Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյանը՝ Սերժ Սարգսյանին. «Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ կլինի մեր իշխանությանը, պետությանը, մարդկանց հավատին»

Սեպտեմբեր 04,2014 17:44

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ձերդ գերազանցություն պարոն նախագահ,
Գիտեմ, որ մեր երկրում նամակի ժանրը՝ բաց կամ «փակ» , վաղուց անտեսված ու արհամարհված է, սակայն հարցի կարևորությունից ելնելով, մի թաքուն հույս ունեմ, որ գոնե այս անգամ Ձեզ անձամբ կհետաքրքրի այն, ինչն ուզում եմ ներկայացնել և որը կապակցվում է երկրի ու պետականության հեղինակությանը, արժանապատվությանը, մեր հայրենակիցների՝ առ իշխանություն ունեցած վստահությանը:
Այլ պաշտոնի նշանակվելու պատճառաբանությամբ՝ աշխատանքից ազատվել է Սյունիքի երիտասարդ մարզպետ Վահե Հակոբյանը, որը կարճ ժամանակամիջոցում կարողացավ փոխել մարզի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, պայքար մղել այստեղ հաստատված ֆեոդալա-բդեշխական իշխանության և հոգեբանության դեմ, ինչը պատուհաս էր դարձել, շատերին զրկել ազատ գործելու և ազատ արտահայտվելու հնարավորությունից: Սյունիքի մարզը վերածվել էր տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի անսահմանափակ իշխանության տարածքի, որտեղ շատ բան դարձել է Սուրիկ Խաչատրյանի ու նրա մտերիմ շրջապատի սեփականությունը: Մարզը մի պահ ազատ շունչ քաշեց, թոթափեց ավատատիրությանը բնորոշ կապանքվածությունն ու սկսեց առաջ ընթանալ:

Սակայն այժմ նորից հպարտ ու հերոսական Լեռնահայաստանը՝ Սյունիքը, կանգնած է արժանապատվության կորստի, պետության հանդեպ վստահության սասանման վտանգի առջև, քանզի, ըստ շրջանառվող լուրերի, Սուրիկ Խաչատրյանը վերադառնալու է մարզպետի պաշտոնին: Այդ են վկայում նրա սարքած խրախճանքները, մարզում արդեն շրջող սարսափի ուրվականը, վրեժխնդրության մասին սպառնալիքները:

Ես սյունեցի չեմ, գյումրեցի եմ՝ ապրող Երևանում, սակայն սերտ կապեր ունեմ Սյունիքի հետ, ձգտել եմ որոշակի ներդրում ունենալ մարզի մշակութային կյանքում, հետևաբար ցավ եմ ապրում արդեն ստեղծվող իրավիճակի, անհանգստությունների առթիվ:

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ կլինի մեր իշխանությանը, պետությանը, մարդկանց հավատին: Դուք էլ լավ գիտեք, որ նրա անունը կապակցվում է բազմաթիվ հանցագործությունների, պետական ունեցվածքի թալանի շուրջ ձևավորված պատմություններին, Դուք էլ տեղյակ եք, որ այսօր Սուրիկ Խաչատրյանի անունը համարժեք է դառնում ցինիզմի ու անպատժելիության: Հետևաբար, նման անձնավորության վերանշանակումը կսասանի մարդկանց հավատը, հատկապես երիտասարդությանը կստիպի հեռանալ մարզից, քանզի նորից ու նորից մարզով պիտի անցնեն Սուրիկ Խաչատրյանի թիմակիցները՝ բոլորին սպառնալով ու ահաբեկելով…

Սյունիքը մեր հայրենիքի կարևորագույն սահմաններից մեկն է, որտեղ առաջնայինը մարդկանց հավատն ու վստահությունն են: Սյունիքը մեր ապագան է, որը պահանջում է երիտասարդ, եռանդուն, հայրենատեր մարզպետի ներկայություն: Մի մարդու, որը կկարողանա համախմբել իր շուրջ բոլորին, սահմանների պաշտպանությունն ու մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները ներդաշնակելով: Հատկապես այս մարզն այսօր երիտասարդ կառավարիչ է պահանջում, որովհետև այստեղ պետք են նոր մոտեցումներ, նոր հայեցակարգեր, նոր եռանդ:

Համոզված եմ ու վստահ, որ մեր երկրի նախագահը թույլչի տա, որ մարտահրավերների այս բարդ ժամանակաշրջանում մենք քննարկման նյութ դարձնենք բարոյական ըմբռնումները, կորցնենք Սյունիքը՝ հանուն ոմանց շահերի և նկրտումների: Հավատում եմ նաև, որ կանսաք անշահախնդիր մտավորականիս խնդրանքին և թույլ չեք տա, որպեսզի սյունեցին հիասթափվի:

Հրագանքներով՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930