Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Հանրապետական» ստադիոնը միջազգային չափանիշներին չհամապատասխանեցվի, ՈւԵՖԱ-ն, կարող է արգելել միջազգային հանդիպումներ անցկացնել

Ապրիլ 04,2014 19:20

Ֆուտբոլասերների, ֆան ակումբների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանը Էջմիածնից մի երիտասարդ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց աջակցել իրենց մոտ ֆուտբոլի նոր խաղադաշտ կառուցելու եւ ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցում, մանավանդ, որ քաղաքապետը, նրա խոսքերով, պատրաստ է տարածք հատկացնել: Ի պատասխան, ՀՖՖ նախագահը նախ հիշեցրեց, որ դա տեղական ինքնակառավարման մարմինների գործն է: Բայց նաեւ տեղեկացրեց, որ Վանաձորում շուտով ավարտվելիք նմանատիպ կառույցի շահագործումից հետո ամենայն հավանականությամբ հաջորդը կհիմնադրվի Էջմիածնում` Արարատյան դաշտի բնակավայրերի համար: Ու խոստացավ այդ նպատակով մոտ ժամանակներս հանդիպել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ հարցը քննարկել: Միեւնույն ժամանակ Ռուբեն Հայրապետյանը խիստ մտահոգություն արտահայտեց, որ բազմաթիվ վայրերում արդեն իսկ կառուցված եւ ՏԻՄ-երի պահպանությանը փոխանցված մարզադաշտերը բարձիթողի վիճակում են, չեն խնամվում:

ՀՖՖ նախագահի խոսքերով, այսօր օրակարգային է դարձել նաեւ մեր ամենալավ ստադիոնների` եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը: Մասնավորապես, Եվրո 2016-ի մեկնարկից առաջ ՈւԵՖԱ-ի մասնագետները այցելել են «Հանրապետական» մարզադաշտ եւ մարզակառույցում պարտադիր վերանորոգումների բազմաթիվ անհրաժեշտություններ տեսել` սկսած հանդերձարաններից ու ցնցուղարաններից, մինչեւ ամբողջ ստադիոնի տարածքում տեսախցիկներ տեղադրելը, որոնք չկատարելու դեպքում, հնարավոր է, ՈւԵՖԱ-ն չթողնի «Հանրապետականում» միջազգային հանդիպումներ անցկացնել: Իսկ դրա համար հսկայական գումարներ են պահանջվում:

Սակայն ՀՖՖ նախագահը նաեւ հավաստիացրեց, որ ինքը չի դադարելու հանրապետության մարզերն ուշադրության կենտրոնում պահել ու շարունակելու է տեղերում մարզադաշտեր կառուցելու գործընթացը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930