Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովացի տիկնոջ ադրբեջանցի երկրպագուն

Հուլիս 11,2013 14:29

ՍԾՏՀ խորհրդաժողովում ադրբեջանցիները կրկին հիշել են «20 տոկոս «օկուպացված» տարածքները»

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ասադ Հաջիեւը երեկ Սոֆիայում  հայտարարել է, թե մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանում բարձրաձայն արտահայտած իր տեսակետի համար հալածանքների է արժանացել, եւ իբր նրա կյանքին վտանգ է սպառնում: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ այս օրերին Սոֆիայում տեղի է ունենում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանը: Համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանյան պատվիրակությունը, որը ղեկավարում է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում են՝ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: Համաժողովում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները պետք է ներկայացնեին «Տուրիզմը իբրեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման կարեւոր հանգամանք» թեմայով ելույթներ՝ մատնանշելով այդ բնագավառում իրենց երկրների առաջնահերթություններն ու կատարած քայլերը: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ասադ Հաջիեւը, ով ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանից հետո, նկարագրելով իր երկրի խնդիրները՝ ասել է, որ Ադրբեջանը կարող էր տուրիզմի բնագավառում ավելի շատ հաջողություններ ունենալ, եթե իրենց տարածքի «20 տոկոսն օկուպացված չլիներ» Հայաստանի կողմից: Նա վկայակոչել է նաեւ մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի՝ ՀՀ ԱԺ-ում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ արած հայտարարությունը, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Մոլդովացի տիկինը նաեւ ասել էր՝ իբր թե Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Ադրբեջանցու կարծիքով՝ նաեւ այն պատճառով, որ նման տեսակետ արտահայտած մարդը Հայաստանում իբր հալածանքների է ենթարկվել, ու նրա կյանքին իբր վտանգ է սպառնում, Հայաստանը չի կարող հավակնել տուրիզմի համար բարենպաստ կարգավիճակ ունեցող երկիր լինելուն: Նկատենք, որ ցայսօր իրեն անաչառ համարող մոլդովացի տիկինն ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների հարցազրույցներ է  տալիս եւ պատմում նորանոր, իրար հակասող պատմություններ այն մասին, թե իբր իր զեկույցից հետո ինչպես են հայերը հյուրանոցում եւ սոցցանցերում իրեն սկսել ահաբեկել:

Հակադարձելով ադրբեջանցի գործընկերոջ հայտարարություններին՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն ասել է. «Ադրբեջանական պատվիրակությունը հերթական անգամ փորձում է առանց թույլտվության օգտագործել միջազգային հարթակը՝ ղարաբաղյան կոնֆլիկտի էության մասին ստահոդ տեղեկություններ տարածելու համար: Մինչդեռ իրականությունն այն է, որ ադրբեջանական տարածքների որեւէ «օկուպացիա» չկա: Ճշմարտությունն այն է, որ անցյալ դարավերջին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համաձայն այն ժամանակ գործող միջազգային նորմերի, հռչակել է իր անկախությունը՝ այդ անկախության համար քվեարկելով նաեւ համաժողովրդական հանրաքվեում: Մինչդեռ Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի օրինական քայլերին պատասխանեց ագրեսիայով՝ օգտագործելով եւ ներգրավելով նաեւ ծանր ռազմական հրետանի, միջազգային  տեռորիստների, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի» գրոհայիններին: Ադրբեջանական ագրեսիան այդ երկրի համար ավարտվեց խայտառակ պարտությամբ՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել ազատությունն ու անկախությունը, իսկ Ղարաբաղը պաշտպանում էր իր անկախությունն ու արժանապատվությունը»:

Այնուհետեւ ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին իր ելույթում անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ ադրբեջանցի պատվիրակի ելույթում անթույլատրելի, անտեղի եւ ստահոդ հայտարարություններ եղան, մասնավորաբար, որ այդ տիկնոջ նկատմամբ Երեւանում հալածանքներ են եղել, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում: «Այդ հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, իսկ մոլդովացի փաստաբանի հայտարարությունները Երեւանում՝ Սահմանադրական դատարանի կազմակերպած քննարկման ժամանակ, կարելի է գնահատել իբրեւ պատվիրված եւ պրովոկացիոն: Ամբողջ աշխարհը գիտե, որ Հայաստանը բաց երկիր է, եւ ի տարբերություն մեր արեւելյան հարեւանի՝ որեւիցե երկրի քաղաքացու կյանքը Հայաստանում չի կարող թեկուզ փոքր-ինչ վտանգի ենթարկված լինել»,- ասել է Միքայել Մելքումյանը՝ հիշեցնելով, որ փաստաբան տիկնոջ ելույթից անմիջապես հետո՝ նույն քննարկման ժամանակ, նույն հարթակից, Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամն իր անհամաձայնությունն է հայտնել իր համերկրացի տիկնոջ արտահայտած տեսակետների հետ: Մելքումյանը նկատել է, որ «20 տոկոս «օկուպացված» տարածքների» մասին հայտարարությունները եւ սկանդալային տիկնոջ չհաջողած «թակարդային իրավիճակը» չեն նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում: ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նկատել է, որ պետությունը, որի պառլամենտի անդամը հրապարակային եւ հավակնոտ հայտարարություններ է անում իր երկրի զբոսաշրջային կարգավիճակների մասին, միաժամանակ մեծարանքներով է դիմավորում եւ հերոս է հռչակում ոմն մարդասպան Սաֆարովին:

Գագիկ Մինասյանը նաեւ հավելեց, որ համաժողովին մասնակից այլ պատվիրակությունների ներկայացուցիչները դրական են արձագանքել հայերի ելույթներին, ինչը չի եղել ադրբեջանցիների ելույթներից հետո:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031