նախագահի ընտրությունների ելքը կանխորոշված, ըստ այդմ՝ թեկնածության առաջադրումն անիմաստ համարող ՀՅԴ-ն, այսօր արդեն պահանջելով՝ «Երեւան, փոխիր Հայաստանը»: «Երեւանը չենք հանձնելու»՝ հնչում է ՀՀԿ-ի ռազմակոչը, եւ «Ավելի լավ Երեւանը» սահմռկեցուցիչ է թվում ՀՀԿ-ի պատկերացրած եւ այդպիսին դարձրած Երեւանի դեպքում: «Մենք կարող ենք ավելին»՝ ՀՀԿ-ին կեսբերան առարկում է ՕԵԿ-ը: «Արթնացիր»՝ արթնացած երեւանցուն բարեւում է հանրային բողոքը լիցքաթափող Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ով երազում է նախագահ դառնալ, նախագահ դառնալու ճանապարհը Երեւանի ավագանում հաղթանակը տանելն է»՝ ՀԱԿ համագումարում իշխանությունը վերցնելու բանաձեւն է բացահայտում Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ՀԱԿ կարգախոսն ազդարարում՝ «Իշխանությունը՝ քաղաքացուն»:

Մինչդեռ: Երեւանի ավագանու ընտրությունները ոչինչ չեն փոխելու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ գերխնդիրը՝ ՀՀ նախագահի ընտրություններով արմատական, խորքային փոփոխություններ իրականացնելու խնդիրը, չի լուծվել: Եվ քանի որ հայ քաղաքական կուսակցությունները չեն կարողանում լուծել գլխավոր խնդիրը՝ սկսում են պտտվել երկրորդական խնդիրների շուրջ՝ սեփական անկարողությունը թաքցնելու կամ քաղաքական մտքի կարճատեսության հետեւանքով: Չնայած կուսակցությունները փորձում են դա թաքցնել, սակայն հասարակությունը տեսնում է: Ներկա քաղաքական անհեռանկար իրավիճակի համար ՀՀ կուսակցությունների պատասխանատվությունը ցավալիորեն մեծ է: Անշուշտ, ՀՀԿ-ն քաղաքական միահեծանություն է ստեղծել՝ Հայաստանում հաստատելով փաստացի միակուսակցական համակարգ: Եվ թեպետ Երեւանի քաղաքապետի ընտրություններն օրենքով անհարկի կուսակցականացվել են, սակայն դրանք քաղաքական ընտրություններ չեն եւ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի լուծվել գերխնդիրը՝ ընտրություններով կամ հեղափոխությամբ ՀՀ նախագահի փոփոխության խնդիրը: Մնացյալ բոլոր դեպքերում Երեւանում կառավարելը կմնա որպես ապօրինի բիզնես-ծրագրի կառավարում, իսկ Երեւանը՝ հրավառություններով, ռեստորանային դղրդոցներով, հանրային տրանսպորտի վարորդների՝ տրանսպորտը որպես սեփական կալվածք ընկալելով, մայրաքաղաքի բետոնապատմամբ, նրա ճարտարապետական կենսագրությունը ջնջելով՝ կազմում է այդ բիզնես-ծրագրի մի մասը: Այդ անօրինական բիզնեսն այսօր ղեկավարում է ՀՀԿ-ն: Իսկ Հայաստանում բիզնեսի համար մղվող պատերազմը «ընտրապայքար» քաղաքակիրթ եզրույթում չի տեղավորվում: Այնպես, ինչպես քվեարկություններով իշխանությունը հանձնելը չի տեղավորվել հայաստանյան տարաբնույթ իշխանությունների ծրագրերում:

Ավելի վատ Երեւան. կանխորոշված են ավագանու ընտրությունների արդյունքները:

