Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպի գերեզմանատները «խոսում» են 1915-ի Ցեղասպանության մասին (Տեսանյութ)

Հունվար 17,2014 14:08

«Տեսակետ» ակումբի  այսօրվա հյուրերն էին  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը եւ հիմնադրամի գիտաշխատող, «Հալեպի արձանագրությունները» գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը:  Նրանք խոսեցին «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքից, որը տեղեկություններ  է պարունակում  2500 հայկական արձանագրությունների մասին:

samvel2

Րաֆֆի Քորթոշյանը պատմեց, որ գաղափարը ծնվել է Հալեպում՝ 2004-ին: Նա ասում է, որ երբ Հալեպի հայկական գերեզմանատներն էր այցելում, տապանաքարերի արձանագրություններն էր տեսնում,  որոնք հուշում էին, որ դրանք վերապրածների գերեզմաններ են, որոնց մեջ կային կարսեցիներ, վանեցիներ, խարբերդցիներ: Ինքն էլ որոշել է, որ այդ արձանագրությունները արխիվավորվեն եւ պահպանվեն:

Րաֆֆի Քորթոշյանը չորս տարի անց  Հայաստանում վերջնականապես հաստատվելով, գաղափարը ներկայացրել է Սամվել Կարապետյանին, որը ոգեւորել է իրեն սկսել աշխատանքը: Րաֆֆի Քորթոշյանը 2006, 2007, 2008 թթ. մեկական ամսով այցելել է Հալեպ, այնտեղ ուսումնասիրել  նաեւ Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից բերված եկեղեցական իրերը, սրբավայրերի արձանագրությունները, այն ամենը, ինչը վերաբերվել է հայկական ներկայությանը:

Հեղինակի խոսքով, Հալեպի հոգեւոր առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանն է մեծապես աջակցել, միասին են հաղթահարել դժվարությունները, անգամ հասցրել է պատերազմից մի ամիս առաջ մեկնել Սիրիա եւ շարունակել ուսումնասիրություններն ու նյութի հավաքչությունը: «Հիմա գիտակցում ենք, որ այդ տարածքներում, որ պատերազմից մեկ ամիս առաջ շրջեցինք, այլեւս ոչ ոք չի կարող այցելել եւ  այս աշխատանքը անել»,-փաստում է Րաֆֆին: Նաեւ  հավելում, որ արժեքավոր հրատարակությունը Հալեպի հայերի, տարբեր դպրոցների պատմությունն է, եկեղեցիների չափագրություններ կան այնտեղ, արժեքավոր տեղեկություններ:  Ընդ որում, 2500 հայկական արձանագրություններից 2000-ի մասին նյութը հրատարակվում է առաջին անգամ:

Սամվել Կարապետյանի խոսքով, գիրքը մեծ նպաստ է բերելու հայագիտության տարբեր ոլորտներով զբաղվողներին. «Արեւմտյան Հայաստանի տեղանունների յուրօրինակ բառարան կարծես  լինի Հալեպի գերեզմանոցը: Հանգուցյալների առաջին սերնդի գերեզմաններին գրվում էր, թե որտեղից են եկել: Եվ եթե ցուցակի բերենք այդ մարդկանց ծննդավայրերը, դա կփաստի Ցեղասպանության իրողությունը, որ փրկվածներից ամեն մեկը մազապուրծ հանգրվան է գտել Հալեպում, փաստորեն Ցեղասպանությունից հրաշքով փրկված Էրգրի ծնունդ մարդիկ իրենց հանգիստը գտան Հալեպի գերեզմանատներում»:

Սամվել Կարապետյանն ասաց, որ իրենց աշխատությունների մի մասը օտար լեզվով էլ է հրատարակվել, իսկ այն նյութերը, որ չեն կարողացել հրատարակել օտար լեզվով, գոնե դրել են իրենց  կազմակերպության կայքում: Բանախոսները իրենց ձեռնարկի աջակցության համար շնորհակալություն հայտնեցին  «Բյուրակն» հրատարակչությանը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին, ՀՀ  մշակույթի նախարարությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031