Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Լեւոն Զուրաբյանին`«այ տղա ջան»-ով դիմեց

Նոյեմբեր 11,2013 18:14 Share

«Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը, որովհետև Իշխան Զաքարյանը ստեղծված կառույցի ղեկավարն էր և կարճ ժամանակահատվածում այդ կառույցն ամրացրեց: Ինչո՞ւ նախագահը քննադատեց և հետո առաջադրեց. աշխատանքային պրոցես է»,- այսօր այս հարցուպատասխանով խորհրդարանի ամբիոնից ներկայացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու մասին խմբակցության տեսակետը ներկայացնելիս:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ պիտի ուրախանանք, որ քննադատություն կա, վերլուծություն կա, որ արդյունքների գնահատական կա. «Ինչքան խորացված, լուրջ աշխատանք, այնքան բացթողումներ կարող են լինել»:
«Հիմա անցնենք իշխան Զաքարյանի ունեցվածքին»,- իր մենախոսությունը շարունակեց Գալուստ Սահակյանն ու անցնելով Զաքարյանի ունեցվածքին`«տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանին, ով Զաքարյանի ունեցվածքով ամենաշատը հետաքրքրվող պատգամավորն է. «Ես չգիտեմ այստեղ գրպանահատներ ենք մենք, ի՞նչ ենք, անընդհատ նույն միտքն արծարծվում է: Էսպես որ նայելու լինենք, սկսենք բոլորիցս: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե տեսնենք աշխատանքային կենսագրությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի գար, տարվա մեջ էլ մի հագուստ հագներ, որ լվանալու կարիք էլ չլիներ: Մարդ ամեն անգամ ասում է՝ այ ընկեր, ես իմ ունեցվածքը հավատարմագրել եմ, հաստատագրել եմ, ես էնտեղ մաքուր եմ, ես էնտեղ որևէ խնդիր չունեմ անելու: Հետո գալիս հասնում են նրան, որ Իշխան Զաքարյանը բացահայտումներ արեց: Էդքան աղաղակում ու ասում եք՝ դատախազությունն էսպես, ինչ արեց, մի հատ գրություն գրեիք դատախազությանը որևէ դեպքի համար, նյութերը հավաքեիք, ինչի եք ամեն ինչը բարդում Իշխան Զաքարյանի վրա և փորձում դրանով ինչ-որ ձևով արդարացնել ձեր անգործությունը: Ես չեմ կիսում էն մտահոգությունը, որ նորից Վերահսկիչ պալատը պիտի բացահայտումներ կատարի և վախենա մեզանից կամ մի քաղաքական ուժից ու բացահայտումները չանի: Հիմա զարմացել եք դուք ձեր վրա, որ հանկարծ նոր մոտեցումներով ձևավորված կառույց է, որը կարողանում է և ճնշումներին դիմանալ, և պատասխանել: Անդրդվելի է, ասելու է, որևէ մեկը չի ասել, որ չի ասելու: Հետո պարզվում է, որ ընդդիմությունը երկար լեզու է ուզում (այստեղ արդեն Գալուստ Սահակյանը քար նետեց Լեւոն Զուրաբյանի բոստանը-Ն. Գ.): Տանք էդ երկար լեզուն, ավելի երկարացնենք, էնքան, որ էսպես ծավալվելով, գնա գա, ճոճվի, և մեր պետությունն ավելի առաջ գնա: Մարդկանց անուններ է թվարկվում, իբրև թե, տեսեք ես ամեն ինչ գիտեմ, գիտես, այ տղա ջան, փաստեր ունես խոսի, էս պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են: Եվ մի մտածեք, որ էս էն դաշտն է, որը ջուր չունի, դուք էլ անընդհատ գաք ու մտածեք, որ էդ դաշտի ջրվորն եք: Հանգիստ, կոռեկտ, բարեկիրթ: Կան շատ լուրջ քննադատություններ իշխանություններ, կարծում ենք դա դիրքորոշում է, քաղաքական դիրքորոշում է, ոչ ոք նեղանալու խնդիր չունի: Նա իրենն է ասում, դու էլ քոնն ասա: Բայց բերել, այսպես, ցնորամիտ, իռոնիայով խոսակցություններ իբր թե՝ ես ինչ եմ: Մի հատ փորձիր, հլա տես կյանքումդ մի տումբանի սեղանի մոտ նստել էիր, մի անգամ գոնե գյուղապետ որ լինեիր, գայիր ազգային ժողով, էդ քո հերոսացման ճանապարհին կտեսնեիր, որ կառավարումը դա բարդ պրոցես է, պայքար է, իսկ էդ պայքարի իրական մարտիկներն այսօր մենք ենք»:

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:
Այնուհետեւ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատգամավորներին հորդորեց`«ծիտիկները, խաչիկները եւ գծիկները» ճիշտ դնել, որպեսզի հետո հանձնաժողովին չմեղադրել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930