2. «Բարեւ, Երեւան», ցտեսություն, Հեղափոխություն

2013թ. ապրիլի 10-ին, երբ ուսանողներիս կշտամբում էի ավարտական թեզերին անփույթ եւ անլուրջ մոտենալու համար, նրանք հարդարացում ասացին, թե ապրիլի 9-ին՝ ողջ օրը եւ գիշերը, մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի միջոցառումներին եւ չեն հասցրել գիտական ղեկավարի իմ պահանջները կատարել: «Ուրեմն՝ Րաֆֆու պայքարի անլրջությունն է ձեզ փոխանցվել»՝ առանց կատակի նկատեցի: Ուսանողները չարձագանքեցին: Երբ նրանք մտան ներս՝ երկուսի ձեռքին նկատեցի նարնջագույն ժապավենները եւ մտքումս ծիծաղեցի: Նրանք ուզում էին խոսել ապրիլի 9-ի իրադարձությունների մասին եւ պատմեցին այն ամենը, ինչը արդեն հայտնի էր, սակայն մի դրվագ ցնցեց ինձ: Ուսանողուհիներից մեկի եղբայրը ոստիկան է. գիշերը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանք՝ քույր ու եղբայր կանգնել են առաջին շարքում՝ տարբեր կողմերում դեմ հանդիման: Եղբայրը կարողացել է մի կերպ զանգահարել քրոջը՝ պահանջելով հեռանալ առնվազն առաջին շարքից: Քույրը չի ենթարկվել եւ շարունակել է կանգնած մնալ՝ տեւական ժամանակահատված քույր ու եղբայր կանգնել են դեմ հանդիման պայքարի տարբեր կողմերում: Այդ նույն ժամանակ դեպի Ծիծեռնակաբերդ կողք-կողքի բարձրանում էին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը: Ես մտովի պատկերացնում եմ երկու տեսարանները. վերեւում կողք-կողքի, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, աղոթում են հանրային ընդվզման առաջնորդը եւ պատժիչ իշխանության խորհրդանիշ-ներկայացուցիչը: Մինչդեռ ներքեւում իշխանության մեկ այլ խորհրդանիշի՝ նախագահի նստավայրի սկզբնամասում դեմ հանդիման կանգնել էին կենդանի մարդիկ՝ քույր ու եղբայր: Քույրն այս կողմում պայքարում է Ծիծեռնակաբերդի ճանապարհին կնոջ լավագույն կոշիկների կորուստը հերոսաբար արձանագրող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եղբայրը մյուս կողմում պայքարում է Հայաստանն արտագաղթի ու կոռուպցիայի մատնած Սերժ Սարգսյանի իշխանության համար:

Իմ ուսանողուհին հայ քաղաքական գործիչներին չի ճանաչում, նրանց քաղաքական պատեհապաշտությանը ծանոթ չէ եւ հիասթափությունը մատնում է ասելով՝ «Ես Րաֆֆու համար չեմ պայքարում»: Սիրտս մի պահ կծկվում է 21-ամյա աղջկա հուսահատությունը տեսնելով, սակայն չեմ արձագանքում. հիասթափությունը դառը դեղահաբ է, որը Հայաստանում խմում են բոլորը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջին երեք ամիսների վարքագիծը որոշ ենթադրությունների տեղիք է տալիս: Ի մասնավորի՝

1. ՀՀ նախագահի ընտրությունների՝ անգամ կեղծված պաշտոնական տվյալները Ր. Հովհաննիսյանի համար խոչընդոտ դարձան համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ, քանի որ նրա ընտրողները համագործակցությունը փաստացի արգելեցին Հովհաննիսյանին, չնայած փորձ, այնուամենայնիվ, արվեց Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպմամբ:

2. Հովհաննիսյանի ելույթներում, գործողություններում, պահանջներում ոչ միայն ծրագիրը եւ տրամաբանական հաջորդականությունն է բացակայում, այլեւ դրանք իրարամերժությամբ եւ անհետեւողականութամբ կասկածներ են առաջացնում, որ հանրային ընդվզումը առաջնորդելու բարձր եւ բարդ պատասխանատվության տակ Հովհաննիսյանը ոչ միայն կքել է, այլեւ՝ ընկրկել, կորցնելով սեփական մտքերի եւ քայլերի թելը:

3. Ապրիլի 9-ին հասարակությանը նախապատրաստելով իր երդմնակալությանը՝ Հովհաննիսյանն այդպես էլ չերդվեց, փոխարենը ստիպեց երդվել «Ազատության» հրապարակում հավաքվածներին: Ես զույգ երդումներին հետեւում էի տանը՝ զուգահեռ հեռուստատեսությամբ եւ ինտերնետով: Երկու արարողություններն էլ ծանր տպավորություն թողեցին. Սերժ Սարգսյանինը՝ գրեթե սգո լռությամբ եւ տրամադրությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ անհեթեթությամբ: Հանրահավաք-երդմնակալության այն պահին, երբ ողջ հասարակությունը «Ազատության» հրապարակում (ինտերնետով այն դիտում էր շուրջ 12 հազար մարդ) սպասում էր Հովհաննիսյանի խոսքին, որը կարող էր այդ էլեկտրականացված պահին սարեր շարժել, նա բացականչում է. «Անձրեւ է գալիս, ողջունենք անձրեւին: Անձրեւ, դու հրաշալի՜ ես»: Նման տարակուսելի վարքագիծը լրջությունից զրկել է նրա գլխավորած պայքարը:

