Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Սահմանադրական դատարանի որոշումից

Ապրիլ 01,2014 13:46

«Արմատական սպասելիք չունեմ»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեն ՍԴ-ի որոշումից, այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ՍԴ-ն քննում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցը: Դատաքննությունը երեկ ավարտվեց:

Հարցին`արդյոք հիմնավո՞ր էին ՍԴ-ում բերված հակափաստարկները, պարոն Մելքումյանն ասաց. «Հայցվոր կողմի փաստարկները հիմնավոր էին հատկապես խտրականության, սեփականության, եկամտի վերաբերյալ: Հիմնավոր էր նաև այն փաստարկը, որը վերաբերում էր գործատուին` որպես հարկային գործակալ»:

Շարունակելով կանխատեսումների շարքը` ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Կարծում եմ, որ ՍԴ-ն ոչ միանշանակ կմերժի, ոչ էլ միանշանակ կբավարարի պահանջը: Առանձին դրույթներ, հատկապես նրանք, որ կասեցվել են կապված նրա հետ, որ ֆոնդը ավտոմատ է ընտրվում, այնպիսի թեզեր, որ անհատի, աշխատողի իրավունքի ձևական ապահովմանն են վերաբերում, բայց արմատական սպասելիք չունեմ»: Հարցին` ինչո՞ւ արմատական սպասելիքներ չունի, պարոն Մելքումյանն այսպես արձագանքեց. «Սա քաղաքական որոշում է: Հիմա իշխանությունը լուրջ քաղաքական և տնտեսական բարեփոխում է անում ու եթե ինքը հետ կանգնեց, նշանակում է՝ հրաժարվում է իր որդեգրած բարեփոխման բովանդակությունից, որը չասեմ պարտություն, այլ դուրս է գալիս, որ ինքը հետ է կանգնում: Ուստի պետությունը փորձելու է շարունակել իր քաղաքականությունը»:

Լուրեր են շրջանառվում, որ կառավարությունն արդեն ունի այլընտրանքային փաթեթ, որի ներդրման արդյունքում նոր հարկատեսակ է մտցվելու: Այս առիթով պարոն Մելքումյանն ասաց. «Չեմ կարծում: Այդ ամբողջ գումարը` հինգ տոկոսի դեպքում տարեկան ընդամենը 130 միլիոն դոլար է կազմելու, որը ամսական տասը միլիոն դոլար է: Ուստի կարծում եմ, որ դա այնպիսի մեծ գումար չէ, որ դրա համար նման բան ներդրվի»:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՍԴ-ում երկու կողմերի բերած փաստարկները հիմնավոր է համարում: Մեր այն դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անընդհատ, մասնավորապես պատասխանող կողմին զգուշացնում բուն հարցից չշեղվել, պարոն Մինասյանն այսպես պատասխանեց. «Բայց դա իր պարտականությունն է»:

Մեր մյուս հարցին` ՍԴ անդամների կոշտ հարցադրումները արդյոք չե՞ն հուշում այն մասին, որ հնարավոր է օրենքը հակասահմանադրական ճանաչվի, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «ՍԴ անդամները տալիս էին հարցեր, որ իրենց համար պարզ լինի գործի ընթացքը»:

Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ որոշումից, պարոն Մինասյանն ասաց. «Չի կարելի այլ կարծիք հայտնել, քան ՍԴ-ի որոշմանը սպասել»: Հարցին` արդյոք արդյունավետ լուծո՞ւմ կլինի օրենքի կիրառումը հետաձգելը, պարոն Մինասյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ճիշտ լուծումը կլինի այնպիսին, ինչպիսի վճիռ կկայացնի ՍԴ-ն: ՍԴ-ի որոշումները չեն մեկնաբանվում, դրանք կատարվում են: Վաղօրոք կասկածներ սերմանել, կամ տեսակետներ նշել ՍԴ որոշման դեմ, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930