Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի անդամները ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից

Ապրիլ 04,2014 21:02

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, կենսաթոշակային պարտադիր կուտակային բարեփոխման տապալումն իր ազդեցությունն ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի  որոշման վրա:

«Բայց թե ինչ հիմնական այլ գործոններ են ազդել, կիմանանք միայն, երբ տեսնենք շարունակությունը: Տեղի է ունենում մի գործընթաց, որը դեռ քաղաքացիներիս համար տեսանելի չէ: Եվ շատ դժվար է ասել, թե ինչու դա տեղի ունեցավ այս պահին՝ ՍԴ որոշումից հետո, արդյոք այդ որոշման հետ պայմանավորված էր, թե  ի վերջո վարչապետը հասկացավ, որ մոտ տասը տարի մշակված օրենքը թերություններով էր… կարծում եմ, որ այն ինչ իրականում տեղի ունեցավ , կիմանանք միայն, երբ ի հայտ գա վարչապետի հավանական թեկնածուն, հավանական կառավարությունն իր նոր ծրագրով»,- ասաց Դավիթ Խաժակյանը` «Aravot.am»-ին:

Նրա խոսքով, հաջորդ կառավարությունը ջանք ու եռանդ չպետք է խնայի կուտակային կենսաթոշակային համակարգը կամավոր դարձնելու և այն հնարավորինս արդյունավետ աշխատեցնելու վրա:

Ակտիվիստը նաեւ ասաց, որ ապրիլի 12-ին իրենք իրենց հերթական ակցիան կանցկացնեն՝ քննարկելու եւ ի մի բերելու ՍԴ որոշումը. «Որ քաղաքացիների հետ հասկանանք՝ ինչ էր ենթադրում ՍԴ որոշումը եւ ինչ պետք է անենք: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, հայցը բավարարեց, թե ինչ նրբություններով դա արեց, տեսնում ենք ՍԴ մեկնաբանության մեջ: Բայց ասում եմ, որ պահումները չպետք է պահվեն համաձայն Սահմանադրական դատարանի որոշման վեցերորդ կետի եւ իրավունքի գերակայության սկզբունքի: Եվ այն ինչ պահվել է, պետք է վերադարձվի: Ակնկալում ենք նոր կառավարությունից հստակ դիրքորոշում, այլ բան, եթե լինի, կնշանակի որ ՍԴ որոշումն անտեսվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930