Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացու պակասություն

Օգոստոս 16,2014 13:30
Merujan Ter-Gulanyan

Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը և գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երևելի հեղինակները իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատներն իրենց փնտրտուքների մեջ դատելիս պիտի որ գոնե արդար լինեն, իսկ ստեղծագործ հեղինակներին հետևող աշակերտները՝ ուշիմ:

Նոր աշխարհի, այսինքն թե՝ Ամերիկայի քաղաքակրթության զարմանալի ամուր հիմքերը դրեցին ոչ միայն այդ երկրի օրենսդիրները, այլև երեք երևելի մարդ՝ Հերման Մելվիլը, Ուոլթ Ուիթմենը և Ջեկ Լոնդոնը: Չի կարելի ասել, թե ժամանակի քննադատները նրանց հանդեպ պահպանեցին արդարության խոստումը, բայց վստահ տեսանելի է, թե որքան ուշիմ եղան նրանց հետևողները:

Չնայած դատավորներին չեն դատում, բայց դատավորն ինքն է դատվում ժամանակներում դատվածների կողմից, երբ որ չի էլ ենթադրում, թե ինչպես մեկ մարդը կարող է ձևավորել, թելադրել մի ամբողջ ժողովրդի մշակույթ, որի վրա էլ ձևակերպվում, հաստատվում են ազգի, Ամերիկայի դեպքում՝ պետության, պետության քաղաքացու անցնելիք հոգևոր ճանապարհի ուղենիշները:

Անգլիան ստեղծեց համաշխարհային գաղութատիրություն՝ ոչ միայն մեծն թագուհի Վիկտորյայի, այլև իր գրողների՝ Դանիել Դեֆոյի, Ջոնաթան Սվիֆտի, Հենրի Ռայդեր Հագարդի շնորհիվ, ովքեր, ի դեպ, անգլիական տերության գաղտնի ծառայության անդամներ էին…

Իսկ մենք, փոխանակ հետևելու Մովսես Խորենացու հորդորներին՝ պահպանել ունեցածը և ծավալվել մինչև մեր հին տերության երերացող սահմանները, որտեղ վերջանում էր հայոց լեզուն, մեր հին փառքեր ունեցող պետությունը ներփակեցինք՝ ապավինելով Ագաթանգեղոսի Հայոց պատմությանը, որն, ըստ էության, Գրիգոր Լուսավորչի տոհմի պատմությունն էր և քիչ առնչություն ուներ հայոց իրական պատմության հետ:

Եվ ահա այսօր, համոզված եմ, եկել է Խորենացուն վերադառնալու ժամանակը՝ որպես դասագիրք և միասնական կամքով պետություն կառուցելու ուղենիշ, եկել է նաև ժամանակը չափ դնելու դատավորների խոսքին և լռությանը՝ ընդունելով, որ հազար հինգ հարյուր տարի լինելով մեր թիկունքում՝ Խորենացին է այսօր մեր առաջնորդը:

Մտածում եմ ու հիանում նաև, թե ինչպես կարողացան մեզանից շատ ավելի ջահել այդ տերություններն իրենց գրողների միջոցով ստեղծել իրենց հայրենիքը, իսկ մենք չկարողացանք:

Խորենացու անունը հնչեցնելով՝ կարծում եմ, որ մեր գրողներն ու մտավորականները, ժամանակն է, որ արթնանան՝ ստեղծելու, ներկայացնելու, գրի մեջ համոզելու ու արդարացնելու այն, ինչը մեր ժողովրդի՝ դեռևս բառերով չարտահայտված ամենախորին նվիրական ցանկությունն է՝ ձևակերպել մեր տեսակը և հայրենիքը մեր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031