Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսազանգի միջոցով կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է բացահայտել իր ինքնությունը և զանգի առևտրային նպատակը. սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները

Հունիս 24,2026 17:34 Share

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումները, որոնք մշակվել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից։

Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Թադևոս Ավետիսյանը, Էկոնոմիկայի նախարարության, բիզնես համայնքի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Ողջունելով մասնակիցներին՝ Շուշան Սարգսյանը նշել է, որ նոր կարգավորումների նպատակը սպառողների իրավունքների պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն է՝ միջազգային լավագույն փորձին համահունչ, ինչը կնպաստի նաև տնտեսական գործունեության համար առավել կանխատեսելի ու թափանցիկ իրավական միջավայրի ձևավորմանը։

Նա ներկայացրել է միանալու պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ նոր կարգավորումները՝ ընդգծելով, որ ընդլայնվել է այն պայմանների ցանկը, որոնք չեն կարող ներառվել նման պայմանագրերում։

Անարդար պայմաններ միանալու պայմանագրերում

Մասնավորապես, անթույլատրելի են համարվելու այն պայմանները, որոնցով՝

  • սպառողը պարտավորվում է կատարել գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել մինչև պայմանագրի կնքումը,
  • վաճառողին, կատարողին կամ արտադրողին վերապահվում է առանց հիմնավոր պատճառի միակողմանիորեն փոփոխել ապրանքի կամ ծառայության բնութագրերը,
  • սահմանափակվում է սպառողի՝ պայմանագիրը լուծելու իրավունքը, եթե տնտեսավարող սուբյեկտը չի կատարում իր պարտավորությունները,
  • սահմանափակվում է սպառողի՝ արտադատական, դատական կամ օրենքով նախատեսված այլ միջոցներով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունը,
  • վաճառողին, կատարողին կամ արտադրողին իրավունք է վերապահվում միակողմանիորեն մեկնաբանելու պայմանագրի պայմանները։

 «Նման պայմանները օրենքի ուժով համարվում են առոչինչ՝ պայմանագրի կնքման պահից և սպառողի համար իրավական հետևանքներ չեն առաջացնում»,- նշել է Հանձնաժողովի անդամը։

Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրեր

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերին վերաբերող նոր պահանջները։

Օրենսդրական փոփոխություններով տնտեսավարողների համար սահմանվել են սպառողների իրազեկվածության և տեղեկացված ընտրության ապահովմանն ուղղված մի շարք պարտավորություններ։

Մասնավորապես՝

  • սպառողներին օրենքով նախատեսված տեղեկությունները պետք է տրամադրվեն ամբողջական, հստակ և հասկանալի ձևով,
  • էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում սպառողը պետք է հստակ հաստատի վճարման պարտավորությունը,
  • վճարման կոճակը պետք է պարունակի համապատասխան մակնշում՝ «վճարման պարտավորությամբ պատվեր» կամ համարժեք ձևակերպում,
  • հեռախոսազանգի միջոցով կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է բացահայտել իր ինքնությունը և զանգի առևտրային նպատակը։

Նոր կարգավորումներով ամրագրվել է նաև սպառողի՝ հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրից հրաժարվելու իրավունքը։

Այդ իրավունքը կարող է իրացվել առանց որևէ պատճառաբանության՝ 14 օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Վերահսկողություն և պատասխանատվություն

Հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին ներկայացրել են նաև օրենսդրական պահանջների խախտման դեպքում առաջացող իրավական հետևանքները, Հանձնաժողովի վերահսկողական լիազորություններն ու կիրառվող պատասխանատվության միջոցները։

Օրենսդրական փաթեթներ

Օրենսդրական փաթեթներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով․

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930