Ընդհանրապես, երկրում նոր իշխանության ձևավորումից/գործող իշխանության վերարտադրությունից հետո այդ իշխանության ղեկավարն է իր արտերկրյա առաջին մի քանի այցերով ցույց տալիս պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Քաղաքական այդ ավանդույթի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նախընտրական շրջանում հնչեցված ծրագրերը՝ հաղթող քաղաքական ուժը դարձնում է արդեն պետական քաղաքականություն, ինչի շուրջ էլ կոմունիկացվում է դաշնակից ու բարեկամ երկրների հետ: Այդ բանաձևի հիմքում էլ, իր հերթին՝ ընկած է դասական դրույթը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:
Հայաստանում դա խախտվել է ամբողջությամբ, այդ դրույթը գլխիվայր շրջվել է՝ ոչ թե պետության արտաքին քաղաքականությունն է հանդիսանում ներքինի շարունակությունը, այլ հակառակը՝ արտաքին քաղաքականությունն է ամբողջությամբ ձևավորում ներքին քաղաքականությունը, որովհետև գործող իշխանությունը վերարտադրվել է ամբողջությամբ արտաքին աջակցությամբ ու միջամտությամբ:
Բովանդակային առումով դա այն է, ինչն ընդունված է անվանել արտաքին կառավարում: Դասական պրոտեկտորատից Հայաստանը տարբերվում է նրանով, որ իշխանության փայատերերը մեկից ավելի են՝ ի դեմս հավաքական Արևմուտքի ու առանձին արևմտյան երկրների և արդեն թյուրքախոս պետությունների: Այլ հարց է, որ Ադրբեջանը հավակնում է ինչ-որ փուլում ստանձնել Հայաստանի իշխանության միակ սեփականատիրոջ դերը և այդ հարցում դեռևս միայն հաջողություններ է արձանագրում:
Կարդացեք նաև
Պատահական չէ, որ ԱԺ ընտրություններից հետո Հայաստան այցելած առաջին օտարերկրյա պաշտոնյան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր: Վերջինս, ինչպես և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստան են գալիս ստանալու ընտրություններում ՔՊ-ի հաղթանակն ապահովելու դիմաց իրենց հասանելիք կամ իրենց խոստացված մասնաբաժինը:
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է նրանցից յուրաքանչյուրին տալ իրենց ուզածը, այլ դա անում է մեծագույն հաճույքով՝ թքած ունենալով, որ իր այս գործողությունների արդյունքում Հայաստանից մնալու է միայն իր կրծքավանդակին փակցրած քարտեզի տնազը:
Հարություն Ավետիսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































