Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Հատուկ քննչականը դարձել է ոստիկանության ստորաբաժանում»

Հուլիս 07,2014 17:43

Հունիսի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի եւ Հեղինե Մակարյանի կողմից հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Հ. Հարությունյանի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին դիմումը: Հետեւաբար Վերաքննիչ քաղաքացիական դատարան էին դիմել ոչ միայն Արթուր Սաքունցը, այլեւ Մակարյանի ներկայացուցիչներ Տաթեւիկ Սիրադեղյանն ու նրա ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը:

Դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ (դատավորը նման գործերով միանձնյա է քննում) այսօր անցավ դատական ստուգման՝ լսելով ինչպես Հեղինե Մակարյանի ներկայացուցիչներին, այնպես էլ դատախազ Արմեն Շահբազյանին: Քննիչը չէր ներկայացել:

Տաթեւիկ Սիրադեղյանը ներկայացրեց գործի նախապատմությունը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ Բաղրամյան 26 հասցեն, ըստ ոստիկանության, համարվել է ռեժիմային անվտանգության գոտի: Այդ նույն ժամանակ Աշոտ Խուդոյանը իր ընտանիքի անդամների հետ բողոքի ակցիա է իրականացրել: Սակայն նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ 2013թ. դեկտեմբերի 2-ին ոստիկանությունն ապօրինություններ է իրականացրել:

Ըստ Հեղինե Մակարյանի ՀՔԾ ուղղված հանցագործության մասին հաղորդման՝ ոստիկանները տարբեր մեքենաներով, բռնությամբ իրենց հեռացրել են տարածքից, ապա մուտք գործել իրենց բնակարան, հետագայում անհետացել են բջջային հեռախոսն ու 20 հազար դրամ գումարը: Սակայն քրեական գործ չի հարուցվել:

Ըստ Արթուր Սաքունցի, ոստիկանության ստորաբաժանում է համարվում հատուկ քննչական ծառայությունը, առաջին ատյանի դատարանը եւ հերթականությունը հասնելու է վերաքննիչ դատարանին. դա կախված է ձեզնից՝ դիմելով դատարանին, ասաց Արթուր Սաքունցը: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածք դարձել է ոստիկանության անվտանգության գոտի եւ որ մենք գործ ունենք ոստիկանության ապօրինությունների հետ:

Տաթեւիկ Սիրադեղյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության փուլում Խուդոյանի նկատմամբ բռնություններ իրականացրած, նրա ընտանիքին ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկած ոստիկանները չեն մեկուսացվել եւ հնարավորություն են ունեցել գալ համաձայնության, ինչը նախաքննության թերություններից մեկն է: Դատախազ Ա. Շահբազյանը առարկեց բերված բողոքի դեմ, ասելով, որ բռնություններ չի գործադրվել ոստիկանության կողմից, իսկ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ էլ Աշոտ Խուդոյանի ստացած վնասվածքների վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել: Նա նույն առարկությունները պնդեց, ինչին ականատես ենք եղել առաջին ատյանի դատարանում, մասնավորապես՝ 20 հազար դրամի կորստի համար կարող էին դիմել իրավապահ մարմիններին: Այն, որ Խուդոյանները գտնվել են «տնային կալանքի» տակ, ըստ հարեւանների, այդ հանգամանքը չի հաստատվել, քանի որ Խուդոյաններն ազատ տեղաշարժվել են:

S3160002

Ինչ վերաբերում է Վաղարշապատի եւ Արաբկիրի ոստիկանության բաժիններում ստացված ահազանգերին, թե Աշոտ Խուդոյանը պատրաստվել է ինքնավնասումներ կատարել, հրկիզել կնոջն ու երեխաներին, դատախազը հայտնեց, որ քանի որ բռնություն չի եղել, հետեւաբար անհրաժեշտ չի եղել հիմնավորել այդ ահազանգերը:
Ինչպես տեղեկացրել էինք, նստացույցի վայրում Խուդոյանները «մոռացել» էին իրենց 8 ամսական որդուն, իրերը, այդ թվում՝ կոշիկները, դատախազն ասաց, որ ըստ ոստիկանների՝ երեխային մոռանալը եղել է ծնողների դիտավորությամբ, իսկ կոշիկներն ու իրերը մնացել են, քանի որ Խուդոյանի ընտանիքը հայտնել էր, որ հաջորդ օրը վերադառնալու են նստացույցի վայր: Դատական նիստը դեռ չէր ավարտվել , երբ սրտի հետ կապված՝ վատացավ Աշոտ Խուդոյանը: Նիստը կշարունակվի հուլիսի 16-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031