Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ուկրաինայում բողոքեցին, Հայաստանում՝ ոչ

Նոյեմբեր 26,2013 13:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ: Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ առաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն է: Այդ «սպանիչ» փաստարկի կրկնությունը ողջ հետխորհրդային տարածքում թույլ է տալիս եզրակացնելու, որ ձեռագիրն այստեղ նույնն է:

Եվ այսպես. «փոշմանելու» դեմ Հայաստանում հրապարակավ ընդվզել է միայն Շանթ Հարությունյանը՝ իմ կարծիքով, ճիշտ բովանդակությամբ, բայց սխալ մեթոդով: Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպվելիք ցույց եթե կայանա, ապա չեմ կասկածում, որ կմնա օրինականության սահմաններում, բայց ո՞վ է կասկածում, որ այդ հանրահավաքին կմասնակցի լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ: Ինչո՞վ է բացատրվում նման վիճակը: Նախեւառաջ, իհարկե, նրանով, որ մեր բնակչության մեծամասնությունն իսկապես նախընտրում է Ռուսաստանի «էն սհաթը»՝ մասամբ խորհրդային կարոտախտի, մասամբ տեղեկատվության պակասի պատճառով:

Բայց կա նաեւ այլ կարեւոր պատճառ: Ուկրաինայի ընդդիմությունը, որը կազմակերպում է այդ ցույցերը, ղեկավարվում է որոշակի արժեքային համակարգով, եւ հենց դրա համար է ընդվզում այն միության դեմ, որտեղ հավաքվել են Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի երկրները: Մեր քաղաքական ուժերի մեծ մասը (իհարկե, ՀՀԿ-ն այդ թվում) որեւէ արժեքային համակարգով չեն առաջնորդվում, որեւէ գաղափարախոսություն չունեն: Դրանք առաջնորդվում են, այսպես ասած, «պրագմատիկ հաշվարկներով»:

Սակայն այդ հաշվարկները վերաբերում են ոչ թե մեր պետությանը, այլ իրենց՝ կուսակցությունների մարտավարությանը եւ աթոռակռվին: Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը կողմ է Ռուսաստանի եվրասիական նկրտումներին ոչ թե այն պատճառով, որ կիսում է «նեոբյուզանդական» գաղափարախոսությունը, այլ շատ ավելի պարզունակ նկատառումներով՝ նրանք իրենց ապագա իշխանության աղբյուր են համարում բացառապես Կրեմլը:

Այսինքն՝ իշխանության դեմ իրենց քաղաքական պայքարի հաջողությունը նրանք կապում են ոչ թե արժեքների հակադրության, այլ՝ այն հույսի հետ, որ իրենք ինչ-որ ձեւով կհամոզեն Պուտինին, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, եւ ՌԴ նախագահը որոշի իրենց կամ իրենց ներկայացուցչին նշանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն:
Տեսականորեն դա հնարավոր է: Արդյոք դրա հետեւանքով տեղի կունենա՞ն համակարգային փոփոխություններ, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն եւ ավազակապետության կազմաքանդում: Ոչ, պարզապես այն ավազակները, որոնք հիմա իրենց խնդիրներն են կարգավորում «ՀՀԿ» լեյբլի տակ, մի գիշերում կփոխեն իրենց «մակնշումը»: Դա մենք արդեն անցել ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Mariam says:

    Միգուցե նաև այն պատճառով, որ որպես այդպիսին ընդդիմություն մեր երկրում չունենք: Ընտրություններից առաջ և հետո սեփական աթոռակռվի համար ցույցեր են կազմակերպվում և անհետանում մինչ հաջորդ ընտրությունները:
    Բացի այդ, կարծում եմ ուկրաինացիները մեզ նման հուսալքված չեն: Նրանց մոտ մեկ անգամ հաջողվել է հեղափոխությունը, իսկ մեր քաղաքացիները մեծամասամբ մտածում են. է, ի՞նչ պիտի փոխվի որ, ամեն ինչ օր օրի վատանում ա…

    • Արմեն says:

      կեցցե հեղափոխությունը, որն ամենուրեք դառնություն է բերել ու էլի

      տենչանք դեպի հեղափոխությունը:

      • Mariam says:

        Ես անձամբ հեղափոխության կողմնակից չեմ, Ձեր հեգնանքը հասկանում եմ: Պարզապես ուկրաինացիներին դա վստահություն է ներշնչում այն իմաստով, որ հավատաում են, թե իրենց երկրում շարքային քաղաքացին ինչ-որ բան ի զօրու է փոխելու: Իսկ մենք նույնիսկ ընտրություններին մասնակցելն ենք ավելորդ համարում:
        Իսկ հեղափոխությունները երկարաժամկետ առումով ոչինչ չեն փոխում: Ի վերջո սովորական քաղաքացու մտածելակերպում պետք է լինի հեղափոխություն, որպեսզի ինչ-որ բան փոխվի:
        Ի դեպ մենք և քաղաքացի ասելիս ի նկատի ունեմ բնակչության մեծամասնությանը:

