Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Դա ինձ համար հաղթանակ չէր, եթե լռեին՝ ավելի վատ էր լինելու»

Հուլիս 26,2013 17:58

«Դա ինձ համար հաղթանակ չէր: Դա պահանջներից մեկի կատարում էր ընդամենը, ոչ թե հաղթանակ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներից մեկը՝ Արսեն Օհանյանն այսպես մեկնաբանեց ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետարանի որոշման կասեցումը:

Նրա խոսքերով՝ «Դա ոմանց համար հաղթանակ էր, բայց ոչ ինձ համար: Մեր բուն պահանջներն այսօր ներկայացվել են քաղաքապետարան: Այդ բուն պահանջների համար էլ այսօր մոտ 60-70 հոգի անժամկետ նստացույց է անում քաղաքապետարանի դիմաց»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է բանը հասնի հացադուլի՝ Արսենը պատասխանեց, որ առայժմ հացադուլի մասին ոչ մի խոսք չկա, ընդամենը նստացույց է:

Հիշեցնենք, որ երիտասարդները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, «Երեվանտրանսի» պետի հրաժարականները, պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատու մարդկանց, այդ թվում նաեւ՝ Տարոն Մարգարյանին:

Արսենը չի ընդունում, որ ակցիայի երեկվա ավարտը հաղթանակ են ասում. «Սա հաղթանակ չի, սա արդար պահանջի իրականացում է: Սա պատերազմ չի, որ հաղթանակ լինի: Սա քաղաքացիների արդար պահանջն էր, կատարեցին»:

Մեր հարցին՝ եթե գազի, էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված էլ երիտասարդներն այսպես ոտքի կանգնեն, կհաջողվի՞ ինչ-որ բան փոխել՝ Արսեն Օհանյանը պատասխանեց. «Գազը, էլեկտրաէներգիան շատ ավելի լուրջ խնդիրներ են եւ դրանց համար շատ ավելի կայացած քաղաքացիական հասարակություն է պետք, որն այս պահին մենք ցավոք չունենք: Վստահ եմ, միայն այս պահին չունենք, ապագայում հասնելու ենք դրան, որ գազի գինն էլ, էլեկտրաէներգիայի գինն էլ ազգովի կարողանալու ենք իջեցնել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ըստ Ձեզ իշխանությունները 5 օր հետո տեղի տվեցին: Ակտիվիստը պատասխանեց. «Երբ արդեն Ազատության հրապարակում մոտ 8000 երիտասարդ քաղաքացիներ են հավաքվում, դա ռեժիմի համար շատ լուրջ վտանգ է: Եթե իրենք մի քիչ էլ շարունակեին այսպես ասած լռություն պահպանել եւ ոչինչ չձեռնարկել, հաստատ իրենց համար գնալով ավելի վատ էր լինելու եւ գնալով մեր պահանջները ավելի խորքային էին լինելու: Հետևաբար` նրանք դա հասկացան, տեսան եւ այս պահին նրանք զիջեցին: Թեեւ դա ոչինչ չի փոխում, մեր պայքարը շարունակվում է»:

Տարբեր վարկածներ են շրջանառվում, որ 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող քաղաքացիների մեջ իշխանության ներսից մարդիկ կային, ինչը նշանակում է, որ իշխանությունը պրոբլեմներ ունի, ներսից իրար դեմ են դուրս եկել: Արսեն Օհանյանի մեկնաբանությամբ՝«Այն, որ շարժման մեջ կային ուղարկված մարդիկ, դա՝ միանշանակ, բայց իրենք ոչ թե վերահսկում էին, ոչ ոք չէր կարող դա վերահսկել: Ազնիվ քաղաքացիական շարժումը, նախաձեռնությունը չի վերահսկվում: Բայց կային մարդիկ, որոնց անձամբ ես դեմքով էլ կարող եմ ասել, որ ուղարկված էին թե ԱԱԾ-ի կողմից, թե ոստիկանության, թե ում կողմից՝ չգիտեմ, բայց հետեւում էին մեզ թե՛ Մաշտոցի պուրակում, թե՛ կանգառներում, թե՛ երթերի ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031