Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանության անսպասելի որոշումն ու ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ձևաչափի ուրվագծումը

Սեպտեմբեր 09,2013 14:20 Share

«Կամ իշխանությունները վերջին պահին ինքնաթիռում են կայացրել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, կամ որոշումը եղել է, պարզապես թաքցրել են հասարակությունից, կամ իշխանությունից սահմանափակ թվով մարդիկ են տեղյակ եղել այդ որոշման մասին, այն էլ նույնիսկ ՀՀԿ փոխնախագահը չի եղել նրանց շարքում: Սրանցից յուրաքանչյուրն էլ չի բխում ՀՀ հասարակության շահերից»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հայտարարությունն արել է՝ քաջ գիտակցելով, որ Մաքսային միություն մտնելը բացառում է խորը և համապարփակ առևտրի գոտի մտնելը: Պարոն Վարդանյանն ընդգծեց, որ բազմիցս այդ մասին նշել են նաև եվրոպական չինովնիկները:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում հանուն ինչի՞ ՀՀ իշխանությունները գնացին այդ քայլին, հաճախ է քննարկվում այն հարցը, որ առաջին պատճառը իշխանություն պահելն է: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Բնականաբար իշխանություն պահելու խնդիր այստեղ կա, եթե նման իրավիճակում ենթարկվում ես ճնշման: Հաշվի առնելով վերջին շրջանում ռուս փորձագետների մեսիջները, նույնիսկ այնպիսի շեշտադրումներ էին արվում, որոնք վիրավորական էին համարվում, կամ այն, որ վերջին շրջանում խնդիրներ կային Մոլդովայի, Ուկրաինայի հետ կապված, նաև հաշվի առնելով  ՀՀ իշխանությունների կողմից կատարված հայտարարությունները, մենք կարող ենք այս ամենը վերլուծելով ասել, որ ՌԴ-ի կողմից եղել է ճնշում»: Էդգար Վարդանյանի համար ճնշման մասին ցուցիչ է նաև այն, որ ՌԴ-ն ակնարկել է անվտանգության խնդիրների մասին:

Մինչդեռ վերլուծաբանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո մենք զրկվելու ենք ինքնուրույն մաքսային քաղաքականություն իրականացնելուց, քանի որ մաքսային միության մարմինն է որոշում կայացնողը և բնականաբար դա անհամատեղելիություն է առաջացնում:

Մեր այն դիտարկմանը, ՀՀ իշխանությունները, նախագահը իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու առանց հասարակական քննարկման, պարոն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Իշխանությունները հաշվետու չեն եղել ժողովրդին, իշխանությունները թափանցիկ չեն գործել, իշխանությունները եվրոպական գործընկերների համար այս պահի դրությամբ դարձել են ոչ վստահելի գործընկերներ: Իշխանությունները քարոզել են մի բան և այդ քարոզչությանը հակառակ որոշում են կայացրել»:

Մեր հստակեցմանը, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ ՀՀ-ն ստորագրի նաև Ասոցացման համաձայնագիրը, վերլուծաբանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը այդ մասով չի ստորագրվի, այսօր տեսնում եմ միտում, որ կողմերը ինչ-որ կերպ փորձում են դուրս գալ ստեղծված իրավիճակից, ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ձևաչափ են փորձում գտնել: Փորձում են տեսնել, թե հնարավո՞ր է Ասոցացման համաձայնագիրը այլ մասով ստորագրեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր էլ այսպես անսպասելի որոշում կայացվի Ղարաբաղի հարցով, Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն պետք չէ նման բան բացառել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30