Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողներին չեն ծանոթացնում իրենց բժշկական փաստաթղթերին

Մարտ 20,2014 14:54

«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանի զինված ուժերում» զեկույցը ներկայացնելիս` իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ հարցման ենթարկվածների պատասխանների ամփոփմանը, որոնք վերաբերել էին բուժսպասարկման եւ բուժօգնության որակին: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 6-ից 1-ը հայտնել էր մինչ զորակոչը ունեցած առողջական խնդիրների մասին, իսկ ծառայության ընթացքում առողջական խնդիրներ են ունեցել մոտ կեսը:

Ի դեպ, իրավապաշտպանի այն մեկնաբանությանը, թե մինչ զորակոչը պատշաճ կերպով չի իրականացվել բուժզննություն՝ բացահայտելու զորակոչիկների առողջական վիճակի իրական պատկերը, համաձայն չէին ինչպես ՊՆ հասարակական խորհրդի նախագահ, հրավիրյալ Գեղամ Հարությունյանը, այնպես էլ պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Նարինե Կարապետյանը:

Գեղամ Հարությունյան

Գեղամ Հարությունյան

Մասնավորապես զեկույցում բերվել էր հիվանդությունների այն ցանկը, որոնք բացահայտվել կամ սրվել էին զինծառայության ընթացքում: Դրանց մեջ 8,4% էր կազմել տրավմաները, վիրուսային հիվանդությունները՝ 17,6%, սիրտ-անոթայինը՝ 7%, թոքաբորբը՝ 5,2%… Գեղամ Հարությունյանը գնահատելով զեկույցի կարեւորությունը, իր համար անհասկանալի համարեց, մասնավորապես տրավմաների հետ կապված ասաց, թե չի երեւում՝ արդյոք դրանք բռնությունների՞ արդյունք են, կանոնագրի խախտման հետեւա՞նք, թե՞ կենցաղային:

Զեկուցողների համար հարցերից մեկը նաեւ այն էր, թե արդյոք այդ տրավմաները պատշաճ կարգով գրանցվե՞լ են, անցկացվե՞լ են ծառայողական քննություններ, թե՞ ոչ եւ ի՞նչ հաճախականությամբ են առաջացել:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, մեր գործընկեր Ժաննա Ալեքսանյանը անդրադարձավ բողոքարկման մեխանիզմներին, դրանց մշակմանն ու ձեւավորմանը, չնայած իրատեսական չհամարեց, որ կարող է զինվորը բողոքարկել եւ կիրառվեն իրավական մեխանիզմներ՝ բանակի այսօրվա վիճակի համատեքստում: Նա մեջբերեց Նարեկ Այվազյանի հայտնի օրինակը, երբ վերջինին ծեծել էին սոլյարկա վաճառելու համար եւ երբ նա զեկուցագիր էր ներկայացրել վերադասին, ոչ միայն ընթացք չէին տվել եւ ընդառաջել, այլ նա հայտնվել էր բանտում:

ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց 18-20 տարեկան զինծառայողների կենսափորձին, տարակուսանք հայտնեց, որ նա չի կարող բողոքարկել եւ որ իրենք հիմնականում բողոքներ են ստանում զինծառայողների ծնողներից:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հակադարձեց, թե լավ էլ կարող են բողոքել եւ որ բողոքում են դպրոցներում եւ որեւէ կապ չունի չափահաս կամ անչափահաս լինելը:

Ի դեպ, զեկույցը ներկայացնելուց հետո Արթուր Սաքունցն արեց առաջարկություններ, ըստ որի՝ զինծառայողների իրավունքները պետք է հստակեցնել, վերացնել կանոնագրքերում առկա հակասությունները, օրենքով ամրագրել, որ անձի առողջական վիճակի մասին, տեղեկատվությունը պարտադիր ուժով տրամադրվի զինծառայողին, սահմանվի երաշխիք՝ բողոքող զինծառայողի անվտանգության համար բողոքի քննության ընթացքում:

Ինչ վերաբերում է ծառայության երկարացմանը, ըստ իրավապաշտպանի, կառավարությունը չպետք է որոշի՝ «ծառայությունը երկարացնել անհրաժեշտությունից ելնելով, այսինքն՝ կառավարության որոշումը պետք է լինի պատճառաբանված»:

Ի դեպ, անձի բժշկական օգնության եւ բուժսպասարկման իրավունքը սահմանված է Սահմանադրության 38 հոդվածով, իսկ որպես Սահմանադրության նորմի պահանջ՝ 1998թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ կողմից ընդունվել է օրենք՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին, որտեղ ի թիվս այլ սոցիալական իրավունքների, կարգավորվում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների որակյալ, անվճար բուժօգնությունը:

Զեկույցում առանձին տեղ էր հատկացված ՀՀ զինված ուժերում սննդի, ջրի որակին, սանիտարահիգիենիկ պայմաններին: Հարցման մասնակիցների 67%-ը սննդի եւ ջրի որակը գնահատել է «լավ» եւ «շատ լավ», իսկ սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ 74%-ը գնահատել է «լավ» եւ «շատ լավ», իսկ «վատ» եւ «շատ վատ»՝ 24,5%-ը, որը, ըստ զեկուցողի՝ մտահոգիչ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31