Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Նարեկ Սարգսյանին հարկավոր է բետոնե խցի մեջ պահել»

Ապրիլ 26,2014 16:00

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ կան ուժեր, որոնք ձգտում են Հայաստանի ու մեր նման այլ երկրների քաղաքացիներին համոզել, թե առանց իմպերիայի չի կարող պետություն, բանակ ու տնտեսություն լինել. « Իբր պետք է գնանք միանանք մեծ, կայացած պետության, դառնանք նրանց վասալը ու այդպես ապրենք»: Մյուս կողմից էլ նա հույս ունի, որ Ռուսաստանն այլեւս առաջվանը չէ, եւ լավ իմաստով փոխվել է:

«Մի քանի օր առաջ Պուտինը հայերին ու էլի մի քանի ժողովրդի ռեաբիլիտացրեց, իսկ ռեաբիլիտացիան նշանակում է՝ ձեր նկատմամբ սխալ ենք վարվել: Հույս ունեմ, որ Ռուսաստանը ռեաբիլիտացիա կհայտարարի նաեւ Կարսին, Նախիջեւանին, մենք հույսի շանս ունենք: Ռուսաստանը փոխվում է, կարող ենք գտնել ձեւը, ինչպես Մյասնիկյանի, Խանջյանի, Քոչինյանի ժամանակ, երբ սոցիալիստական Հայաստանը դարձավ պետություն, կարողացավ վերանվաճել իր հայրենիքի կորուսյալ հատվածի մի մասը՝ Ղարաբաղը»,-ասաց Ազատ Արշակյանը:

Խոսելով իշխանությունների մասին, նա ասաց, որ վերջինիս թերությունների դեմ պետք է պայքարել՝ սկսած Շանթի մեթոդից, բայց սխալ է ասել, թե չեմ ճանաչում երկրի իշխանության բաղադրիչները, օրինակ` արդարադատության համակարգը:
Որոշ հարցերի շուրջ, Ազատ Արշակյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը տարաձայնություններ ունեցան: Արշակյանը Շիրխանյանին կես կատակ-կես լուրջ անվանեց ռուսաֆոբ:

«Ես ռուսաֆոբ չեմ, դե բեր ասենք, որ ո՛չ Մյասնիկյանը, ոչ Դեմիրճյանը, ոչ Քոչինյանը Հայաստանի համար ոչինչ չեն արել, կլինի՞: Ուզում եմ միայն փաստել, որ 1991 թվականին 3,8 մլն-ով անկախացանք, հիմա երկու միլիոն ենք»,-ասաց պարոն Շիրխանյանը: Նա մի դրվագ հիշեց. «Երբ ժամանակին ՆԱՏՕ-ն ստորագրում էր գործընկերության մասին պայմանագրեր, էդ գործը իմ մոտ էր իբրեւ փոխնախարար, ես դա ձգել եմ մեկ տարուց ավել, չէի մակագրում: Հետո ինձ հրավիրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ինչո՞ւ չես ստորագրում: Ասացի, որ մեծ վտանգներ ունի: Բայց ի վերջո, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ստիպեցին, ստորագրեցի»:

Վահան Շիրխանյանը խոսելով նոր կառավարության մասին, որը դեռ լրիվ չի կազմավորվել, ասաց, որ վերջինիս կարեւորագույն խնդիրը պետք է լինի արդյունաբերության իրական հատվածի զարգացումը: Ասաց նաեւ.

«Կառավարության կազմում անձի գործոնը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է համակարգը: Ցավոք, մենք այսօր մաս ենք կազմում փողի իմպերիայի, որը Ռուսաստանը չէ, ու շատ ավելի դաժան է»:
Ազատ Արշակյանը նշեց, որ նոր նշանակվածներից հավանում է Դավիթ Հարությունյանին, ապա հավելեց. « Եթե մենք վերցնենք մարդկանց ու նրանց անցյալից գնահատելով գանք, հնարավոր է, որ ընդհանրապես իշխանություն չունենանք: Հասկանալիորեն մեր պահանջները իշխանությունից չափազանց մեծ են, օբյեկտիվորեն ուզում ենք, որ իշխանությունը իդեալական լինի, որովհետեւ սպառնալիքներ ու մարտահրավերներ կան հայ ժողովրդի եւ պետականության առաջ»:
Aravot.am-ը խնդրեց, որ Ազատ Արշակյանը կարծիք հնչեցնի նաեւ քաղաքաշինության նախարար նշանակված Նարեկ Սարգսյանի մասին, որի նշանակումը որոշակի դժգոհություն է առաջացրել ոլորտի ներկայացուցիչներից ոմանց շրջանում: «Եթե Նարեկ Սարգսյանի անցյալը հաշվի առնենք, որպես Երեւանը կանաչազրկող, ապա Նարեկ Սարգսյանին հարկավոր է բետոնե խցի մեջ պահել ողջ կյանքում: Մյուս կողմից էլ, կառավարությունը նրան շանս է տվել՝ սխալները շտկելու…Ես մի քանի տարի եղել եմ նման խցում ու գիտեմ դա ինչ է…»,-ասաց Արշակյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930