Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն ճշմարտության

Ապրիլ 26,2014 14:30

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Վահան Տերյան

Ահավասիկ, դարձյալ մեծամասնություն կոչվածը թելադրում է իր կամայականությունները, որոնք ի կատար են ածվում Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով. նշանակվում են նախարարներ՝ միեւնույն անունների շուրջ: Այսինքն՝ գալիս են ու վերարտադրվում երկրորդ եւ երրորդ նախագահների օրերին գործող իշխանավորները: Այս նշանակումներից առավել դժգոհ է ՕԵԿ-ը, որն այլեւս սպառել է իր հեղինակության պաշարը: Իհարկե, այս կուսակցության նախագահը որպես մտավորական, իր ինտելեկտով, շրջահայացությամբ, իրերի դրության անմիջապես ընկալմամբ անհամեմատ բարձր է նորանշանակ վարչապետից, բայց հակառակ վերջինիս անհատական որոշ առավելությունների, Արթուր Բաղդասարյանի մեջ բացակայում է մարդկային անկեղծությունը, քաղաքացիական արդարամտությունը, հայրենասեր հայի տեսակը, ինչն անհրաժեշտ է մեր ժամանակի պետական ու քաղաքական գործչին: Ահա այս հանգամանքները հաշվի առնելով՝ նպատակահարմար չի գտնվել ՕԵԿ-ի առաջնորդին երկրի վարչապետ նշանակելը, քանզի նման նշանակումը կարող էր վտանգել ժողովրդի վստահությունը պետության հանդեպ:

Գալով 4 ընդդիմադիր ուժերի միասնական պայքարի բնորոշմանը, ցույց տանք սրանցից յուրաքանչյուրի պահանջատիրական դիրքորոշումը:
ՀԱԿ-ը բացարձակ ընդդիմություն է եւ մերժում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու կամ որեւէ հարց քննարկելու գաղափարը, քանզի գործող նախագահին համարում է ապօրինաբար ընտրված: Առարկելի է այս պատճառաբանությունը, թե ոչ՝ թողնենք ժամանակին: Սակայն անառարկելի է այս կուսակցության հստակ եւ ուղղակի մոտեցումն առաջադրված հարցին՝ նախագահի եւ կառավարության միաժամանակ հրաժարականի պահանջը: Միայն այստեղ է բացակայում երկընտրանքը: Նման կեցվածքը հատուկ է որոշակի եւ հիմնավոր գաղափարախոսություն որդեգրած կուսակցությանը:

«Ժառանգությունը» համարվում է հայ ժողովրդի մեծամասնության կողմից վերջին նախագահական ընտրություններում ամենաշատ քվեի արժանացած եւ հաղթած կուսակցությունը, որի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի լիներ իրավամբ ընտրված այսօրվա ՀՀ նախագահը: Ընտրությունների կեղծման արդյունքում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Այս կուսակցությունը իր պայքարի սկզբում կարողացավ համախմբել սոցիալապես աղքատ եւ բողոքական զանգվածներին, որոնց ուշադրությունը գրավում էր նրա ամբիոնը: Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակությունը սասանվեց ՀՀ ոստիկանապետի աճպարարության շնորհիվ, այն է՝ անհարկի մոմավառության գնալը, ինչը կատարվեց մեր թեկնածուի երեխայական միամտությամբ: Այժմ այդ կուսակցությունն անզոր է վերականգնելու անցյալի իր վարկանիշը, որ նման է քնից ուշ արթնացած աքաղաղի միջօրեի կանչի:
ԲՀԿ-ն Հայաստանի նորաստեղծ կուսակցություններից երկրորդ մեծածավալ կուսակցությունն է, որը համերաշխող դերակատարում ունի երկրի ներքաղաքական կյանքում եւ հայտնի է Գագիկ Ծառուկյան իր առաջնորդով: Այս կուսակցության գործունեությունը ժողովուրդ-պետություն-եկեղեցի կառույցների միջեւ իրավահարաբերություններ չափաբերելն է բարեգործության եւ ժողովրդավարության միջոցով: Վերջերս ԲՀԿ-ն ցուցաբերում է վճռականություն օրենքի գերակայության պահանջով եւ իր հստակ դիրքորոշումը հայտնում ընդդիմադիր դաշտում: Աննահանջ առաջ գնալու նրա ցանկությունը հատկապես դրսեւորվեց կուսակցության վերջին համագումարում Ծառուկյանի ելույթում, որում շեշտադրված էին ժողովրդի սոցիալական ցավով ապրող առաջնորդի առաջադրանքը իշխանություններին: Այս ճառում ուղենշված էին երկիրը ճգնաժամից դուրս բերելու հնարավորություններն ու գործելակերպը: Կասկածից վեր է, որ ճառը շարադրված էր օրենսգիտորեն եւ գրագետ: Այն օրինակելի էր իբրեւ հասարակության հոգսերով ապրող քաղաքական գործչին հատուկ բովանդակալից ելույթ:

Թվում էր, թե այս քաղաքական երանգապնակի վրա իր ազդեցիկ կնիքը պիտի թողներ ՀՅԴ կուսակցությունը: Նա պիտի ասեր իր ծանրակշիռ խոսքը: Չասաց, ցավոք սրտի՝ չասաց: Ի՞նչ նպատակ էր հետապնդում նրա 7 կետանոց սակարկագին պահանջը, որին չհասնելով, ահա, արդեն իշխանափոխության է ձգտում: Չմոռանանք, որ այս կուսակցությունը ոչ հեռու անցյալում իր արյամբ է հասել ազգային նպատակներին: Նա մասնակիորեն չի պահանջել իշխանության իր բաժինը, այլ ամեն դեպքում ձգտել է լիակատար հաղթանակի: Ի՞նչն էր ստիպում նրան՝ գինովցած տղեկի նման զարնվել իշխանության միջանցքի պատերին եւ մուրալ մեկ-երկու աթոռ, այն էլ ոչ երեւելի: Ինչո՞ւ միայն արհամարհանքից դրդված ՀՅԴ-ն սկսեց պահանջել ամբողջական իշխանափոխություն: Ժամանակն է գիտակցել, որ առանց միասնական ու միահամուռ պայքարի՝ անկատար են մնալու մեր ժողովրդի անկախ ու բարեկեցիկ ապրելու բոլոր իղձերը:

ՄԵՐՈՒԺԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930