Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն. «Զուսպ եղեք Ցեղասպանություն բառի շահարկումից»

Ապրիլ 04,2014 18:02

Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը: Միջոցառմանը ի թիվս այլոց պետք է մասնակցեին նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն նրանց այցը հանվել է ծրագրից ներքաղաքական հայտնի զարգացումների պատճառով:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը խոսեց այն թեմայով, թե ինչո՞ւ պետք է գրել Հայոց ցեղասպանության մասին եւ ինչպես պետք է գրել Հայոց ցեղասպանության մասին: «Ցավոք սրտի, ամեն ապրիլի 24-ին անում ենք մի գործ, որը անում ենք ամեն ապրիլի 24-ին՝ նույն շեշտադրումներով ու ոճով: Մինչդեռ թեմայի առօրյականացումը վտանգավոր է… Վերջին 3-4 տարվա մեջ թեմայից գիտակցված խոսափում կա, մարդիկ ենթագիտակցորեն խուսափում են՝ ցանկանալով ձերբազատվել ցեղասպանվածի բարդույթից: Ես հատուկ ապրիլի 24-25-26-ին գնում եմ բոլոր թերթերը: Թերթերի մեծամասնությունը առաջին էջերում այլ նկարներ են դնում՝ փորձելով կոտրել կարծրատիպերը…»,-նշեց Մանուկյանը:

Նրա ձեւակերպմամբ, խնդիր կա համաշխարհային մեդիադաշտում ապահովելու Ցեղասպանության թեմայի մշտական եւ ծանրակշիռ տեղը. «Մեր ԶԼՄ-ները ավելի քիչ են, քան մեր հարեւանների ու հակառակորդների ԶԼՄ-ները, այնպես որ նաեւ քանակ ապահովելու խնդիր ունենք: Եթե նախկինում որեւէ թերթի նյութ շատ դժվարությամբ կհայտնվեր ամերիկացի ընթերցողի մոտ, ապա այսօր սոցցանցերի հետ ճիշտ աշխատանքի առումով ավելի շատ արդյունք կարող ենք ստանալ»:

Սուրեն Մանուկյանի ձեւակերպմամբ, Հայոց ցեղասպանության մասին խոսելը նվազեցնում է այդ երեւույթի կրկնվելու վտանգը: Նրա ասելով, հայաստանցի երիտասարդ սերունդը կարիք ունի իրազեկման, Սփյուռքում իրավիճակն այլ է՝ այնտեղ այս թեման համախմբման, ազգային ինքնության պահպանման միջոց է:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրենը փաստում է, որ թուրքերն ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսում Հայոց ցեղասպանության ժխտման վրա, իրականում ցանկացած քննարկում մեծացնում է հետաքրքրությունը թեմայի շուրջ:

Բանախոսը համոզված է, որ ցեղասպանության մասին խոսելիս ողբերգականի կողքին պետք է նաեւ հերոսական էջեր ներկայացնել, ինչպես հրեաներն են դա անում, օրինակ` նշելով Հոլոքոստի եւ հերոսների օրը:

Մանուկյանը նաեւ կոչ արեց զուսպ լինել ցեղասպանություն բառի անհարկի շահարկումից: Նա նաեւ օրինակ բերեց, թե ինչպես է հեռուստաալիքներից մեկով լսել. «Գայլը մտել է գյուղ ու ոչխարների ցեղասպանություն իրականացրել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930