Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի հոր ու մոր սպանությունից հետո որբացած երեխաների ճակատագիրը

Մայիս 24,2014 14:28

Երկար տարիներ Գյումրու Մուշ թաղամասում բնակվող, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրար հետեւից սպանված ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի եւ եզդի Մայա Շաքոյանի համատեղ ամուսնությունից ծնված 6 եւ 10 տարեկան երեխաների խնամակալության հարցը վերածվել է աղմկոտ թեմայի: Երեխաները բառի իսկական իմաստով կռվախնձոր են դարձել Թուրքիայում բնակվող հորաքրոջ եւ ներկա պահին Գյումրիում գտնվող եզդի մորաքրոջ` Բասի Շաքոյանի միջեւ: Քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովն էլ նրանց ժամանակավորապես հանձնել է մանկատուն` մինչեւ որ լուծում փնտրեն: Իսկ այն կարծես թե չի լուծվում որբացած երեխաների ծնողների արտառոց սպանության պատճառով:

Անցած տարի Թուրքիա հյուր գնալիս ազգությամբ եզդի Մայային մանկահասակ երեխայի աչքի առաջ սպանել էր նրա քուրդ հորեղբայրը: Այս լուրը իմանալով` Մայայի առաջին ամուսնուց ծնված որդին` Մաքսիմ Բաքոյանը, որը գտնվում էր Գերմանիայում, վերադարձել էր Գյումրի ու սպանել էր խորթ հորը` Էվիլիա Գյուլիշթեքին: Այժմ հարց է առաջանում` ո՞ւմ հանձնեն երեխաների խնամակալությունը, որպեսզի նրանց կյանքը չխորտակվի, տեղափոխել Թուրքիա՞, թե՞ թողնել Ռուսաստանից Գյումրի եկած մորաքրոջ մոտ: Գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը Թուրքիայում բնակվող հորաքրոջ շահերն է ներկայացնում, որը պնդում է, թե իր սպանված եղբայրը Թուրքիայում մեծ ապրուստի տեր է` տներ ու հսկայաքանակ անասուններ ունի, եւ երեխաները նյութապես ապահովված կապրեն Թուրքիայում: Ազգությամբ եզդի մորաքույրն էլ ահաբեկվում է այս մտքից` հիշելով իր քրոջ սպանությունն այնտեղ:

«Առավոտ»-ի հետ զրույցում փաստաբան Գարիկ Գալիկյանը կարծիք հայտնեց, որ նման հարցերը պիտի քննարկել ոչ միայն իրավական տեսանկյունից, այլեւ բարոյական` ելնելով երեխաների առավելագույն շահերից: Ըստ նրա՝ չպիտի թույլ տալ երեխաներին տեղափոխել Թուրքիա, քանի որ այնտեղ է սպանվել նրանց մայրը, ընդ որում՝ երեխաների աչքի առջեւ: «Օրենքն ի՞նչ է ասում, երեխաների շահերը մաքսիմալ պետք է հաշվի առնեն. որքանո՞վ է բարոյական ու ճիշտ երեխային հանձնել մի պետության, որտեղ աչքի առաջ սպանել են տվյալ երեխայի մորը, որքանո՞վ է ճիշտ երեխաներին վերցնել-հանձնել մի պետության քաղաքացու, որտեղ սպանելով մեր պետության քաղաքացուն՝ տվյալ մարդը որեւէ տեսակի պատասխանատվության չի ենթարկվել»,- հարցնում է փաստաբանը: Գարիկ Գալիկյանի ասելով՝ քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը որեւէ հակափաստարկ չի կարողացել ներկայացրել, թե ինչո՞ւ են այդ երեխաներին զրկել մորաքրոջ խնամքից, որը բավական լավ է պահել նրանց, երեխաները ջերմությամբ են շրջապատված եղել: Ընդ որում, հանձնաժողովի նիստը գումարվել է առանց մորաքրոջը տեղյակ պահելու, առանց նրա մասնակցության, ինչպես որ օրերս «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի նկարահանման ժամանակ բողոքել է մորաքույրը: Բասի Շաքոյանի այս պնդմանը վերոհիշյալ հաղորդմանը մասնակցող քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց ի՜նչ ամոթ Հայաստանին, եթե այդ երեխաներին տանեն Թուրքիա: Իրենց մորը սպանած «հորեղբայր» կոչվածի մոտ պիտի «նյութապես ապահով» մեծանա՞ն: Բա ամոթ չի՞: Էդ երեխաները որ հայ լինեին, էլի Թուրքիա կուղարկեի՞ք: Հետո ինչ,որ եզդի են. ՀԱՅԱՍՏԱՆՑԻ չե՞ն:

    Էդ մորաքույրը բա մեղք չի՞: Պատկերացրեք ձե՛ր քրոջը սպանած լինեին. ձեզ ո՞նց կցգայիք: Կամ Մաքսիմ Բաքոյանը ի՞նչու է դեռ կալանքի տակ. իսկ էդ տղան զոհ չէ՞:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031