Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ոչ պակաս չափով մասնակցել է կուտակային համակարգի ներդրմանը. «168 ժամ»

Ապրիլ 17,2014 12:38

Պարտադիր բաղադրիչը (որի դեմ է այս ամբողջ պայքարը) պահպանվելու է։ Այդ մասին Հովիկ Աբրահամյանը հստակ հրահանգ է ստացել երկրի նախագահից, ով ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում հստակ նշեց, որ սկիզբ առած բարեփոխումները, այդ թվում՝ պարտադիր կուտակային համակարգը, պետք է շարունակվեն։

Հովիկ Աբրահամյանն ունի 6 ամսից պակաս ժամանակ՝ խնդիրը լուծելու համար։ Նա պետք է խնդիրն այնպես լուծի, որ մի կողմից՝ չխախտի նախագահի հրահանգը (բացի այդ, 5%-ներից հրաժարումը կարող է վտանգի տակ դնել բյուջեի կատարումը), և մյուս կողմից՝ չավելացնի բողոքի ալիքը։ Ընդ որում, սա ոչ միայն ամբիցիաների խնդիր է, այլև ռեալ վտանգ է պարունակում։ «Դեմ եմ» շարժումը, որն իր մեջ ներառում է առաջին հերթին՝ ինտելեկտուալ զանգվածին, բավականին կազմակերպված է և կրեատիվ։ Բանկոմատներից միաժամանակ գումարները կանխիկացնելու ակցիային կարող են հետևել նաև այլ անսպասելի քայլեր, որոնք նոր կառավարության համար կարող են լուրջ խնդիրներ ստեղծել։

Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, կանգնած է բարդ՝ գրեթե անլուծելի խնդրի առաջ։

Իսկ ցանկություն ունի՞ նա արդյոք լուծել խնդիրը։ Ինչպես նշեցինք՝ այո։ Սակայն այլ հարց է՝ ո՞ւմ օգտին։ Միգուցե նորանշանակ վարչապետը հոգու խորքում դեմ է այդ բարեփոխում կոչվածին, սակայն հենց սկզբից ամեն ինչ արել է այն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հովիկ Աբրահամյանն այն ժամանակ ԱԺ նախագահ էր և կողմ էր քվեարկել։ Լավ, միգուցե այն ժամանակ նա խորությամբ չէր ուսումնասիրել փաթեթի վտանգները, իսկ հիմա կարծիքը փոխել է։

Սակայն Հովիկ Աբրահամյանը կուտակային համակարգը պաշտպանելու ևս մեկ առիթ ունեցավ արդեն 2013-ի վերջին։

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները՝ հավաքելով անհրաժեշտ քանակի ստորագրություններ, արտահերթ նիստ էին հրավիրել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հարցով։ Սակայն ԱԺ Հանրապետական և «Օրինաց Երկիր» խմբակցությունները չներկայացան 15-ին՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստին՝ տապալելով այն։ Դա Սահմանադրության խախտում էր, ինչի մասին հետագայում ասաց նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, սակայն եղածն արդեն եղած է։

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը չի կարողանա անբարենպաստ լուծման դեպքում սլաքներն ուղղել միայն նախկին վարչապետի վրա և ասել, որ մեղավորը նա է։ Նա ինքն էլ ոչ պակաս չափով մասնակցել է համակարգի ներդրմանը և պաշտպանել այն դժվարին պահերին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930