Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահին

Օգոստոս 27,2013 19:18

Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Դեսպան Վարդանյանը ՎՍՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի ժողովրդի անունից Նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար։

Միաժամանակ, նա նշեց, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս հայտնեց, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում։

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031