Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետ` բետոնե սառը հատակի վրա (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 13,2014 23:57

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Գյումրիում է գտնվում Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Նա մեկ շաբաթով է հյուրընկալվել` «Էսկադա» պարի թատրոնի սաներին վարպետության դասեր տալու, պարեր ուսուցանելու համար: Հոկտեմբերին  «Էսկադա»-ն նշելու է իր հիմնադրման 20-ամյակը, որին մասնակցելու է նաև  «Ռուսկիե սեզոնի» պարային համույթը: Այժմ հեղինակավոր բալետմեյստերը օրական մի քանի ժամ, բավական ծանր գրաֆիկով պարապմունքներ է անցկացնում պարի թատրոնի երեխաների հետ, որպեսզի հասցնեն նախապատրաստվել հոկտեմբերի համերգին ու պարային շոուին:

«Էսկադա» պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դիաննա Մացոյանը Aravot.am հետ զրույցում ասաց, որ իրենք են հրավիրել աշխարհահռչակ բալետմեյստերին, վերջինս էլ, չնայած իր մեծ զբաղվածությանը, եվրոպական տարբեր երկրների բալետային թատրոններում հեղինակած բեմադրություններին,  մեծ սիրով համաձայնել է Գյումրի գալ:

«Մենք համատեղ ծրագիր ենք անելու, ունենալու ենք ամբողջական մի ծրագիր` կարելի է ասել համերգ-ներկայացում,  որի ամեն մի համար սյուժետային է, էտյուդային է, թեմատիկ պարեր են լինելու, որոնք որ ունեն իրենց թեման ` զարգացում, կուլմինացիա, ավարտ: Մենք ունենալու ենք ասելիք, շատ հետաքրքիր շոու է լինելու և ուզում ենք, որ նախ չկրկնվի համերգը, որովհետև ամեն անգամ «Էսկադա»-ն փորձել է յուրովի, նոր ֆորմայով, նոր ոճով ներկայանալ հանդիսատեսին: Այս անգամ ևս ուզում ենք զարմացնել և հիացնել մեր հանդիսատեսին: Համերգից մի շաբաթ առաջ Նիկոլայ Անդրոսովը կգա Գյումրի, ընդհանուր աշխատանքներ կանցկացնենք` արդեն անսամբլի հետ է լինելու նա, որպեսզի համատեղ համարները փորձենք ու միասին անցկացնենք մեր տոնը»,- ասաց Դիանա Մացոյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք` եթե Ռուսաստանի վաստակավոր արտիստի փոխարեն հայ պարարվեստի որևէ հայտնի դեմքի հրավիրեին Գյումրի` փորձեր անելու, այսպես սիրով, պատրաստակամությամբ ու անշահախնդրորեն կգայի՞ն, կտրամադրեին իրենց ժամանակը: «Չեմ կարող ասել, որովհետև մենք միանգամից իրեն դիմեցինք` հայ–ռուսական բարեկամությունից դուրս գալով, և հետո մեր բարեկամությունը 6-7 տարի առաջ է սկսվել, մենք Մոսկվայում մասնակցեցինք համատեղ համերգի, որը նվիրված էր երկրաշարժի 20-ամյակին, և մեր համերգ-երեկոն, պարի լեզվով ասած, խոնարհում էր բարեգութ սրտերին: Որպես հուշ-երեկո զոհվածների հիշատակին և որպես խոնարհում` շնորհակալական խոսք էն ազգերին, որոնք երկրաշարժի դժվարին օրերին մեր կողքին էին, էդ թվում և Ռուսաստան էր չէ՞ մեր կողքին: Եվ մենք համատեղ միջոցառում անցկացրեցինք, և դա էլ պատճառ եղավ, որ մենք ծանոթանանք մեր լավ բարեկամներին և հիմա նրանք բոլորովին անշահախնդիր նվիրելու են նոր համարներ: Նիկոլայ Անդրոսովը վարպետության դասեր է տալիս, ինչը որ շատ հետարքրիր է և շատ կարևոր: Էս պահին շատ դժվար է չէ՞ էդ մեծության մարդու հետ աշխատել, ով որ տալիս է ամեն ինչ, ինչ հնարավոր է, 7 օրվա մեջ 12-14 փորձեր ենք արել»:

Դիանա Մացոյանը նաև ասաց, որ Նիկոլայ Անդրոսովը մի շաբաթով է եկել, ավել չէր կարող մնալ, որովհետև նա բեմադրություն է իրականացնում Եվրոպական երկրներում, ֆրանսիայում, բալետային թատրոններում, շատ նորարական գաղափարաներ ունի:

Նիկոլայ Անդրոսովը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի «Էսկադան» նոր ծրագրով հանդես գա, թարմացնի իր պարացանկը և կոլեկտիվը ներկայանա արտասովոր ձևով: Նշենք, որ բալետմեյստերը իր պարապմունքներն անցկացնում էր բետոնե սառը հատակի վրա: Նա մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց նաև այս փաստի շուրջ` նշելով, որ  այսպիսի պայմաններում բալետ սովորեցնելը ուղղակի անհնար է: «Երեխաները պառկում են հատակին, մենք բալետի պրոֆեսիոնալ տարրեր ենք առաջարկում նրանց, որոնք պահանջում են հատուկ ծածկույթներ, բայց այստեղ բետոնե հատակ է, որը վտանգավոր է, ոտքերը չեն կարող դնել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ քաղաքը տուժել է երկրաշարժից, կառույցների խնդիր կա, հասկանում ենք, որ աշխատում ենք այն պայմաններում, որը հնարավոր է , բայց ցանկալի է, որ հետագայում բալետի համար հատուկ պայմաններ ստեղծվեն, քանի որ երեխաները հանված են փորձարկումներ անում, բոբիկ ոտքերով են, բալետի ծածկը պետք է նորմալ լինի, որպեսզի փորձարկումներ կարողանանք անել, հիմա շատ դժվար է: Բայց, իհարկե, մենք Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը չենք բարձրացրել, չենք բողոքել, նա մեզ խոստացավ, որ մեզ ամեն ձևով կօգնի, շնորհակալություն նրան, որ մեզ ընդունեց և լսեց: Մենք այս հարցը չբարձրացրեցինք` մտածելով, որ իրոք դժվար է լուծելը, բայց լուծումներ են պահանջվում, քանի որ երեխաները շատ են Էսկադայի, պայմանները զարգացնել են պետք»,- ասաց Նիկոլայ Անդրոսովը:

Նշենք, որ հոկտեմբերին սպասվող համերգի պարերը Նիկոլայ Անդրոսովի հետ միասին բեմադրելու է «Էսկադայ»-ի պարային թատրոնի գեղարվեստական ղեկավար ղեկավար Դիանա Մացոյանը, համերգի բեմադրիչը Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է, գլխավոր պրոդյուսերը Հրաչյա Քեշիշյանն է, իսկ գործադիր պրոդյուսերը Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը:

DSC_2128

DSC_2115

DSC_2155

Տեսանյութում դիտեք հատված հայտնի բալետմեյստերի վարպետության դասից:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պարոնայք մեծահարուստներ: Օգնեք բետոնե հատակը փոխել: Խնդրում եմ: Աստվածահաճո գործ արած կլինեք:

  2. Արա says:

    Բալետը ատոմային ֆիզիկա չէ: Այստեղ ոչ թե փորձարկումներ են անում, այլ փորձեր…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031