Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանը իրեն մեղավոր է զգում, քանի որ հայությունը դիմադրել է»

Հունիս 07,2014 15:13

Լարիսա Ալավերդյանը սահմանամերձ գյուղերի ավերվածությունները համարում է ազգային անվտանգության խնդիր

«Սրանով Երեւանը անմիջականորեն զգաց պատերազմի ընթացող գործողությունների շունչը»,- այսօր՝ հունիսի 7-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական գոտում օրերս Ադրբեջանի կողմից երկու հայ պայմանագրային զինծառայողների սպանությանը, հայտարարեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:

Նրա խոսքերով՝ թուրքերը մեզ սթափեցրին՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր քայլ կատարելիս Հայաստանը պետք է հաշվի առնի, որ պատերազմական իրավիճակի մեջ է գտնվում: Պարոն Դեւրիկյանը հայտարարեց, որ պետք է ընդգծել, որ հայ-ադրբեջանական սահմանը հասարակ սահման չէ, այլ այն ավելին է քան սահմանը.
«Դա իր մեջ որոշակի տարեր է պարունակում, որ մենք դա ընկալենք, որպես արտաքին սահման՝ այնպես, ինչպես Իրանի հետ սահմանն է, եւ Թուրքիայի հետ սահմանն է: Եւ սահմանային ռեժիմն այդտեղ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի սահմաններում պետք է ներգրավվի, կամ գոնե արտաքին առումով դիտվի որպես արտաքին սահման, այսինքն՝ այդտեղի գործողությունները չդիտվեն այնպես, ինչպես Նոյեմբերյանում է դա լինում, կամ Տավուշի մարզում»:

Իսկ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Հայաստանի բնակիչները ընդունել են, որ Ադրբեջանը կարող է Տավուշի կամ Նոյեմբերյանի սահմաններում հրադադարը խախտել եւ ընկալում են որպես առօրյա, քանի որ իշխանությունը երբեւիցե քաղաքական հստակ դիրքորոշումով չի դրել այդ հարցը.

«Ոչ թե հայտարարություններ անել, այլ որեւէ մի ատյանում՝ լինի դա ԵԱՀԿ, լինի դա Եվրոպայի խորհուրդ, լինի դա այլ հարթակներ, չի բարձրացրել այդ հարցը: Իշխանությունը չի դարձրել օրակարգային հարց, ինչպես դա անում է Ադրբեջանը: Այսինքն՝ մենք հստակորեն, կարծես, թե, համաձայնվել ենք, որ նա, քանի որ դժգոհ է, այդպիսի բաներ անի»:

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը շարունակում է իրեն մեղավոր զգալ, քանի որ հայությունը կարողացել է դիմադրել եւ թույլ չի տվել իրեն դուրս հանել իրենց պատմական հողերից: Նա Ադրբեջանի այդ քայլը բնութագրեց ինչպես պետական ահաբեկչություն ոչ միայն պետության, այլեւ սահմանում բնակվող խաղաղ բնակչության դեմ: Առաջին օմբուդսմենը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին եղել է շատ սահմանամերձ գյուղերում, եւ հիմա, երբ վերադառնում է գյուղեր, տեսնում է ավերվածություններ.

«Դա եւս ազգային անվտանգության խնդիր է: Այս է պատճառը, որ մենք ասում ենք ներքին քաղաքականությունը մեր սահմանների, այսինքն՝ արտաքին քաղաքականության հետ վերին աստիճանի կապված է: Եվ եթե տարիներ շարունակ խոսում ենք համաչափ զարգացման մասին, իսկ գնալով գյուղում բնակվողների տարիքը մեծանում է, իսկ թիվը՝ փոքրանում, դա եւս իշխանությունների խնդիրն է, այստեղ հստակ իշխանությունների պատասխանատվությունն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30