Լրահոս
Օրվա լրահոսը

«Գծատեր». «Ուղեվարձի սակագինը որոշե’ք, մենք էլ կորոշենք` կաշխատենք թե` ոչ»

Ապրիլ 04,2014 19:56

Այսօր Երեւանի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի մի քանի անդամների, որոնք նաեւ «գծատերեր» են, մեկ բան էր հետաքրքրում` հանձնաժողովը ե՞րբ է ավարտելու աշխատանքները: «Դավիթ երթուղային տաքսի» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը հանձնաժողովի նախագահ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հորդորեց ի վերջո, հանձնաժողովի աշխատանքների ավարտի ժամանակացույց նշել եւ հրապարակել սակագնի վերջնական  տարբերակը. «Մենք էլ կորոշենք` աշխատենք այդ տարբերակով, թե` ոչ: Ձեռք կտա կաշխատենք, չի տա` երթուղագծերից կհրաժարվենք»:

IMG_2215

Հանձնաժողովի անդամ, «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքերով, արդեն 5 երթուղի շահագործող ընկերություններ փակվել են, որոշներն էլ սնանկության գործընթաց են սկսել:

Այսօր քաղաքապետարանում հանձնաժողովի հերթական նիստում ներկայացվեց վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղեւորահոսքի ուսումնասիրության արդյունքները: Անցյալ տարվա դեկտեմբերի 2- 25-ը «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հետազոտել է մայրաքաղաքի ուղեւորահոսքը: Համաձայն այդ հաշվարկների, միկրոավտոբուսի ուղեվարձը կազմել է 207  դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով  աշխատող ավտոբուսի ուղեվարձի սակագինը՝ 196  դրամ:

Սակայն փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները դեռեւս իրենց դիտարկումները պետք է ներկայացնեն եւ ուսումնասիրության արդյունքում ստացված թվերը  դեռեւս վերջնական տարբերակը չեն:

Հանձնաժողովի անդամներից մեկն, օրինակ, առաջարկեց, սակագնի ձեւավորման հարցում գովազդից ստացված եկամուտները նույնպես հաշվարկել: Այսինքն` այն երթուղիներում, որտեղ տնտեսվարողը միկրոավտոբուսի կամ ավտոբուսի վրա այս կամ այն ապրանքն է գովազդում, գովազդից ստացված եկամուտները նույնպես հաշվի առնել:

Այսպես. ըստ «Այ Փի Էս Սի» ընկերության մասնագետների ուսումնասիրության,

մեկ աշխատանքային օրվա ուղեւորահոսքը կազմում է  613 հազար 786 մարդ:

Դիտարկվել են օրվա ընթացքում երեք պիկ ժամեր` առավոտյան, կեսօրին եւ երեկոյան:

Շաբաթական ուղևորահոսքը կազմել է 3 միլիոն 823 հազար 91 մարդ, ամսական` 16 միլիոն ուղեւոր: Տարեկան ուղեւորահոսքը կազմում է 167,957, 518 մարդ:

Վարորդների վարքի վերաբերյալ հարցումներին էլ ուղեւորները հիմնականում դժգոհել են վարորդների` ընթացքի ժամանակ ծխելուց, հագուկապից, չսափրված լինելուց, միմյանց հետ մրցակցելով երթուղայինը վարելուց, ինչի արդյունքում գերազանցում են արագությունը եւ այլն: Ուղեւորահոսքը դիտարկող մասնագետները նաեւ պարզել են, որ

Երթուղայիններում վարորդների 42 տոկոսը,մեքենան վարելիս, խոսում է բջջային հեռախոսով: «Այ Փի Էս Սի»-ի մասնագետները նաեւ պարզել են, որ

որոշ երթուղիների վարորդներ խցանումներից խուսափելու կամ ուղեւորներ հավաքելու համար նախատեսված ուղեգծով չեն երթեւեկում:

Ըստ հաշվարկների, միկրոավտոբուս շահագործելու եւ պահպանելու մեկ ամսվա ծախսերը կազմում են 1, 045090 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսի ծախսը` 1,870,908 դրամ, իսկ  բնական գազով շահագործվող ավտոբուսի շահագործման եւ պահպանման ծախսը կազմում է  1,454, 209 դրամ: Շահագործման պահպանման ծախսեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930