Լրահոս
Օրվա լրահոսը

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «տեխնիկապես հնարավոր է»

Սեպտեմբեր 05,2013 21:57

Azatutyun.am. Արդեն երրորդ օրն է՝ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո, Երևանում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե արդյոք հնարավոր է միաժամանակ միանալ և՛ Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանը, և Եվրամիության առաջարկած Ասոցացման համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն։

Պաշտոնական Երևանը պնդում է, թե ըստ էության, հրաժարվում է միայն Եվրոպայի առաջարկած ազատ առևտրի գոտուց, սակայն օրակարգում է պահում Ասոցացման համաձայնագիրն ու Բրյուսելի հետ քաղաքական երկխոսությունը: Իսկ ի՞նչ տեսք ու հետևանք կունենա այս ընտրությունը իրական կյանքում. «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը փորձել է պաշտոնյաներից ու փորձագետներից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք նման գործարք Հայաստանի և Եվրամիության միջև, և ի՞նչ կշահի կամ կկորցնի հայ ժողովուրդը դրա արդյունքում:

«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստում է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:

«Թեպետ և ազատ առևտրի շուրջ պայմանագիրը Ասոցացման համաձայնագրի առանձին մաս է, այդուամենայնիվ, դրա՝ առևտրի ոլորտին վերաբերող դրույթները տարածվում են ողջ փաստաթղթի վրա: Սա գործնականում նշանակում է, որ ազատ առևտրի մասը հանելու դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել Ասոցացման համաձայնագրի՝ մոտ 1000 էջ կազմող տեքստն ու դուրս թողնել առևտրին վերաբերող բոլոր դրույթները»,- ասում է Յոզվյակը:

Իսկ ի՞նչ կունենա Հայաստանը այս երկու փաստաթղթերը տարանջատելու դեպքում՝ հարցին «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող փորձագետը պատասխանում է.- «Արդյունքում կմնա շատ լղոզված մի տեքստ, որը շատ առումներով ավելի սիմվոլիկ, քան գործնական նշանակություն կունենա: Երկկողմ առևտրի վերաբերող մասը համաձայնագրի անկյունաքարն էր, որը հնարավորություն էր տալիս հայաստանյան ապրանքներին ազատորեն մտնել եվրոպական կես միլիարդ սպառողներ ունեցող շուկա, բացի այդ, համաձայնությունը երաշխավորում էր, որ Հայաստանում արտադրված ապրանքներն այդուհետ պետք է համապատասխանեցվեին եվրոպակական խիստ չափանիշներին ու նորմերին: Եթե այս ամենը դուրս է մնում բանակցություններից, ապա սեղանին մնում է շատ ավելի անորոշ բնույթի մի քաղաքական փաստաթուղթ»։

Ընդ որում, վերջինիս խոսքով, Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը ոչ միայն կկորցնի ԵՄ-ի հետ տնտեսական կապերը սերտացնելու հնարավորությունը, այլև կթուլացնի հետագա քաղաքական համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

«Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է չորս գլուխներից, վերջինը վերաբերում է հայաստանյան և եվրոպական օրենքների համապատասխանեցմանը: Ակնհայտ է, որ միանալով Մաքսային միությանը, Հայաստանը ստիպված կլինի համապատասխանել քաղաքական ա՛յդ ակումբի կանոններին ու չափանիշներին, որոնք կարող են էականորեն տարբերվել ԵՄ-ի դրույթներից: Հայաստանը, ըստ էության, կարող է համագործակցել Բրյուսելի հետ արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն, կշարունակի կախված մնալ Մոսկվայից անվտանգության ոլորտում, և որ ամենակարևորն է՝ բանակցություններից մեխանիկորեն դուրս կմնա այնքան ցանկալի դրույթը, որը խոստանում էր Հայաստանի քաղաքացիներին ապագայում, ինչ-որ պահի, հնարավորություն տալ Եվրամիություն մտնել առանց վիզային ռեժիմի»:

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նաև փաստում է, որ Եվրամիությունը մինչ օրս Ասոցացման համաձայնագրեր է կնքել մոտ երկու տասնյակ պետությունների հետ, չորս տարուց ավելի է՝ այս հարցով բանակցում է նաև նախկին Խորհրդային Միության երկրների հետ: Ողջ այդ ընթացքում, սակայն, երբևէ չի եղել որևէ դեպք, երբ ԵՄ-ի հետ բանակցող երկիրը փաստաթղթի նախաստորագրումից առաջ 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումը:

Ի՞նչ արձագանք կարող ենք ակնկալել Բրյուսելից. Յոզվյակը ասում է՝ չի բացառվում, որ ԵՄ-ն, այդուամենայնիվ, ընդունի այս տարբերակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրյուսելից առայժմ զգուշավոր հայտարարություններ են հնչում Հայաստանի որոշումը հրապարակավ քննադատելու փոխարեն: Հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն առայժմ փորձում է հասկանալ՝ ի՞նչ է մտադիր անել պաշտոնական Երևանը, և ակնկալվում է, որ այս հարցը կքննարկի Հայաստանի արտգործնախարարի հետ, ով այսօր ժամանել է Բրյուսել:

 

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30