Իրաքում եզդիների դեմ կատարվող բռնությունները կանգնեցնելու պահանջով, այսօր Մաշտոցի պուրակում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել:
Հայաստանում ապրող եզդիներն իրենց բողոքը հայտնում էին ցուցահանդեսի միջոցով, որին ներկայացված էին նրանց նկատմամբ 2007-ին կատարված ցեղասպանությունից լուսանկարներ, որտեղ բռնության տեսարաններ էին: Բողոքի ակցիան կազմակերպվում է 2007 թվականից ի վեր՝ ամեն տարվա օգոստոսի 14-ին:
Aravot.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության անդամներից մեկը պատմեց, որ բռնությունները Իրաքում հիմնականում կատարվում են էթնիկ եւ կրոնական պատճառներով. «Այն վայրը, որտեղ եզդիները բնակվում են, առատ է նավթի հանքերով: Իրաքի նավթի պաշարների մոտ 50%-ը տեղակայված է հենց եզդիների բնակության վայրերին մոտ: Իրաքցիները, ցանկանալով այդ տարածքներում կառուցել նավթահորեր եւ ստանալով եզդիների բացասական պատասխանը, կազմակերպում են բռնություններ՝ ստիպելով եզդիներին լքել տարածքը»:
Կազմակերպության անդամ Խանե Մահմուդյանն ասում է, որ 2007 թ օգոստոսի 14-ին Իրաքում կատարված ցեղասպանության արդյունքում 4 գյուղ գրեթե ոչնչացվել է, 2 գյուղ էլ` հիմնովին ավերվել, ինչի արդյունքում 1000 մարդ զոհվել է: Իրաքում վերջին տվյալներով ապրում է մոտ 1,5 միլիոնից 2 միլիոն եզդի:
Կարդացեք նաև
Ակցիան ամեն տարի կազմակերպվում է այն ակնկալիքով, որպեսզի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ մյուս քաղաքակիրթ երկրները ինչ-որ չափով օժանդակեն ու լուծում տան այս հարցին:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