Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայանը՝ պաշտոնյաների մասին. «Արա»-ով խոսողը չի կարող զբաղվել երկրի զարգացմամբ» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2014 12:04

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսելով նոր կառավարությունից մտավորականության ակնկալիքների մասին, նշեց. «Մտավորականը ո՞րն է, մինչեւ հիմա չենք տարբերում դա ինչ է, ով բարձրագույն կրթություն ունի, մի 15 գիրք է կարդացել,Գուչի-մուչիի դերձակների շոր է հագնում, ասում են մտավորական, իրականում մտավորականը բարոյական կատեգորիա է: Նոր կառավարությունը նախ պետք է տեսնի մտավորականի եւ ոչ մտավորականի տարբերությունը, հաշվի առնի մտավորականությունը: Մեկ-մեկ ասում են՝ ինչո՞ւ է իրեն հեռու պահում մտավորականություն: Հո դանակ-մկրատ սրողների պես փողոցում մեզ չե՞նք առաջարկելու: Բոլոր ժամանակներում բոլոր թագավորների կողքին մտավորականները կային, թագավորը հրավիրում էր, ասում էր եկեք՝ զրուցենք: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, ինչի համար հրավիրեցին ինձ ասուլիսի, ենթադրենք ասեցին, հետո՞…Եթե սա պետք է, ինչու արդյունքն ու հետեւանքները չենք տեսնում, եթե պետք չի, էլ ինչի՞ խոսենք…»:

Ճարտարապետը չի սիրում, երբ իրեն ամեն թեմայով հարցեր են ուղղում. «Բաներ կան, որոնցով չեմ զբաղվում, բայց բակի մակարդակի գիտեմ…Ավելի կարեւոր հարցեր կան, կա համամարդկային հարթակ, մենք լավ ուսումնասիրել ե՞նք համամարդկային դաշտը, պարզե՞լ ենք, որ շուկայի համար պիտի հրամցնենք մեր արվեստի գործերը: Օրինակ, Զալցբուրգում ամեն տարի ժամանակակից երաժշտության փառատոներ են լինում, բայց մեր տեղը թափուր է մնում, մինչդեռ ունենք այդ ուժը…Այդպես է նաեւ արվեստի տարբեր բնագավառներում…»:

Պատասխանելով օպերային թատրոնի տնօրենի մասին «Ազատություն» ռ/կ-ի հարցին, ասաց. «Ի՞նչ ասեմ, եթե օրինակ, Հանրապետական հիվանդանոցում մրցույթ հայտարարվի, կմտածեմ իմ կենսագրության մասին եւ մրցույթին հայտ չեմ ներկայացնի»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը համաձայն չէ, որ մտավորականությանը լսող չկա: Նրա ձեւակերպմամբ, ուղղակի խոսքի հասցեատիրոջը պետք է ճիշտ ընտրել: «Հիմնականում մեր խոսքը ուղղում ենք կառավարությանը, մինչդեռ պիտի ուղղենք հասարակությանը, որովհետեւ երբ մեր խոսքի ուղղվածությունը դեպի կառավարությունն է, մենք շատ նեղ ենք ընկալում մեզ: Իսկ եթե իշխանությունը չի արձագանքում մտավորականության խոսքին, դա իր պրոբլեմն է, եւ ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք եւ կարող ենք ունենալ բազմաթիվ մշակութային հաջողություններ, բայց ցավոք մեր երկրում ունենք հակամշակութային մթնոլորտ»:

Ռեժիսորին երկրում առկա ընդհանուր քաղաքակիրթ մթնոլորտի պակասն է ավելի մտահոգում. « Չեմ կարծում, որ մշակույթը պետք է լինի հանուն մշակույթի: Եթե այն չունի ելք դեպի հասարակություն, եթե չի ազնվականացնում մարդուն, ուրեմն մեր արածը գրոշի արժեք չունի: Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, սպասելիքներ չունեմ եւ չեմ ունեցել, ես աշխատում եմ մի թատրոնում, որը կրում է Թումանյանի անունը, իսկ Թումանյանն ունի մի հեքիաթ՝ «Քեֆ անողին քեֆ չի պակսի»: Արվեստը քեֆ չէ, բայց տոն է, արվեստով զբաղվելը տոն է…Ի դեպ, Փարաջանովը բանտում էլ էր արվեստագետ, իսկ ո՛չ արվեստագետները պահանջում էին ստեղծագործելու հատուկ պայմաններ: Փարաջանովին բանտ նստեցնելը պետության պրոբլեմն էր: Կուզենայի, որ կառավարությունն ունենար ծրագիր այն մասին, թե որտեղ է տեսնում Հայաստանի մշակութային ապագան, ինչ արժեքային համակարգում: Ինչի համար ենք այստեղ ապրում՝ հարստանալո՞ւ, թե՞ լավ քաղաքացի ունենալու: Եթե ես չգիտեմ հանուն ինչի՞ եմ ապրում, կգերադասեմ ապրել ուրիշ տեղ: Մենք մեզ պատասխան տվե՞լ ենք՝ ինչպիսի օպերային թատրոն ենք ուզում տեսնել: Եթե դնում ենք համապատասխան ծրագիր ու նոր ենք մրցույթ հայտարարում, այ դա ուրիշ է: Կարեւոր է նաեւ ոչ միայն այն ծրագիրը, որ առաջարկվում է, այլ ո՞վ է դա առաջարկում, ինչ կենսագրություն ունի: Այնպիսի կառույց ինչպիսին օպերային թատրոնն է, չի կարող լինել առանց գեղարվեստական ղեկավարի: Որևէ մենեջեր չի կարող մշակել գեղարվեստական ստրատեգիա: Թատրոնը կարող է շահույթով աշխատել, օրինակ` տարածքը սողունների տրվի վարձակալության, բայց դա մենեջմենթ է, ոչ թե գեղարվեստական ստրատեգիա: Մշակույթը ատամ լվանալու մածուկ է, ատամնաշարը՝ հասարակությունն է, չկա մշակույթ, մի դժգոհեք կարիեսից: Մշակույթը պետք է բոլոր ոլորտներին, անգամ պաշտպանության նախարարությանը: Եթե ԱԺ-ում «արա»-ով են խոսում, էլ ինչի՞ մասին է խոսքը: «Արա»-ով խոսողը չի կարող զբաղվել երկրի զարգացմամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930