Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանություններն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպական կառույցների հետ որեւէ փաստաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը».«Հրապարակ»

Փետրվար 11,2014 10:39

Հակառակ իշխանականների պնդումներին՝ ոչ իշխանական պատվիրակները նշեցին, թե ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությունը ոչ միայն հնարավոր էր ընդունել, այլեւ անհրաժեշտ էր։ Քանի որ հայկական կողմը հնարավորություն է ունեցել ներկայացված տեքստում փոփոխություններ առաջարկել։ «Ինչ խոսք, իրենք ներկայացրել էին մի տեքստ, որի հետ մենք մի քիչ անհամաձայնություն ունեինք, բայց աշխատեցինք դրա վրա, եւ կարծես թե այն փոխվում էր, համենայնդեպս, այն առնվազն մեզ ու մեր երկրի շահերը չէր վնասում, ու պետք է ընդունվեր դա, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո չի կարելի փակել դուռը,- ասաց ԲՀԿ խմբակցությունից Ստեփան Մարգարյանը՝ հավելելով։- Այն բառերը, որոնք մեզ խանգարում էին, իրենք համաձայնեցին հանել, բայց արդյունքում նորից չստորագրվեց, եւ տպավորություն կար, որ դա քաղաքական որոշում էր»։

Իսկ «խանգարող» ձեւակերպումներից մեկը, ըստ Մարգարյանի, եղել է «ձգձգվող հակամարտությունը». «Մի քիչ բանակցելուց հետո նրանք համաձայնեցին այդ բառը հանել։ Հաջորդ ձեւակերպումն այն էր, որ մեր համանախագահն ասում էր, թե հայտարարությունում պետք է հստակ ձեւակերպված լինի, հարցի կարգավորումը հելսինկյան սկզբունքներից պետք է բխի, որտեղ գրված է ինքնորոշման իրավունքի ճանաչում, ուժի կիրառման անթույլատրելիություն եւ տարածքային ամբողջականություն, մինչդեռ իրենց ներկայացրած տեքստում դա ներկայացվում էր որպես Մինսկի խմբի կողմից կարգավորվող պրոցես, որը գրեթե նույն բանն է, որովհետեւ ՄԽ-ում այդ կետերը կան։ Սակայն իրենց կողմից համանախագահը չքննարկեց այդ հարցը, որովհետեւ դա իրենց քաղաքական հանձնաժողովում էին ընդունել, սակայն համաձայնեցին բառերի փոփոխություն կատարել, ինչի արդյունքում ունենում էինք այն, ինչը մենք էինք առաջարկում։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ կարող էինք ստորագրել»։

Մինչդեռ Ղարաբաղի հարցով զեկույց պատրաստած Թեւան Պողոսյանի խոսքով, ՄՄ-ին անդամակցելու որոշումը համապատասխան վերաբերմունք է ձեւավորել, եւ եվրոպական կողմը, հասկանալիորեն, օգտագործեց նիստի ժամանակային սահմանափակումն ու հնարավորություն չընձեռեց ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող բաժնում կատարել անհրաժեշտ ու համապատասխան փոփոխություններ։ Անդրադառնալով վիճահարույց ձեւակերպումներին՝ Պողոսյանը հայտնեց. «Ըստ ամենայնի, Եվրոպական պատվիրակության անդամները շատ էին ցանկանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինվի ԵՄ-ով։ Նրանց կողմից առաջարկվող տեքստում մտահոգություն էր արտահայտվում, թե բոլորը դժգոհ են բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունից։ Եվրոպական խորհրդարանականների կողմից առաջարկվող տեքստում հավասարության նշան էր դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։

«Սակայն, լավ գիտակցելով Եվրոպական կողմի ցանկությունը, հավասարեցնել մեզ Ադրբեջանին եւ չստորագրել որեւէ փաստաթուղթ, մենք՝ պատվիրակության անդամներս, նույնպես չկարողացանք լեզու գտնել եւ միասնաբար այնպիսի ձեւակերպումներ տալ, որոնք մի կողմից չէին հարվածի հայկական դիրքորոշմանը, մյուս կողմից՝ կլինեին ընկալելի եվրոպացիների համար, եւ, ի վերջո, նրանք պարտադրված կլինեին ընդունել դրանք։ Դրանով կհավաստեինք նաեւ, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակվում է։ Սակայն ակնհայտ է, որ մեր իշխանություններն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպական կառույցների հետ որեւէ փաստաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը»,- եզրակացնում է Պողոսյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728