Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Մեկ էլ տեսար ունեցանք` «Տարոն ջան սիրուն չի-2» (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 13:06

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կոչ է անում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարը շարունակել այնքան ժամանակ մինչեւ որ, նրա խոսքերով` «մի օր էլ, մեկ էլ տեսար ունեցանք` «Տարոն ջան սիրուն չի-2» հաղթանակը: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Հարություն Մեսրոբյանն ու «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը եւ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեցին հասարակության շրջանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացրած տրանսպորտի ուղեվարձի թանկացման թեմայով:  

Լուսինե Յագուբյանի խոսքերով, հասարակական տրանսպորտում «մարդիկ դեռ երթեւեկում են իրար գիրկ նստած, կանգնած, կանգառներում տրանսպորտը կայանում է մի քանի շարքով: Ժամը 8-ից հետո մի շարք երթուղագծերում տրանսպորտը բացակայում է, սակայն այս ամենն անտեսելով ուղեվարձը կրկնակի կամ հիսուն տոկոսի չափով բարձրացրին»:

Տիկին Յագուբյանը հաշվարկել է ու պարզել, որ նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելով քաղաքացին ոչ մի բանով չի շահում. «Եթե միայն աշխատանքի գնան ու գան միայն մեկ երթուղային փոխելով 6 հազար դրամ ճանապարհածախսն է, բայց այդ մարդիկ հանդիպումներ ունեն եւ այլն: Ամենահամեստ հաշվարկներով՝ 9 հազար դրամ տրանսպորտին պիտի տան»:

Հարություն Մեսրոբյանի խոսքերով. «Այն ինչ կատարվում է Հայաստանի գնային դաշտում`ուղղակի տնտեսական ավազակություն է: Հայաստանը, պետությունն իր քաղաքացիների համար դարձել է աղետ, ցունամի, չգիտես վաղն արթնանաս՝ գլխիդ էլ ինչ կբերի»: Փորձագետի մտահոգությունները` տեսանյութում

Կարեն Չիլինգարյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանը պետք է ներկրի, ոչ թե «ծախսատար ու թանկարժեք ավտոբուսներ» այլ ասենք` տաս տարվա հնության, բայց էժան ու որակյալ ավտոբուսներ, որոնց վառելիքի ծախսն այդքան թանկ չի նստի:

Սպառողների պաշտպանը գտնում է, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարը միայն ուսանողներով չպիտի տարվի, այլ նրանց միանան այլ քաղաքացիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք, ըստ Կ. Չիլինգարյանի, վերջին շրջանում պասիվ են: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Հարություն Մեսրոբյանի համոզմամբ. «Գործող համակարգից պետք չէ սպասել արդյունավետ որոշումներ: Դա մտքներիցդ հանեք»: Նրա կարծիքով, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ եւ մարդկանց մեջ արթնացնել պայքարելու ոգին. «Թող 1 տոկոսն արթնանա, հետո այն 1 տոկոսը կարթնացնի մյուս 1 տոկոսին: Մեր հասարակությունը հիվանդ է եւ նա չի կարող միանգամից բուժվել: Ամեն ինչ կախված է ուսանողների համառությունից: Մաշտոցի պուրակում ժամկետ դրված չէր ասացին պետք է պայքարեն մինչեւ հաղթանակ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031