Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Աբսուրդի հասցված անվտանգության կանոններ

Հուլիս 18,2014 14:58

Ո՞ւմ են ումից պաշտպանում

Հուլիսի 14-ին, ժամը 17-ից հետո, «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում եւ շենքում հայտնվողին կարող էր թվալ, թե ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառից արդեն հասել են Երեւան եւ պատրաստվում են ահաբեկչություններ անել. ամբողջ Ազնավուրի հրապարակը, կինոթատրոնի միջանցքները լիքն էին կոստյումավոր տղերքով, Կարմիր դահլիճին առանց հրավիրատոմսի հնարավոր չէր մոտենալ ավելի քան 20 մետր, իսկ ֆիլմ նայել ցանկացողն էլ, եթե հրավիրատոմս ուներ, պիտի անցներ մետաղորսիչների տակով:
Պարզվեց, որ ոչ մի դիվերսանտ էլ չկա, ահաբեկչություն չի նախապատրաստվում, այլմոլորակայինների այց՝ նույնպես. ընդամենը Սերժ Սարգսյանը պիտի գար «Ոսկե ծիրանի» ֆիլմ դիտելու… Դահլիճում չեմ եղել, բայց ենթադրում եմ, որ դրա կեսը նույնպես լցված էր զանազան մաստի անվտանգության աշխատակիցներով…

… Ես չգիտեմ, թե ով է մշակել անվտանգության այն կանոնները, որով առաջնորդվում է Սերժ Սարգսյանի թիկնազորը, բայց դա հասցված է աբսուրդի՝ բառիս բուն իմաստով: Եվ նրա ամեն տեղաշարժը կամ այցելությունը որեւէ վայր վերածվում է իսկական տարերային աղետի, հսկայական լարվածություն առաջացնում ու բազմաթիվ անհանգստություններ պատճառում հասարակությանը՝ «Այստեղ մի կանգնեք, այնտեղ կանգնեք»-ից մինչեւ, ասենք, դահլիճում հանդիսատեսի կես ժամից ավելի սպասում, մինչեւ Սերժ Սարգսյանը բարեհաճի ժամանել: Էլ չասենք՝ մեքենաների այն շարասյունը, որ ուղեկցում է նրան եւ փողոցները «մաքրելու» ոստիկանական ապաշնորհությունները, որ նույնպես խցանումներ ու նյարդային վիճակ են ստեղծում:

Ինչո՞ւ, ես չեմ հասկանում եւ սպանեք էլ՝ չեմ հասկանա՝ ինչո՞ւ պիտի իմ, քո, նրա՝ ազատ տեղաշարժի, հանգստի իրավունքները սահմանափակվեն միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը որոշել է ինչ-որ տեղ այցելել (պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում, երբ նա որեւէ նախարարություն է այցելում, երեւի շարքային աշխատակիցները պիտի փակվեն կաբինետներում եւ չհայտնվեն միջանցքներում, ոչ մեկը իրավունք չունենա ներսուդուրս անել այդ շենք եւ այլն)…

Չէ, մի ստիպեք, ես ու հասարակությունը չենք կարող «ըմբռնումով մոտենալ» դրան, եւ ահա թե ինչու.
Բացում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, կարդում եմ 43 հոդվածը, որով նախատեսված են քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հիմքերը: Մի ալարեք, դուք էլ կարդացեք, ահա այն.

«Հոդված 43. Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»:

Դե, իսկ հիմա ասեք ինձ, խնդրում եմ, սրանցից ո՞ր հիմքն է առկա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մի տեղ է այցելում: Նորից կարդացեք, հնարավոր է՝ ես լավ չեմ տեսնում, փորձեք գտնել՝ արդյոք կա՞ հիմք, որով մարդկանց տեղաշարժի, հանգստի իրավունքներն ու ազատությունը պիտի սահմանափակվեն Սերժ Սարգսյանի անվտանգության ապահովման նպատակներով:

Բայց, սպասեք, ես հասկացա կամ գլխի ընկա. գուցե ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մե՛ր՝ հասարակության անդամներիս անվտանգության նկատառումներո՞վ են իրականացնում այդ աննախադեպ միջոցառումները, ուզում եմ ասել՝ գուցե այդ մե՞զ են պաշտպանում Սերժ Սարգսյանից, չէ՞ որ գրված է՝ «այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»... Փաստորեն, մեզ սահմանափակում են՝ մեր իսկ ազատությունների պաշտպանության համար, իսկ մենք՝ երախտամոռներս, դա «ըմբռնումով չենք ընդունում»…

Իսկ եթե ավելի լուրջ, ապա շարքային մտավորականիս խորհուրդը. եթե Սերժ Սարգսյանը կինո է ուզում նայել, բայց նաեւ մտահոգված է իր անվտանգությամբ, թող փակվի Բաղրամյան 26-ում, ընկողմանի մի որեւէ հարմարավետ բազկաթոռի մեջ, հրավիրի այն նույն շքախմբին, որի ուղեկցությամբ մուտք գործեց «Մոսկվա» կինոթատրոն, եւ թող միասին դիտեն այդ ֆիլմը (դե, մոտավորապես այնպես, ինչպես Ֆանտոցիի մասին իտալական ֆիլմաշարի ֆիլմերից մեկում, որտեղ շեֆի պարտադրանքով աշխատակիցները պարբերաբար դիտում են Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմը),:
Էդպես համ ինքը՝ Սերժ Սարգսյանը, անվտանգ կզգա, համ էլ հասարակությունը չի ենթարկվի փորձությունների…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. խաչատուր says:

    Դա դեռ ոչինչ, դուք պիտի տեսնեք թե ինչ է կատարվում երբ դա կամ են դրա առաջինը թռնում են օդանավակայանից: Կզգաք իսկական թուրքական օկուպացիայի համը, այսինքն երբ թուրքերը գրավեն Հայաստանը ենթադրում եմ, որ ավելի մեղմ կվարվեն հայ բնակչության հետ օդանավից իրենց նամեստնիկի թռնելուց: իսկ բացատրությունը մեկն է, սա եվ ռօբիկ կոչվածը հայ ժողովրդի հետ կապ չունեն, սա օտար տեղ է իրենց համար եվ թալանի են եկել ու ամբողջ գործունեությունն ուղղված է միլիարդները շատացնելուն ու իշխանությունը չտալուն դրա համար էլ վախ ունեն: Իսկ հայ ժողովրդից էշ ժողովուրդ աշխարհում չկա դա հայերն առդեն իրենք են ապացուցել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031