Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի ըմբռնի գրողի խոսքը՝ Աստված իր հետ»

Հունիս 27,2014 14:09

Ըստ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝
ՀԳՄ-ում ոչ մեկի «զոռով» չեն պահում

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանն (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ներկայիս Գրողների միությունը նախկինի հետ կապ չունի: «Նախկին միությունը ուրիշ՝ գաղափարական հենքի վրա էր ստեղծվել ու պետականորեն պահպանվում էր, վճարվում էր, շենքը իրենցն էր, գրողներին տներ էին տալիս, գրքերը պետության հաշվին տպագրում, հիմա Գրողների միությունը լրիվ այլ կարգավիճակում է: Ինքն է սոցիալական ու այլ հարցեր լուծում…Երեւի Հայաստանի գրողների միությունն աշխարհի միակ միությունն է, որ գրողներին անվճար ստեղծագործելու հնարավորություն է տալիս իր՝ Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տներում: Աշխարհի գրական փառատոներին ներկայանալու, գրական կապեր հաստատելու, մրցանակներ սահմանելու առումով էլ ՀԳՄ-ի դերակատարությունը կարեւոր է, եթե միությունը չլիներ, նրա փոխարեն մեկ այլ կառույց պետք է ստեղծվեր: Ժամանակակից գրողները հազար ու մի հարց ունեն, ու բոլոր հոգսերի լուծման կիզակետը հենց Գրողների միությունն է»,- համոզված է մեր զրուցակիցը:

Բնականաբար հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է այն մտայնության մասին, որ Գրողների միությունը ընկալվում է իբրեւ խորհրդային ժամանակների մնացուկ: «Հիմա էդ միությունը պետք է, թե պետք չի, թող ընթերցողն ինքը որոշի, էստեղ ոչ ոք որեւէ գրողի ձեռքը չի բռնում, ոչ էլ որեւէ գրողի ուղղորդում է, թե ինչ գրի: Գրողն ազատ է, ուզո՞ւմ է գալ միություն, թող գա, չի՞ ուզում՝ թող դուրս գա միությունից…Մենք որեւէ մեկին չենք խնդրում, որ գան միություն, ոչ էլ խնդրում ենք, որ մեզ խղճալով մնան: Դա իրենց գրողական ընտրությունն ու իրավունքն է: Գրողների միությունը եւս հասարակական կազմակերպություն է եւ մյուսների պես իրավունք ունի գոյատեւելու»,- նշում է ՀԳՄ նախագահը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀԳՄ հոբելյանական միջոցառումներին: Պարոն Միլիտոնյանն ասաց, որ այդ առիթով միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 2-ից՝ կբացվի գրող-նկարիչների ցուցահանդեսը, կլինի նորոգված կայքի նորամուտը, գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանի՝ գրողների դիմանկարների ցուցահանդեսը կկայանա, նախատեսված են գրողների հանդիպումներ ընթերցողների հետ:

Էդվարդ Միլիտոնյանը փաստում է, որ վերջին ամիսներին ահագին գործ են արել՝ արտասահմանյան պարբերականներում հրապարակվել են հայ գրողների ստեղծագործություններ, օրինակ՝ Սլովակիայի «Արտասահմանյան գրականություն» ամսագրի վերջին համարներից մեկը մեծապես նվիրված էր ժամանակակից հայ գրականությանը, Բելառուսում հրատարակվել է հայ բանաստեղծների բանաստեղծությունների անթոլոգիան, Սերբիայում էլ չեն անտեսել հայ գրողներին:
Հուլիսի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նախատեսված է միության հոբելյանին նվիրված բուն միջոցառումը՝ ելույթներով, ուղերձներով, պարգեւատրումներով, նաեւ փոքրիկ համերգային մասով ու ասմունքով: Գրողները մեծ շուքով կտոնեն իրենց կառույցի հիմնադրման ութսունամյակը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ իբրեւ գրող ի՞նչ կարծիքի է՝
գրո՞ղը պետք է գնա ընթերցողի հետեւից, զիջումներ անի՝ նրա նախասիրություններից ելնելով, թե՞ ընթերցողը, այսպես թե այնպես, «կհետեւի» լավ գրողին: Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ընթերցողը միատարր չէ, եւ ինքը դեմ է, երբ գրողը տեղի է տալիս ընթերցողի առաջ: «Անձամբ ես ընդունում եմ ճաշակավոր, փորձառու, գրականության հոտը զգացող ընթերցողին: Նրա համար, իհարկե, գրելը հրաշալի է: Ամեն դեպքում գրողը պետք է պահի նշաձողը՝ ինչ ընթերցող էլ ունենա»,- շեշտեց ՀԳՄ նախագահը: Դառնալով միությանն էլ՝ հավելեց. «Իմիջիայլոց, ընթերցողների նման գրողների միությունն էլ միատարր չէ: Գրողների միությունում հո միայն գրողները չե՞ն. կան թարգմանիչներ, գրականագետներ, գրաքննադատներ, էսսեիստներ…Այն ընդգրկում է գրական դաշտի տարբեր անդամներին: Այսօր ամբողջ աշխարհում բոլորը ձգտում են միությունների, այդպես է նաեւ քաղաքականության մեջ: Պատճառն այն է, որ միության միջոցով ավելի հեշտ է որեւէ բանի հասնելը»:

Իսկ լսելի՞ է, արդյոք, այսօրվա գրողի ձայնը:

«Անշուշտ լսելի է… Չնայած, մյուս կողմից էլ՝ ով ուզում է, լսում է, ով չի ուզում, չի լսում: Գրողը չի պարտադրի, թե ինձ պետք է անպայման լսեք, ամբողջ աշխարհում էլ գրողները բարձրախոսը չեն առնում ու մունետիկի պես ասում՝ սա արեք, նա արեք: Գրողը ասում է իր խոսքը, ով կըմբռնի՝ կըմբռնի, ով ոչ՝ Աստված իր հետ: Չեմ հավատում, թե սովետի ժամանակ եղել են գրողներ, որոնց բոլորը կարդացել են: Նման բան չի եղել… Այսօր նման գրողի գործը տպագրվում է, 500 օրինակից ավելի չի վաճառվում»,- ասաց ՀԳՄ նախագահը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30