Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատում է 127.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարով երկարաձգվող ֆինանսավորման ծրագիր

Մարտ 11,2014 10:33

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն այսօր հաստատել
է 82.21 միլիոն ՓՀԻ գումարով (շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար կամ Հայաստանի
քվոտայի 89.4 տոկոսը) 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը» (EFF)
Հայաստանի Հանրապետության համար` իշխանությունների տնտեսական ծրագիրը
սատարելու նպատակով: Հաստատումը տալիս է 11.74 միլիոն ՓՀԻ (շուրջ 18.2 միլիոն
ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն, իսկ մնացած գումարն ըստ փուլերի
կտրամադրվի ծրագրի ընթացքում` ելնելով ծրագրի կիսամյակային
ուսումնասիրություններից:

Ծրագրի նպատակն է սատարել տնտեսական աշխուժության վերականգնումը,
աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացը, գնաճի
կայունացումը, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին մնացած
խոցելիությունների մեղմումը:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո
կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար տկն. Նեմաթ
Շաֆիկն ասաց.

«2010–13 թթ. երկարաձգվող ֆինանսավորման և երկարաձգվող վարկավորման
ծրագրերի շրջանակում Հայաստանը կայուն կատարողական է դրսևորել: Սակայն
պահպանվում են աճի և գնաճի տատանողականությունը, արտաքին ընթացիկ հաշվի
մեծ պակասուրդը և դեռևս բարձր են աղքատության և գործազրկության
ցուցանիշները: Հիմնադրամի հետ նոր 38-ամսյա ծրագրի նպատակն է
իշխանություններին օժանդակել նշված մարտահրավերներին դիմագրավելու և
Հայաստանի համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունը
պահպանելու հարցում:
«Հարկաբյուջետային քաղաքականությունն առանցքային դեր կկատարի ծրագրում`
օժանդակելով 2014 թ. աճին և կրճատելով պակասուրդի ցուցանիշը ծրագրի մնացած
ժամանակահատվածում քաղաքականության բուֆերների ստեղծման համար:
Եկամուտների գծով նպատակադրումների ապահովումն և պետական ներդրումների
գծով բյուջեի ծախսերի թերակատարման կրճատումն անհրաժեշտ կլինեն
հարկաբյուջետային ռազմավարության բարեհաջող իրականացման համար:
Հարկաբյուջետային ոլորտում մյուս կարևոր միջոցառումն է ինստիտուցիոնալ
կառույցների ստեղծումը` հարկաբյուջետային ռիսկերի մոնիթորինգի և զսպման
համար:
«Իշխանությունների ծրագրի ներքո դրամավարկային քաղաքականությունը
շարունակելու է ձևավորվել գնաճի նպատակադրման շրջանակում` ճկուն
փոխարժեքի ռեժիմի համատեքստում: Ֆինանսական ոլորտում
քաղաքականությունը միտված կլինի ցնցումներին դիմակայելու ունակության
խթանմանը և ֆինանսական համակարգի խորացման աստիճանի բարձրացմանը:

«Աճը խթանող կառուցվածքային բարեփոխումները ևս առանցքային դեր կկատարեն
նոր ծրագրում` հաշվի առնելով Հայաստանը դինամիկ զարգացող շուկայի
վերափոխելու նպատակը: Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանը
սահուն միացումը և դրան զուգահեռ Եվրամիության հետ առևտրի աճը և մյուս
կապերի զարգացումը, կարևոր կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական
հոսքերի և ներդրողների դիվերսիֆիկացում ապահովելու տեսանկյունից:
«Նոր ծրագրի ռիսկերն ըստ ամենայնի կառավարելի են, և պահպանվում է
Հայաստանի` վարկը վերադարձնելու ամուր կարողությունը: Իշխանությունները
մակրոտնտեսական կայուն քաղաքականության ուղղությամբ երկարամյա փորձ
ունեն, սակայն ծրագրի հաջող իրականացման համար կկարևորվի ծրագրի
սեփականատիրությունը»:

Արժույթի միջազգային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31