Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Շիրինյան. «Սերժ Սարգսյանը շրջապատը պետք է մաքրի»

Փետրվար 25,2014 14:49

«Ուկրաինայի ապագան նրա ֆեդերալիզացիայի մեջ է»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնատել Ուկրաինան, քանի որ չի ցանկանում կորցնել արդյունաբերական զոնան: Ըստ քաղաքագետի` Ռուսաստանը պետք է արևմուտքի հետ գնա կոնսենսուսի. «Պետք է արևմուտքի հետ գնա կոնսենսուսի, որ շտապ Ուկրաինայի հարցերը լուծեն»: Միևնույն ժամանակ պարոն Շիրինյանը վստահ է, որ Ռուսաստանը չի ճանաչելու Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Նա շեշտեց, որ իրեն առաջին հերթին Հայաստանի հարցն է հետաքրքրում. «Ինձ Ուկրաինայի դեմոկրատիկան այնքան է հետաքրքիր, ինչքան թուրքերին է հետաքրքիր Ավստրալիայի բարգավաճումը»:

Aravot.am-ի հարցին՝ ուկրաինական Մայդանը դրսից ուղղորդվա՞ծ էր, պարոն Շիրինյանն պատասխանեց. « Ժողովրդի բողոքը ներսից էր, բայց դրսից օգնում էին: Հո դա Հայաստա՞/նը չէ, որ հիսուն հազար մարդ լինի, այն էլ Հանրապետականի թվերով: Երկու հարյուր հազար մարդու հարց է, էդ ո՞նց էին ապրում, ոչ աշխատում էին, ոչ այլ ինչ: Ուկրաինայի համար Եվրոպան կպել է, բայց մեզ համար՝ ոչ, քանի որ հասկանում է, որ մենակ ռուսն է զինում մեզ, քանի որ ունենք թուրքական խոց»:
Լևոն Շիրինյանը չի ցանկանում, որ մեր երկրում Մայդան կրկնվի ու նշում է. «Ազատությունը ձերբակալել հնարավոր չէ: Այն գրավիչ է, ուստի ՀՀ իշխանությունը պարտավոր է հանդես գալ ռեֆորմների լայն ծրագրով: Կան մի քանի Ֆիգուրներ, որոնք ձանձրույթ են առաջացրել: Նրանց էկրաններից հավաքել է պետք: Սերժ Սարգսյանը շրջապատը պետք է մաքրի»:
Պարոն Շիրինյանը կողմ է անգլիական էվոլյուցիոն ճանապարհին: Մեր հարցին՝ Հայաստանում դա հնարավո՞ր է, քաղաքագետը պատասխանեց՝ այո, հնարավոր է: Հետո էլ նշեց, թե՝ Յանուկովիչի օրինակը չի՞ հուշում, որ պետք է ցանկություն առաջանա ՀՀ իշխանությունների մոտ բարեփոխումների:

Մեր մյուս հարցին՝ վտանգված չէ՞ Մաքսային միություն կոչվող նախագծի իրագործումը, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Սուտ է, Ռուսաստանը չի մեռել: Դա նման է այն իրավիճակին, թե իմ աղջկան տալիս եմ մյուսի տղին, մեկը եկավ խանգարեց, ի՞նչ պարտություն: 18-20 թվականները չապացուցեցի՞ն, որ Ռուսաստանի անկումից հետո այն լավ էլ ոտքի է կանգնել: Ի՞նչ են ուրախանում, այդ անկման դեպքում թուրքական բանա՞կն է մեր բանակին զինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728