Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի՝ ստվերի դեմ պայքարն այս անգամ էլ փոքր ու միջին բիզնեսի գլխին կոտրվեց

Հուլիս 18,2014 14:30

«Սմբո»-ն հարկայինից 8 միլիոն դրամ պետք է թաքցներ, «ԴԻՄԻՏՐԻ»-ին՝ 5 միլիոն 535 հազար դրամ, «ԷԿՈՖՈՒԴ» ընկերությունը՝ 4 միլիոն 266 հազար, «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ»-ն էլ՝ 6 միլիոն 719 հազար, եթե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նշանակման առաջին օրերին չհավաքեր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին եւ չհորդորեր, որ մինչեւ այս տարվա հուլիսի մեկը պետք է ինքնակամ ստվերից դուրս գան:
Անցյալ շաբաթ հարկային ծառայությունը հրապարակեց այն ընկերությունների անունները, որոնք ճշգրտել են իրենց հարկային հաշվարկները, ավելի հասկանալի լեզվով ասած՝ ստվերից դուրս էին եկել: Եվ չնայած նրան, որ 98 տնտեսվարող 2014 թվականի առաջին կիսամյակին շահութաբերության ցածր ցուցանիշ էին հայտարարագրել, ճշգրտման արդյունքում, հարկայինի ներկայացրած տվյալների համաձայն, 391 միլիոն 655 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ են հաշվարկել:

Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի խոսքը, մասնավորապես, խոշոր բիզնեսին էր ուղղված, բայց, չգիտես ինչու, այս անգամ էլ հարկայինի «թափի տակ» փոքր ու միջին բիզնեսն ընկավ: Հարկայինի հրապարակած ցանկում ընդամենը 5-6 ընկերություն էին, որոնք խոշոր բիզնեսի դասին էին պատկանում: Դրանց թվում, սակայն, չկային հայտնի օլիգարխներին պատկանող ընկերություններ: Մնացած ընկերությունները, որոնք, հնարավոր է, շահութահարկ թաքցնեին, մեր փնտրտուքների արդյունքում նույնիսկ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկային:

Այսպես. խոշոր հարկատուների ցանկում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող վառելիքի բիզնեսով զբաղվող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունը, ճշգրտման արդյունքում, ստվերից դուրս է եկել 57 միլիոն դրամով, խոշոր բիզնեսից հասարակությանը հայտնի «ԱՐԱՅ» ընկերությունը քիչ էր մնում հարկայինից 35 միլիոն 728 հազար դրամ թաքցներ, «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ»-ն էլ, ճշգրտման արդյունքում, 32 միլիոն 621 հազար դրամ է «հայտնաբերել» եւ սուսուփուս «մուծվել» հարկայինին: Խոշորներից «ԲԱԳՐԱՏՈՒՐ»-ը պետությանը պետք է 8 միլիոն դրամ «քցեր», «ՄԱՔՍՀՈՒՐ»-ը՝ 6 միլիոն դրամ:

«Եթե վերլուծում ենք այդ ցանկը եւ ճշգրտման արդյունքում ստացված թվերը, ապա ստացվում է՝ կարող ենք ասել, որ ապրեն խոշորները, նրանք համարյա միշտ էլ վճարել են հարկերը եւ այլեւս տեղ չունեն ոչինչ վճարելու: Ստացվում է, որ կամ չեն կարող խոշորների շահերին կպնել, կամ էլ նրանք ամեն ինչ վճարել էին, ինչը որ, գիտենք, այդպես չէ»,- «Առավոտի» հետ զրույցում հարկայինի հրապարակած ցանկի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ այս անգամ էլ փոքր եւ միջին բիզնեսին նեղելու հաշվին հարկային մարմինները ստացան այդ թվաբանությունը, չնայած որ թիրախում խոշոր բիզնեսն էր. «Չնայած դեռ ժամանակ կա, որ թվերն ամփոփվեն, բայց տպավորությունն այնպիսին է, որ առանձնապես թվերի հաշվարկներում խոշոր բիզնեսը շատ չի մասնակցում, եւ ավելի շատ, կարծես թե, փոքր եւ միջին բիզնեսին առնչվող ընկերություններն են այդ ցանկում: Իսկ թվային տարբերությունները, որոնք հրապարակվել են եւ ցույց են տալիս, թե որքան են հարկվել, տպավորություն են առաջացրել, որ դրանք շատ չնչին են շեղված նորմայից, այսինքն՝ իրականում նորմալ վճարում էին իրենց հարկերը, եւ շատ փոքր տարբերություններ են առաջացել վերահաշվարկից հետո: Սա խոսում է այն մասին, որ առանձնապես իրականությունը եւ ցույց տված թվերը նույնն են: Եվ դրանով պարզապես ուզում էին ցույց տալ, որ որոշակի գանձումներ արել են, սակայն իրականում ավելի մեծ բաներ էիք ակնկալում»:

Untitled-1

Պարոն Մակարյանը՝ նկատի ունենալով վերահաշվարկի արդյունքում առաջացած թվային ոչ էական տարբերությունները, գտնում է, որ, ամենայն հավանականությամբ, տնտեսվարողները ավելորդ «խնդիրներից ու տհաճություններից խուսափելու համար են այդ թվերը ներկայացրել», քանի որ հարկայինը նամակներ էր գրել ընկերություններին՝ վերահաշվարկելու առաջարկով, հակառակ դեպքում սպառնալով ուսումնասիրել ու «ջրի երես» հանել թաքցրած հարկերը. «Կազմակերպությունները դա ավտոմատ կատարել էին, անկախ նրանից՝ ունե՞ն այդ խնդիրը, թե՞ ոչ»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ֆինանսական ոլորտի պատասխանատուներից սկսած՝ խոստովանում էին, որ տնտեսությունում, մասնավորապես՝ խոշոր բիզնեսում 30 տոկոս ստվեր կա, եւ, փաստորեն, իրենց հայտարարած թվերին համահունչ թվեր չստացան, որքան էլ ճշգրտեցին, Գագիկ Մակարյանը նկատեց. «Ուրեմն պետք է ստվերն ուրիշ տեղ որոնել, ո՛չ հարկային հաշվետվությունների մեջ: Եթե ներմուծումների մեջ է ստվերը, ապա ներմուծումներն առանձին պետք է նայվի, կամ էլ, հնարավոր է, ստվերն աշխատուժի մեջ է: Եթե հարկայինի այդ ցուցանիշները ցույց չտվեցին այդ 30-40 տոկոս ստվերը, չնայած իմ համոզմամբ՝ ստվերն ավելի շատ է, ուրեմն կառավարության այդ մոտեցումն իրեն չարդարացրեց եւ չկարողացավ բացահայտել, թե ստվերը որտեղ է: Այսինքն՝ կամ մեթոբանության խնդիրներ կան, կամ ստվերը հարկային գանձումների մեջ չէ»:

Նշենք, որ մայիսի 14-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից սկսած՝ յուրաքանչյուր տասն օրը մեկ հարկային մարմինը հրապարակելու է, թե ո՛ր հարկատուն ինչքա՛ն հարկ է վճարում, եւ ստվերի դեմ պայքարի ինչպիսի արդյունքներ են արձանագրվում:

Իսկ եթե գործարարները սեփական ցանկությամբ չբացահայտեն իրենց թաքցրած հարկերը, ապա կառավարությունն իր լծակներն է օգտագործելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031