 

4. Իսկ արդեն ապրիլի 9-ի գիշերը ծավալված իրարամերժ իրադարձությունները տրամաբանությունից զրկեցին Հովհաննիսյանի վարքագիծն ընդհանրապես:

5. Հովհաննիսյանը որոշումները կայացնում է միանձնյա՝ առանց քննարկման: Ավտորիտար կառավարման նրա գործելաոճը արկածախնդրության մեծ չափաբաժին է պարունակում, ինչի վկայությունը Մոսկվա այցն էր:

6. Նմանօրինակ վարքագծից հնարավոր է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային ընդվզումը մաշելու, լիցքաթափելու ծրագիր է իրականացնում:

Եվ այժմ, հաջողությամբ հողին հանձնելով ՀՀ նախագահի ընտրությունների վիճարկման հեռանկարը, Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությամբ՝ «Բարեւ Երեւանով» դաշինքով Րաֆֆի Հովհաննիսյանը իրականում ցտեսություն է ասում հեղափոխությանը: «Բարեւ, Երեւան, ցտեսություն, Հեղափոխություն»,- սա կարող է նրա «Նոր Հայաստանի» կարգախոսը դառնալ:

3. Հեղափոխությունը մեռավ: Կեցցե Հեղափոխությունը

Մեկ տարվա ընթացքում՝ 2012թ. մայիսի 30-ից 2013թ. մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, երեք անգամ առգրավելով իշխանությունը երեք տարբեր մակարդակի ընտրություններում, Սերժ Սարգսյանը կանգնել է անասելի բարդ իրողություններին դեմ հանդիման: Անարդարությունն ու անօրինականությունը, կաշառակերությունն ու կոռուպցիան, աղքատությունն ու գործազրկությունը, արտագաղթն ու հասարակության անհուսությունը ծանր կշռաքարերի պես կախվել են նրա իշխանության պարանոցից: Մեծ հաշվով, սակայն Սերժ Սարգսյանի համար միեւնույն է: «Առա՛ջ, Հայաստան»-«Ապահով Հայաստան»-«Ավելի լավ Երեւան»՝ սրանք նրա համար ընդամենը նախընտրական անարժեք կարգախոսներ են, փոխարենը լուրջ խնդիր է առգրավված իշխանությունը պահելը: Սա է թերեւս Սերժ Սարգսյանի միակ ծանրակշիռ մտահոգությունը: Պահել իշխանությունը, երբ հասարակությունը նախընտրում է միանգամայն այլ թեկնածուների, դժվար է: Պահպանել իշխանությունը, երբ քաղաքական՝ անգամ կայացած առեւտուրը մրցակիցների հետ չի մարելու հասարակական դժգոհությունը, բարդ է: Պահպանել իշխանությունը, երբ ներիշխանական զարգացումներում յուրաքանչյուր փոփոխություն կարող է փլուզել համակարգը, տառապանք է: Պահպանել իշխանությունը, երբ հասարակությունը մերժում է այդ իշխանությունը, երբ հեռանում է Հայաստանից՝ անհամաձայնություն հայտնելով այդ իշխանությանը, սփոփանք չի բերում: Պահպանել իշխանությունը, երբ նա յուրային չի դարձել Հայաստանում, նվաստացուցիչ է: Սերժ Սարգսյանը շփոթահար է, եւ նրա միակ հաղթաթուղթը անվճռական, անծրագիր ընդդիմադիր առաջնորդներն են: Իշխանությունը պահել բարդ է, հանձնելը՝ վտանգավոր:

Առգրավելով երեք ընտրությունների արդյունքները՝ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանությունն ավելի հաստատուն չի դառնալու: Անհաստատ իշխանությունը փորձություններով լի արահետ է, որը ճանապարհ չի դուրս բերելու: Հասարակական հուզումները կարող են մաշվել, սակայն էներգիայի պահպանման օրենքի համաձայն՝ դրանք անհետ չեն կորչում: Ապրիլի 9-ի երդմնակալությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մնացյալների ժամանակն ավարտվեց, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակը չսկսվեց: Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններով Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կտիրանա իշխանությանը եւ ընդդիմությանը:

