Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերում առաջին դասարան չի լինի. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 28,2014 11:04

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքն այս տարի առաջին դասարանցի չի ունենա։ Նախորդ տարի առաջին անգամ դպրոց է գնացել 3 երեխա։ Նրանք բոլորը սեպտեմբերին կշարունակեն սովորել երկրորդ դասարանում։

Իսկ թե որքա՞ն է աշակերտների ընդհանուր թիվը, համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ վերջնական թիվը հայտնի կլինի ուստարվա մեկնարկից հետո։

Նա տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի 9 սաներից չորսը նույնպես տեղափոխվել են։ «Երկու ընտանիք չորս երեխայով գնացել են։ Էսպես որ շարունակվի, մանկապարտեզն էլ կփակվի, դպրոցն էլ, գյուղապետարանն էլ»,- հոռետեսական կանխատեսումներ արեց Մադաթյանը։

Սահմանամերձ Այգեպար համայնքում առաջին դասարան է հաճախելու չորս երեխա, որոնցից մեկը, ի դեպ, գյուղապետի տղան է։ Անցած տարի այստեղ 7 առաջին դասարանցի է եղել, հաջորդ տարի նախատեսվում է, որ կլինի 6-ը։ Այգեպարի միջնակարգ դպրոցն էլ սեպտեմբերին չի ունենա 12-րդ դասարան, որովհետեւ այդ դասարան տեղափոխված բոլոր երկու աշակերտների ընտանիքները բնակության են մեկնել Բերդ։

Այգեպարի դպրոցում սովորող եւս երկու աշակերտ, որոնք մինչ այդ գյուղում ապրում էին տատիկ-պապիկների հետ, տեղափոխվել են Ռուսաստան՝ ծնողների մոտ։ Այդպիսով, նոր ուսումնական տարում դպրոցը կունենա 48 աշակերտ։

Բայցեւայնպես, ըստ դպրոցի տնօրեն Արեւիկ Արզումանյանի, աշակերտների թվի նվազման կայուն միտում չի նկատվում։ «Այգեպարցին հնարավորինս փորձում է մնալ Այգեպարում»,- ասաց նա։

Մովսես գյուղում այս տարի 10 առաջին դասարանցի է լինելու։ Անցած տարի նրանց թիվը եղել է 8: Սպասվում է, որ 5 տարի հետո առաջին դասարան կհաճախի 13 երեխա, որովհետեւ նախորդ տարի գյուղում հենց այդքան ծնունդ է գրանցվել։
Իսկ, օրինակ, Ներքին Կարմիրաղբյուր գյուղը նախնական տվյալներով կարող է ունենալ 8 առաջին դասարանցի։ Ամենայն հավանականությամբ, սակայն, դպրոց կհաճախի նրանցից 6-ը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031