Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիկ Լորեն. «Կապանի մուտքի մոտ կտեղադրենք մեկ ընդհանուր մեծ ջրաչափ եւ մեր եկամուտը 10 անգամ ավելի կլինի»

Հուլիս 01,2013 14:00

-Պարո՛ն Լորեն, Դուք արդեն տեղյակ եք, որ Կապանում դեմ են համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸին տրամադրելու ավագանու որոշմանը եւ ստորագրահավաք են անցկացնում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված իրավիճակին, երբ բաժանորդները «Հայջրմուղկոյուղու» մատուցած ծառայությունների որակից դժգոհ լինելով՝ դիմել են նման քայլերի:

 

-Պետք է 2004թ.-ից սկսենք եւ հիշենք, որ օրական միջին հաշվով 5-6 ժամ էր ջուր մատակարարվում, այս պահին՝ մոտավորապես 24 -ժամյա ջրամատակարարում ենք ապահովում Կապանում: Համակարգի բարելավման ուղղությամբ դոնորների գումարներից Կապանում անցած տարի 1մլն դոլարի ծրագիր ենք արել, այս սեպտեմբերից երկրորդ ծրագիրը կսկսենք իրականացնել՝ պետական վարկավորումով՝ 3 մլն դոլար գումարով, 3 մլն դոլար արժողությամբ երրորդ ծրագիրն էլ նախագծային փուլում է:

-Այդ 6 մլն դոլարն ինչի՞ վրա է ծախսվելու:

-Սեպտեմբերից մեկնարկելիք առաջին ծրագիրը ավելի շատ ուղղված է Կապանում ջրի ճնշման կարգավորմանը եւ այդ բարձր ճնշումը կարգավորելու համար պոմպակայան է կառուցվելու քաղաքում, մի քանի թաղամասերում էլ ներքին ցանցեր կվերանորոգվեն եւ ջրի մաքրման կայանում որոշակի աշխատանքներ կիրականացվեն: Երկրորդ ծրագրով կլինի շարունակությունը՝ ներքին ցանցի նորոգում եւ մի շարք թաղամասերի միացում համակարգին, որոնք դեռ միացված չեն:

Որտեղի՞ց են այդ միջոցները, ո՞ր բանկերից եք վարկեր վերցրել:

-Դրանք կառավարության կողմից վերցված վարկեր են: Կառավարությունը երկրում ծրագրերի համար վարկեր է վերցնում, այնուհետեւ տրամադրում ընկերությանը, մենք գումարը կոնկրետ ստանում ենք կառավարությունից, եւ ընդհանրապես կարեւորություն չունի գումարները որտեղից են գալիս:

-Կապանում բնակիչները դժգոհ են 2004թ.-ից մինչեւ օրս Ձեր մատուցած ծառայություններից. պարբերաբար վթարներ, ջրագրաֆիկի խախտումներ, անձրեւային եղանակներին անորակ ու պղտոր ջուր, իսկ այժմ վստահ չեն, որ առաջիկա 25 տարիներին նույն վիճակը չի լինի: Նախ կարող եք պարզաբանել, թե ինչո՞ւ եք ցանկանում հենց 25 տարի ժամկետով վերցնել համակարգը:

-Բնակիչների համար իրականում ոչ մի տարբերություն՝ դա 10 տարի կլինի, թե՝ 20:

25 տարին այն ժամանակահատվածն է, որով մենք կկարողանանք վերցրած վարկը հետ վերադարձնել, որովհետեւ այդ վարկային ծրագրերով ստացած գումարները մենք ենք հետ վերադարձնելու: Կառավարության կողմից մենք սուբսիդիաներ ենք ստանում, որ կարողանանք նաեւ մասամբ վճարել վարկերը, հայտնի է նաեւ բոլորիս, որ համայնքները ոչ մի միջոցներ չունեն այդ վարկերը փակելու:

Կապանում նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը մտադիր է բողոքարկել ավագանու այդ որոշումը եւ չի բացառվում, որ որոշումը ուժի մեջ չմտնի, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի «Հայջրմուղկոյուղու» քայլերը:

-Ավագանին ընտրովի է եւ իրենց ընտրյալ ավագանին է այդ որոշումը կայացրել, ավագանին արդեն ներկայացնում է Կապանի բնակչության տեսակետը:

Բայց բնակիչները բազմիցս բարձրաձայնել են, որ առանց հանրային լսման ու առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու են նման որոշում կայացրել:

-Մինչ այդ մեծ մեծ հանդիպում էր կազմակերպվել՝ մեծ հարցերի ցուցակով եւ քննարկվում էր այդ հարցը:

-Պարոն Լորեն Ձեր ասած մեծ հանդիպումը ավագանու նիստն էր, իսկ ավագանու նիստը, բնականաբար, հանրային լսում չի կարող համարվել: Ինչեւէ, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը՝ 25 տարի ժամկետով համակարգը ընկերությանը չտրամադրելու դեպքում:

-Մեկ բան պարզ է, եթե քաղաքապետարանը այդ համաձայնագիրը չստորագրի, առաջին հերթին մենք ոչ մի ներդրումներ չենք իրականացնի Կապանում: Քաղաքի մուտքի մոտ կտեղադրենք մեկ ընդհանուր մեծ ջրաչափ ու քանի որ մենք ենք այդ աղբյուրի եւ մայր ջրատարի տերը, մեկ ջրաչափ կտեղադրենք եւ մեր եկամուտը կլինի 10 անգամ ավելի, եւ ես չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս կկարողանա քաղաքը վճարել այդ գումարը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կնչպես կարող է ՓԲԸ լինել աղբյուրի, մայր ջրատարի, հանքավայրերի տերը: Մի՞ թե՛ բացի աֆրիկական մի քանի երկրներից կան էլի երկրներ, որոնք ունենան նման գիշատիչ օրենքներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031