Հեղափոխությունը մեռավ:

Կեցցե՛ Հեղափոխությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Փորձեցի գտնել սույն հոդվածի գլխավոր գաղափարը, ինչպես ասում են. main idea-ն, և դա այս մեկ հատիկ նախադասությունն էր.
    Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններով Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կտիրանա իշխանությանը եւ ընդդիմությանը:
    Մնացածը համարում եմ ջուր. տեղ-տեղ՝ հուզիչ, տեղ-տեղ՝ պղտոր, տեղ-տեղ՝ վճիտ, բայց միևնույնն է՝ ջուր: Երևի սա էլ լրագրողական ՛՛ուրույն ձեռագիր՛՛ է:

  2. Raffi says:

    Էդ ջրից լավ ել վառվել ես…

  3. Նունե says:

    Դուք մեղադրեցիք Րաֆֆի Հովհաննիսյանին անհեթհեթության մեջ, սակայն ձեր մտքերն են անհեթեթ.. Ինչ էիք ուզում ասել այս հոդվածով?… Նման վերնագրով հոդված ես կարդացի ռուսական մամուլում դեռ փետրվարին, սակայն Րաֆֆի շարժումը դեռ շարունակվում է, ուղղակի մի քիչ խանգարվում է, խոչընդոտվում է ձեր նման դիտորդների կողմից, որոնք մենակ կողքից քննադատում են ու չեն ուզում տեսնել այն փոփոխությունները ժողովրդի գիտակցության մեջ, որ տեղի ունեցան այս երեք ամսում… Ի դեպ, կանխատեսում ես էլ կարող եմ անել, ասելով, որ ոչինչ դեռ ավարտված չի, դեռ պայաքարը շարունակվում է ես ավելի լավատես եմ քան դուք… ձեր մտքերով դուք մենակ մաղթեցիք հաղթանակ հհկ-ին, երևի դա էր նպատակը?…

    • Rima Torosyan says:

      Հարգելի Նունե , կարող եք գոնե մեկ ռեալ ու ծանրակշիռ փոփոխություն նշել ? ինչ տվեց ժողովրդին այս շարժումը բացի հերթական հիասթափությունից ? դուք պարզապես չեք ուզում ընդունել դա, լավ է որ լավատես եք ,բայց դա չի նշանակում,որ այս ամենին ռեալ նայող և գնահատական տվող մարդուն իրավունք ունեք համարել անհեթեթ մտածող : Իսկ նյութը ավելի լավ և ուշադիր կարդալու դեպքում կհասկանաք,որ նպատակը լրիվ այլ է …

  4. էմմա says:

    Նարինե Մկրտչյանն ասում է այն, ինչ Հայաստանում մտածող մարդիկ: Ոչ մի մտածող մարդ Րաֆֆուն լուրջ չի ընդունում: Բայց ինչու՞ միայն Րաֆֆում մասին: Մյուսների մասին գրածի հետ էլ հիմնականում համաձայն եմ:

  5. Կարեն Վարդանյան says:

    Հիմնականում համամիտ եմ հեղինակի հետ` որոշ վերապահումներով: Մայիսի 5-ը դեռ պարտված չէ, թեև իր այս գործելաոճով գնում է դրան: Իսկ իրականում այդ օրերին իր խոսքը ասաց նա, ով և պիտի ասեր` ժողովուրդը: Իսկ իր խոսքը հետևյալն էր` նա այլևս անգաղափար, անծրագիր և անվճռական առաջնորդների հետևից գնացողը չէ: Նրան պետք է այնպիսի մեկը, ով պատրաստ է խաղալ ոա-բանկ` ընդհուպ միջև իր սեփական կյանքի վրա: Մենք փնտրում ենք մեր Ուգոյին, մեր Ֆիդելին, մեր Լենինին:

  6. Նունե says:

    Եթե միայն հեռուստատեսությամբ հետևել ցույցերին ու երկար-բարակ քննադատական հոդվածներ գրել, ոչ մի Ուգո Չավես չի փրկի…Հետո արդյոք հայերը պատրաստ են վա-բանկ գնալ?..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930