Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռքբերումն անհնար է»

Հուլիս 07,2014 16:21

«Մայիս ամսից այս կողմ տեսանելի է, որ Ռուսաստանը Կովկասում դրել է վերադարձի խնդիր, եւ թերեւս դրա ամենաուղղակի խողովակ համարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- այսօր` հուլիսի 7-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Միջազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նա համարում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը ավելի մեծ պատ է դրել Ռուսաստանի եւ Կովկասի միջեւ, սակայն ըստ նրա` միակ հակամարտությունը, որ թույլ կտա ազդել երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի վրա` ղարաբաղյան հակամարտությունն է:

Պարոն Սաֆարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ կա’մ Ռուսաստանը նման մտադրությունն ունի, կա’մ էլ նա խոսակցություն է ունեցել երկրների ղեկավարների հետ, որպեսզի զորքեր տեղադրի.
«Արժի հիշել Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որտեղ նա խոսում էր Ադրբեջան ներխուժելու վտանգի մասին: Սա մի բան կարող է նշանակել, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ի թիվս այլ խնդիրների, դիտարկում է նաեւ այդ հնարավորությունը: Այստեղ խնդիրը ոչ միայն Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի լիազորությունների ընդլայնումն է կամ թեկուզ, տեսականորեն այն հնարավորության դիտարկումը, թե Ղարաբաղում նույնպես ներկայացվածություն կարող է ունենալ, այլ հետաքրքիր է եւ չափազանց ուշագրավ, որ խոսքը Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերման մասին է»:

Նա պատահական չի համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը փորձում է ակտիվացնել խումբը: Նրա կարծիքով` դա այն հնարավորությունն է, որ Ղարաբաղյան խնդիրը պահվի այդ շրջանակներում եւ թույլ չտրվի, որ այդ հարցն անմիջապես անցնի Ռուսական վերահսկողության ներքո: Նա նշեց, որ այդ պատճառներով չափազանց տեսանելի պայքար է գնում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ.
«Մի կողմից Արեւմուտքը` ի դեմս ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների, փորձում է Մինսկի խմբի շրջանակներում պահել դա, մյուս կողմից Ռուսաստանը փորձում է այն հանել Մինսկի խմբի ձեւաչափից: Եվ հետեւաբար, անկեղծ ասած, ես որեւէ լուրջ սպասելիք չունեմ Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից: Դրա նշանակությունը միայն այն է լինելու, որ Արեւմուտքը փորձելու է պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ բան ստանալ հնարավոր չէ: Որքան էլ Ուորլիքը եւ մյուսները փորձեն շրջանառության մեջ դնել Մադրիդյան առաջարկները, որոնք առաջարկվել են երկու երկրներին, միեւնույնն է, դրանց շուրջ համաձայնությունների ձեռքբերումն անհնար է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031