Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը վազում են, իսկ թե ով ուր կհասնի դա իրենց խնդիրն է». Հարութ Շատյան

Հուլիս 07,2013 14:22 Share

«Ֆիլմը նկարահանվել է մեկ կադրով՝ տեւողությունը 18 րոպե: Այն էքսպերիմենտալ էր եւ չուներ մոնտաժային կցումներ: Սցենարի հեղինակը ես եմ, օգտագործում եմ այն թեմաները ինչը ինձ է հուզում: Ֆիլմը բարդ էր, իսկ ես սիրում եմ բարդություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր «Մարաթոն» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Հարութ Շատյանը:

Գլխավոր հերոս Դավիթը երիտասարդ եւ արդեն կայացած մարզիկ է, որի համար վազքը ավելին է, քանի կյանքը: Նրան՝ դեռեւս նոր ծնված մանկանը, երկու օրվա կյանք չէին խոստանում, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց ամեն ինչ: Այդօրվանից Դավիթը չի հավատում բժիշկներին: Հիմա՝ 20 տարեկանում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց դեպքում վազքով զբաղվելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործելը: Դավիթը գիտակցում է դա, բայց չի կարող ինքն իր դեմ գնալ, որոշումը կայացված է. նա շարունակելու է վազել՝ կամ մինչեւ մահ, կամ ի հեճուկս մահվան.

«Բոլորը վազում են, իսկ թե ով ուր կհասնի դա իրենց խնդիրն է: Մենք տառապած ազգ ենք, լավատեսական ֆիլմերով գոնե մի փոքր կթեթեւանանք, նկարահանել դրամա եւ լավատեսական ավարտ տալ դա ցանկալի է»:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատմեց իր «Ընդհատված մանկություն» ֆիլմի մասին: Ֆիլմը ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1992-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքից. 4 ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին՝ փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվոր դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն. «Ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առջեւով, ես դատապարտում եմ պատերազմը: Ֆիլմը իրական պատմություն է, իսկ գլխավոր հերոսների ընտրությունը կատարվել է շատ բծախնդրորեն»:

Դերասան Արշալույս Հարությունյանը պատմեց Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմի մասին: Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, եւ մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մի ակնթարթում հայտնվում են անդունդում. «Ֆիլմը հուզիչ եւ էմոցիոնալ պատմություն է, նկարահանվել է 3 օրում: Նկարահանումների ընթացքում մենք զգացել ենք տարվա բոլոր եղանակների ազդեցությունը՝ ցուրտ, քամի, անձրեւ, արեւ, փոթորիկ, կարկուտ: Կարծում եմ երկինքն էլ իր ազդեցությունն է ունեցել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031