Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՂՈՒՄՆԵՐ ԹԵՄԱՅԻՑ

Հոկտեմբեր 11,2013 10:03

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսաներեքերորդ

ՇԵՂՈՒՄՆԵՐ ԹԵՄԱՅԻՑ

Եվ Հայկունին հանդիմանանքով Արիկին ասաց՝ «հերիք չի՞ թեմայից շեղես», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա շեղում», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «պարոն Մալխասյան Արիկը»,  եւ Արիկը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «պարոն Մալխասյան Արիկը ո՞ր թեմայից ա շեղում», եւ Հայկունին նեղսրտելով Արիկին հարցրեց՝ «չես պատմելո՞ւ՝ ինչի են Անանիային աշխատանքից ազատել», եւ Արիկը  փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «բայց Անանիային աշխատանքի չէին էլ ընդունել. ընդունման հրամանը հեչ չէին էլ տվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդամենը հինգ օր ա աշխատանքի գնացել. վեցերորդ օրը շեֆն Անանիային կանչել ու բարի ճանապարհ ա մաղթել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «կարող ա՞ վատ ես աշխատել, դրա համար են ազատել»,  եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Անանիան ո՞նց կարող ա վատ աշխատեր» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ընդհակառակը. լավ աշխատելու համար են աշխատանքից ազատել», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «լավ աշխատելու համար ո՞նց կարող ա աշխատանքից ազատեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «թող Արիկը պատմի. ինքը լավ ա պատմում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ ծնկաչոք խնդրեմ աղաչեմ, որ պատմի», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախր պատմելու բան  չկա. ինչ որ պատմելու էի, Ջավախյանը պատմեց», եւ Հայկունին զարմացած ու նեղսրտած հարցրեց՝ «Ջավախյանն ի՞նչ պատմեց», եւ Բարդուղն ասաց՝ «Ջավախյանի պատմածից ոչ մեկս ոչ մի բան չհասկացանք», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ոնց որ անկապ գրում ա, ըտենց անկապ էլ պատմում ա», եւ Հայկունին Բարդուղին հարցրեց՝ «էդ պատմությունը դու էլ չգիտե՞ս», եւ Բարդուղը Հայկունուն ասաց՝ «դու որ չգիտես, ե՞ս որտեղից պիտի իմանամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես քեզանից  ուշ-ուշ եմ կաֆե գալիս», եւ Օրթախ Աբոն թարս նայեց Բարդուղին ու ասաց՝ «իբր լավ բան ես անում, գլուխ էլ գովում ես», եւ Բարդուղը ժպտալով  ասաց՝ «գլուխ չեմ գովում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդամենը փաստն եմ արձանագրում», եւ Հայկունին թարս նայեց Արիկին ու հարցրեց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Օրթախ Աբոն թարս նայեց Հայկունուն ու ասաց՝ «համ անհարգելի բացակայում եք, համ էլ ուզում եք ամեն ինչ իմանաք», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «էդ խոսակցությունը դու բացեցիր», եւ Օրթախը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ խոսակցություն եմ բացել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «դո՛ւ ասեցիր, որ Արիկն էդ պատմությունը լավ ա պատմում», եւ Օրթախ Աբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ լավ ա պատմում, ասեմ վատ ա՞ պատմում», եւ Հայկունին թարս նայեց Արիկին ու նեղսրտած հարցրեց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Ջոնը ծիծաղելով ասաց՝ «Ջավախյանն  էդ պատմության հերն ընենց անիծեց, որ էլ հնարավոր չի դզել», եւ Ջավախյանը թարս նայեց Ջոնին ու ասաց՝ «մյուս անգամ որ խաշ դնես, լավ պատմողներին կհրավիրես», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու չպիտի ինձ ասես՝ ում հրավիրեմ կամ ում չհրավիրեմ», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «որ մյուս անգամ Ջոնը խաշ դնի, էս անգամ արդեն հաստատ Գինեսի ռեկորդակիր Անանիա Մաղաքյանին կհրավիրի» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «պերսոնալնի», եւ Հայկունին թարս նայեց Արիկին ու հարցրեց՝ «հիմի չես պատմելո՞ւ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ախր պատմելու բան չկա», եւ Ջոնը ժպտալով ասաց՝ «լավ էլ կա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «չի պատմում՝ հեչ էլ պատմի», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «որ շատ ես ուզում՝ կպատմեմ», եւ Հայկունին նեղսրտած ասաց՝ «հեչ էլ պատմես», եւ Արիկը ժպտալով սկսեց՝ «ուրեմն, էս վերջին անգամ որ Անանիան էլի քաղծառայողի քննությունը գերազանց ա հանձնում, սրանց շեֆերը ենթականերին հանձնարարում են, որ էս անգամ Անանիային անպայման մի տեղ աշխատանքի տեղավորեն», եւ Հայկունին ժպտալով