Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյանը ճամպրուկները հավաքել է եւ պատրաստ է մեկնել Բաքու (Տեսանյութ)

Հունիս 20,2014 14:33

«Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը ճամպրուկները հավաքել է եւ պատրաստ է մեկնել Բաքու, եթե որոշեն, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան մեր ազատագրված տարածքներ. «Միայն իմ դիակի վրայով նրանք կվերադառնան ազատագրված տարածքներ»,-այսօր Փախստականների միջազգային օրվա առիթով «Ազատ խոսք» մամուլի ակումբում ասաց Գրիգորի Այվազյանը՝ վստահեցնելով, որ իր պես շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են իր հետ մեկնել Բաքու, քանի որ իրենք էլ տեղահանվել են Ադրբեջանից:

Գրիգորի Այվազյանի խոսքերով, իրեն, պարբերաբար, թե՛ մեր երկրում որոշ ուժեր, թե՛ Ադրբեջանցի գործիչներ սպառնում են վերացնել, եթե շարունակի պահանջել փախստականների իրավունքների պաշտպանություն:

 

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը զարմանում է, որ մեր իշխանությունները տարբերություն են դնում 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության եւ 25-26 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության միջեւ, այն դեպքում, երբ հազարավոր հայեր Ադրբեջանից գաղթած նկարագրում են այն տեսարանները, որոնք տեղի են ունեցել 15 թվականին: Ըստ նրա, Բուդապեշտում կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը նույնպես ցեղասպանություն է. «Դուք տեսեք, ինչ նպատակով՝ «համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի ներքո էր նա մեկնել Բուդապեշտ եւ ինչ տեղի ունեցավ»:

Տիկին Ալավերդյանը ցավով է նշում, որ Հայաստանը չունի հարյուր հազարավոր փախստականների համար մշակված քաղաքականություն, որը իր օգուտը կբերի նաեւ միջազգային ատյաններում: Նրա խոսքերով, մեր իշխանությունները փախստականների հարցերում ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին աշխարհում չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել հենց հստակ քաղաքականություն չունենալու պատճառով, մինչդեռ Ադրբեջանը փոխվարչապետի մակարդակով ունի կառույց եւ փախստականների հետ կապված հարցերում մեծ հաջողության են հասնում:

Տիկին Ալավերդյանի ներկայացմամբ, Ադրբեջանը մինչ այժմ ունի վրանային ճամբարներ իրենց փախստականների համար, որպեսզի աշխարհին ցույց տա, որ իրենք փախստականներ ունեն: Լարիսա Ալավերդյանը չի ցանկանում, որ հայ փախստականներն էլ ապրեն այդպիսի ճամբարներում եւ շատ ուրախ է, որ նրանց ի սկզբանե էլ տեղավորել են քարաշեն կառույցներում, բայց այսքան տարիներ անց, այդ մարդկանց պայմաններն այդպես էլ չեն բարելավվում, ինչը փախստականի իրավունքի խախտում է համարում: Ադրբեջանից բռնագաղթած շատ փախստականներ հենց այդ վատ պայմանների պատճառով էլ լքել են Հայաստանը եւ շարունակում են գնալ:

Տիկին Ալավերդյանն անընդունելի է համարում, որ մեր երկիրն անգամ փախստականներից է մաքս գանձում սահմանի վրա, երբ նրանք իրենց տան իրերն են տեղափոխում հայրենիք: Այսօր սիրիացի շատ փախստականներ կանգնած են նման խնդրի առաջ. «Պատճառաբանում են՝ օրենքն է այդպիսին, է,՛ փոխեք օրենքը: Օրենքները նրա համար են, որ բարեփոխեն մարդկանց կյանքը, որպեսզի ի նպաստ քաղաքացուն լինեն, ոչ թե խնդիրներ առաջացնեն նրանց համար»:

Գրիգորի Այվազյանի խոսքերով, իրենց նկատմամբ այս 26 տարիների ընթացքում խտրականությունը չի վերանում եւ մինչեւ հիմա «թուրքի պիտակը» Ադրբեջանից բռնագաղթված հայերի վրա է. «Մենք ոչ մի իշխանական մարմնում ներկայացված չենք, ինչը իսկական խտրականություն է»:

 

Տիկին Ալավերդյանի խոսքերով, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 420 հազար Ադրբեջանը լքած քաղաքացիների համար:

Նշենք, որ այսօր էլ Շահումյանի անկման 22-րդ տարելիցն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30