Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եկեղեցու «կոմպլեքսներն» ու Նավասարդի տոնը (Տեսանյութ)

Օգոստոս 09,2013 15:03

Այս տարի Նավասարդ թոնրատոնի փառատոնը կմեկնարկի օգոստոսի 10-ին, երբ տեղի կունենա ուխտագնացություն դեպի Արագած: Այնուհետև տեղի կունենա հանդիսավոր պսակադրություն Հայկ նահապետի հուշարձանի մոտ, օգոստոսի 11-ին էլ տեղի կունենա հայկական պատմական խորհրդանիշների և դրոշների շքերթ Չարենցի կամարից, հետո՝ Նավասարդյան տոնախմբություն Գառնու տաճարում: Փառատոնը կազմակերպվում է «Սերունդ Հայապահպան» միավորման, «Հայ խոհարարական հասարակական կազմակերպության» և «Արորդիների Ուխտի» հետ համագործակցությամբ:

Արորդիների Ուխտ քուրմ Գեղամ Բեկյանը նշեց, որ որոշ ուժեր խոչընդոտել են, որ օգոստոսի 11-ը պետականորեն հռչակվի որպես Նավասարդի տոն ու նշեց. « Հույս ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում կընդունվի այդ տոնը»:

Aravot.am-ի հարցին՝ ո՞ր ուժերի կողմից է խոչընդոտվել, պատմաբան Արտակ Մովսիսյանը պատասխանեց. «2008-ին դիմեցինք խորհրդարանին, որ օգոստոսի 11-ը հռչակվի որպես Հայոց ազգային ինքնության տոն: Զարմանալիորեն առաջին ընթերցմամբ այդ որոշումն անցավ առանց «դեմ»-ի, որից հետո մեզ համար բավական անհասկանալի եկեղեցին սկսեց դիմադրել: Կաթողիկոսն ասաց, որ դեմ է, քանի որ օգոստոսը արձակուրդային ամիս է և համազգային տոնակատարություն անել անհնար է: Եկեղեցին ուղղակի պառլամենտի վրա ազդելով՝ այդ օրինագիծը ձախողեց»:

Մեր այն դիտարկմանը, թե խորհրդարանը նոր տոն հռչակելու առաջարկությունը մերժում է, բայց օրեցօր ավելանում են սգո օրերը՝ հատկապես մեռելոցները, Ա. Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Դա դեռ ոչինչ, բայց երբ առաջարկում են, ասենք, ընտանիքի տոն, մասնագիտությունների տոն և այլն, դա անիմաստ եմ համարում: Թող լինեն, բայց նաև հարգվի համազգային և ազգային ինքնության տոնի գաղափարը»:

Երգիչ Արսեն Համբարյանը հույս հայտնեց. «Երազում եմ այն օրը, որ մի օր այնքան հնարավորություն կունենանք, որ նախօրոք գրված մեր գործերը կկարողանանք բեմականացնել ու ֆիլմեր նկարել: Բայց մեր երկրում ամեն ինչ մի քիչ այլ կերպ է կատարվում: Հուսով եմ, որ այս ավանդություն դառնող գործողությունները կբերեն նրան, որ ազգայինն ավելի կգնահատվի»:

Գ. Բեկյանն էլ զուգահեռներ անցկացնելով հունական եկեղեցու հետ՝ նկատեց, թե «հայ եկեղեցին կոմպլեքսներ ունի և եկեղեցու արժեհամակարգին խորթ է հայոց արժեհամակարգը»:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան ճաշակել ծիսական ուտեստներ ու մանրամասնեց. « Հրապարակում տարեհաց է բաժանվելու: Սպասվում են ծիսական ուտեստներ. օրինակ՝ քաշիկա, սա հարիսային չհարված տարբերակն է: Դրա խորհուրդն այն է, որ գալիք տարին խառնակ չլինի, ասիլ-բասիլներ էլ են լինելու՝ տիկնիկներ խմորի տեսքով, գաթաներ և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031