«Օրենքի պետություն , բայց անարդարության տիրապետություն: Որպես նախկին քաղբանտարկյալ մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ, որ մեր երկիրը դառնա օրենքի գերակայության երկիր: Հայը չի կարող ապրել ստրուկի կարգավիճակով: Բանտից դուրս գալուց իմ առաջին նախադասությունն էր, պարիսպներով բանտից դուրս եկա առանց պարիսպների բանտ»,- այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, դատախազության շենքի դիմաց հերթական ակցիայի ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:
Նրա խոսքերով, «Մարտի 1-ի» դեպքով կային քաղբանտարկյալներ, որոնք ընդամենը տասը փամփուշտի համար կալանավորվել էին, իսկ հիմա հանցավոր անցյալ ունեցողները պաշտպանված են. «Պաշտպանված Լիսկաներին, որոնց տներից հայտնաբերում են ապօրինի զենքեր, ու որեւէ մեկը չի կալանավորվում եւ պատասխան չի տալիս դրա համար: Այն դեպքում, երբ որ այս մարդը նախկինում չորս-հինգ անգամ դատվածություն ունի եւ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից մաքրել է դատվածության հետքերը՝ կարծելով, թե այդ տվյալները չկան… այս իշխանությունները իրենց հանցավոր բուրգը Լիսկաների վրա են կառուցել: Այս իշխանության համար ամենաանընդունելի մարդը ազնիվ մարդն է»:
Պարոն Մալխասյանի խոսքերով, իշխանությունները խաբում ու խոստումներ են տալիս աջ ու ձախ. «Մենք ասում ենք զանգվածային արտագաղթ է, ասում են՝ չէ, արտագաղթ չկա: Ասում ենք՝ ժողովրդի կենսամակարդակն ընկել է, ասում են՝ չէ, բարձրացել է, տնտեսական աճ է գրանցվել»:
Նա, կրկին անդրադառնալով ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին, ասաց. «Ինչի՞ համար են դատում սրանց, սարքովի գործ, կեղծիք, անարդարություն, երբ Լիսկաները բազմաթիվ հանցանքների մեջ թաղված են: Սա խաբեբաների, բանդիտների տիրապետություն է, սրանցից մեկ ժամ շուտ ազատվելը հայ ժողովրդի փրկությունն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