Լրահոս
Օրվա լրահոսը

Պրն Ապիկյան, ո՞վ է առավել մեղավոր. «Հայոց աշխարհ»

Հուլիս 05,2014 10:00

Խորհելու լուրջ առիթ է տալիս սքեթչային հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանի («Վերվարածներ»՝ «Ճըպլ», «Երե1»՝ «Խափլանյան») ֆեյսբուքյան սրտնեղած գրառումը, թե՝ 39 տարվա գիտակից կյանքում հայրենասեր լինելով, ծանր տարիներին երկիրը չլքելով հանդերձ, այժմ վերջնականապես հիասթափվել է, եւ էլ իրեն չի համարում Հայաստանի քաղաքացի, ու Հայաստանն այլեւս չի ուզում համարել իր Հայրենիքը:

Իսկ ի՞նչ է կատարվել, ըստ էության:

Դերասան Սեպուհ Ապիկյանի հետ մայիսի 23-ին դժբախտություն է կատարվել:

Պատահար է եղել, դերասանը լրջորեն տուժել է, բազում վնասվածքներ ստացել։ Հիշյալ ՃՏՊ-ի հետ կապված, իր նկատմամբ 200 հազար դրամի վարչական տուգանք է սահմանվել: Բանն այն է, որ պատահարի մեջ հայտնված մոտոցիկլետի ղեկին եղել է հենց տուժած դերասանը:

Ըստ ՃՈ պետի ներկայացրած փաստերի, որ հիմնված են փորձաքննության արդյունքների վրա, քաղաքացի Սեպուհ Ապիկյանը, լինելով ոչ սթափ վիճակում («2-րդ աստիճանի հարբածություն»), չունենալով վարորդական համապատասխան իրավունք, վարելով մոտոցիկլետ, որն էլ իր հերթին հաշվառված չի եղել, կորցրել է կառավարումը, փոխադրամիջոցը շրջվել է, հայտնվել հանդիպակաց ուղեգոտում, բախվել այդ պահին կանգնած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային:

Կներեք, բայց այն ամենը, ինչ արել է հասուն, թվում է թե՝ լուրջ, կշռադատող անձնավորությունը, ուղղակի անհասկանալի է:

Երթեւեկության կանոնների կոպտագույն խախտումները (առանց վարորդական իրավունքի, ալկոհոլ գործածած վիճակում տրանսպորտային միջոց վարելը եւ այլն) դեռ իրենց հերթին, դստերն էլ հետն է վերցրել: Եվ հայր ու դուստր Ապիկյանները այդ պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Դերասանը, ինչպես նշվեց՝ ծանր վնասվածքներ:

Եվ էլի, կներեք, բայց ի՞նչ կապ ունի այստեղ Հայրենիքը, հայրենասիրությունը, ու նման հուզախռով, փաստորեն իրավիճակին բացարձակապես անհամարժեք արտահայտություններն ու գնահատականները, պետության ու ոստիկանության հասցեին մեղադրանքները, հիասթափվելը եւ այսպես շարունակ:

Եվ արդյոք տեղին չէ՞ ՃՈ պետ Արշակյանի հետեւյալ արտահայտությունը. «Ձեր թույլ տված խախտումների եւ ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան, ո՞վ է առավել մեղավոր. Դո՞ւք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով, տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե՞ ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել»:

Լավ, ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը: Չտուգանե՞ր: Ի՞նչ հիմքով: Միայն նրա համար, որ դերասանը տուժել է իր դրսեւորած թեթեւամտության հետեւանքո՞վ: Այստեղ անգամ քննարկելու բան չկա:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Իսկ հեռու հարևան երկրում ՃՈ ոստիկանը տուգանել էր ՃՈ ոստիկանության պետին արագությունը գերազանցելու համար և այդ արարքի համար պարգևատրվել էր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031