Արիկին հարցրեց՝ «տեղավորո՞ւմ են», եւ Արիկը թարս նայեց Հայկունուն ու ասաց՝ «համ ասում ես պատմի, համ էլ խանգարում ես», եւ Հայկունին մեղավոր ժպտալով Արիկին ասաց՝  «չեմ խանգարում», եւ Աբոն Հայկունուն ասաց՝  «խանգարելը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ Հայկունին մեղավոր ժպտալով Արիկին ասաց՝ «պատմի», եւ Արիկը ժպտալով շարունակեց՝ «էս անգամ ստիպված Անանիային աշխատանքի են ընդունում», եւ Հայկունին հարցրեց՝ «որտե՞ղ են աշխատանքի ընդունում», եւ Անանիան Արիկին կանխելով՝ Հայկունուն ասաց՝ «էդ արդեն հեչ կարեւոր չի», եւ Հայկունին Անանիային ասաց՝ «որ կարեւոր չի, թող չասի», եւ Արիկը Հայկունուն ասաց՝ «չգիտեմ էլ, որ ասեմ կամ չասեմ», եւ Հայկունին Անանիային հարցրեց՝ «ի՞նչ աշխատանք էր», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «ավագ մասնագետ», եւ Հայկունին Անանիային ասաց՝՝ «իսկական քո գործն ա. շատ լավ կաշխատեիր», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «ոչ թե կաշխատեի, այլ աշխատեցի», եւ Հայկունին զարմացած Անանիային ասաց՝ «բա ասում ես՝ ընդամենը հինգ օր ես գործի գնացել», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «բայց էդ հինգ օրում իրան լրիվ դրսեւորել ա», եւ Արիկը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «թե խանգարելու եք՝ չպատմեմ», եւ Հայկունին ասաց՝ «մի խանգարեք. թողեք պատմի», եւ Աբոն Հայկունուն ասաց՝ «ամենից շատ դու ես խանգարում», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ խանգարել», եւ Աբոն Հայկունուն ասաց՝ «ինչ Արիկն սկսել ա պատմել, մի գլուխ խանգարում ես», եւ Արիկը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «շարունակե՞մ», եւ Ջավախյանն Արիկին ասաց՝ «շարունակի, բայց կարճ կապի. շատ ես ծամծմում», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ում համար հետաքրքիր չի՝ կարա գնա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր գնամ», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «ուր ուզում ես», եւ Աբոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «Հայկունն ու դու կարաք գնաք», եւ Ջավախյանը ժպտալով Աբոյին հարցրեց՝ «ո՞ւր գնանք», եւ Աբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ուր ուզում եք», եւ Հայկունին ժպտալով Արիկին ասաց՝ «շարունակի, Արիկ ջան», եւ Արիկը ժպտալով շարունակեց՝ «էդ հինգ օրը մեր ախպեր Անանիան ընենց ա աշխատում, որ սաղ շշմած են մնում», եւ Ջավախյանն Արիկին ասաց՝ «ասա, որ Անանիան ֆիզարձակուրդ գնացածի ա փոխարինել», եւ Արիկը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «որ չխանգարես, կասեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «արդեն պիտի ասած ըլնեիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ շատ կարեւոր դետալ ա», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դետալներդ քեզ պահի, տղա ջան», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին ասաց՝ «էդ ֆիզարձակուրդի մոմենտը որ չես շեշտում, էդ սաղ պատմությունն անիմաստ ա դառնում», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «ֆիզարձակուրդի մոմենտը մի քիչ առաջ շեշտեցինք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «ոչինչ, մի անգամ էլ շեշտի», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «էդ թեմայով որ էսսե գրես, էդ ֆիզարձակուրդի մոմենտն անպայման կշեշտես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Արիկին հարցրեց՝ «էդ ի՞նչ ֆիզարձակուրդ ա ասում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «էդ հինգ օրն Անանիան ֆիզարձակուրդ գնացածի ա փոխարինել», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հինգ օր», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ հինգ օր հետո էդ կնիկը ֆիզարձակուրդից վերադարձել ա», եւ Անանիան ասաց՝ «կնիկ չէր. ջահել աղջիկ էր», եւ Արիկը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «էդ ջահել աղջիկն ընդամենը հինգ օր ա արձակուրդի մեջ մնացել», եւ Հայկունին փռթկացնելով հարցրեց՝ «հինգ օրում ծննդաբերել ա՞», եւ Արիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, էդ աղջիկն էլ կարա Գինեսի գիրք մտնի», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ աղջիկն ավելի հեշտ կարա Գինեսի գիրք մտնի, քան՝ ես», եւ Հայկունին նեղսրտելով Արիկին ասաց՝ «մարդավարի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Արիկը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «ի՞նչը մարդավարի չեմ պատմում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031