  2. Garry says:

    Ինչպես միշտ, խմբագիրն ասում է այն, ինչ իրականում այսօր կա Հայաստանում` կուսակցությունների քաղաքական առևտուր և վերջին քսան տարվա անկախության պտուղներից օգտվել չկարողացող քաղաքացու nostalge-ին առ` խորհրդային հին կարգեր և կամ добрый царь. Իհարկե կարելի էր կատարել ռենտգենային որոշ լուսանկարներ այս կամ այն կուսակցության գործունեության ,,դիագնոստիկան” ցուցադրելու համար, բայց կարծես դա ավելորդ համարելով խմբագիրն ավելի շատ շեշտը դրել է Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների արժեհամակարգային ,,ունեցվածքի” տարբերություններին: Ընդունելով խմբագրի դիտարկումները, ընդհամենը ցանկանում եմ տեր կանգնել այդ տարբերության առաջացման օբյեկտիվ կողմին: Նախ` Ուկրաինան գտնվում է անմիջապես Եվրոպայում, իսկ մենք` մաս ենք կազմում միայն վիրտուալ Եվրոպային: Երկրորդ` Արևմտյան Հայաստանն այսօրվա Հայաստանի սահմաններից դուրս է, իսկ Արևմտյան Ուկրաինան հենց Ուկրաինայում է (կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե դա ինչ հակառուսական ,,լիցքավորում է”) և երրորդ` Եվրոպայի համար Ուկրաինան ունի (անհամեմատելու չափ) ավելի մեծ նշանակություն, քան` Հայաստանը: Մենք տեսնում ենք, թե ինչ նշանակություն ունի Եվրոպայի մոտիկությունն ու արևմտյան նմանակն ունենալու հանգամանքը Մոլդովիայի օրինակով: Այնպես որ, ճիշտ է այն պնդումը, թե եվրոպականությունը մեզանում ավելի թույլ է, և այդ իմաստով, քաղաքացու ,,մեղքն” այստեղ իսպառ բացակայում է: Հիշում եք մարտյան դեպքերը… Ահա այստեղ, նրանք` եվրոպացիները Հայաստանի հարցում, ըստ իս` կատարեցին սխալ խաղադրույք, Հայաստանի ժողովրդին ,,ներարկելով” խորը և ցավագին հիասթափություն, դեպի արդարության և իրավունքի ռահվիրան հանդիսացող Եվրոպան: Հիշում եք, նույնիսկ այդ հարցերում հմուտ ԼՏՊ նեղացավ նրանցից, որին Դուք տեղին ակնարկում եք ու դասում Պուտինին համոզողների շարքում: Ինչ էր մնում անել կեղեքված ու կրկին խաբված ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացուն? Իսկ մեր բախտն իրոք չբերեեեեեեեեց…. ունենալ թեկուզ` թաշկինակ ,,ծամող” մի տեղական Պրոմեթևս… այն ժամ, մենք կարող էինք խաղաղ հեղափոխության միջոցով երևակել այս հարցի թաքուն կողմերը… Թե չէ, հիմա Եվրոպան հասկացել է, իսկ Հայաստանի քաղաքացին` կողմնորոշվել… Իսկ` ես և Դուք ու էլի մի քանի հազար մարդ, հոգով մնացինք Եվրոպայում, բայց մարմնով ու գործով դեռ Հայաստանում ենք… Այո, մենք քիչ ենք, բայց ինչպես կարող ենք հրաժարվել ազատությունը վայելելու հաճույքից?

    • Hakob says:

      ինչի՞ հրաժարվել: գնացեք ու նախ տեղում մի քանի տարի ճաշակեք այդ “եվրոպական ազատությունը”:
      .. և այնժամ կունենք իրական համեմատելու բաներ Ազատության իմաստով:

    • Արմեն says:

      : Համամիտ եմ ամբողջությամբ:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/11/26/408805/#respond

      © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  3. Գագիկ Բաղդասարյան says:

    https://www.topa.ru/russia-top.htm

    Ռուսաստանը աշխարհում գրավում է`

    175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով;
    182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
    1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
    1 – ին տեղը հոգեկան հիվանդների քանակով;
    1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
    1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
    1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
    1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
    1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;

  4. Վահան says:

    Իսկ մեզանում կա՞ արդյոք այնպիսի արժեք, որը այսօրվա հային կարողանա ոտքի հանի…..թե գիտեք, ասեք…..

  5. Maxim says:

    5000 դրամից հետո, Հայաստանին վերաբերվող բոլոր փիլիսոփայությունները փուչ են դառնում։