Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշո՞րն է անհանգստացնում, արգելեք օֆշորից պետգնումներին մասնակցելը»

Սեպտեմբեր 05,2014 15:30

«Կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չի լինում: Ծանոթացեք այս շատ ուշագրավ դրվագին». Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ նման գրառում է կատարել: Պատգամավորը Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2013 թվականի հաշվետվությունից մի հատված է ներկայացրել, որը վերաբերում է պետական գնումներին մասնակցած մի օֆշորային ընկերության:

ՎՊ-ի հաշվետվությունում գրված է. «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի եւ ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների ձեռք բերման համար «Four Assist Development Consulting Limited» (Կիպրոս) կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր 704.1 հազ. ԱՄՆ դոլար արժեքով, որն ամբողջությամբ (բացառությամբ հարկերի) փոխանցվել է Կիպրոս՝ ընկերության հաշվին: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար 288.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել Հայաստանում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ: Պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է հայկական «Փի-Էյջ-Փի Փարթնըրզը»»: Այսինքն՝ կառավարությունը մի ծառայության համար 704 հազար դոլար է փոխանցել կիպրոսյան ընկերությանը, որն էլ իր հերթին 288 հազար դոլարով հայկական ընկերությանը պատվիրել է տվյալ ծառայությունն իրականացնել: Սա պարոն Մարուքյանը համարում է պետական փողերի ոչ արդյունավետ ծախս: «Առավոտի» հետ զրույցում պատգամավորն ասաց. «Խնդիրը պետական միջոցների ոչ նպատակային ծախսման հետ է կապված. եթե Հայաստանում կա կազմակերպություն, որը կարող է գումարի մի մասով ծառայություն իրականացնել, ի՞նչն է մոտիվացիան, որ ամբողջ գումարը փոխանցվում է մի երկիր, հետո այդ երկրից գումարի փոքր մասը գալիս է Հայաստանի ընկերությանը: Այստեղ ոչ միայն օրենքի կարգավորման խնդիր է, այլեւ պաշտոնատար անձանց պատասխանատվության հարց պետք է բարձրացվի՝ ովքեր նման որոշումների համար պատասխանատու են: Այսինքն՝ մոտ 500 հազար դոլար կորում է: Սա է հիմք տալիս կասկածելու, որ կամ կոռուպցիա է, կամ պետական միջոցների ոչ արդյունավետ ծախս: Կոռոպցիան միայն կաշառք տալ կամ վերցնելը չէ: Համակարգային երեւույթ է, որի մեջ բազմաթիվ տարրեր կան»: Պատգամավորը տեղեկացրեց, որ պատրաստվում է ԱԺ առաջիկա նիստերին այս հարցը բարձրացնել, ընդ որում՝ ՎՊ հաշվետվության մեջ, ինչպես պարոն Մարուքյանն ասաց, նմանատիպ բացահայտումներ շատ կան. «Վերահսկիչ պալատն առաջին հերթին խորհրդարանին հաշվետու կառույց է, եւ մեր կառույցը տեղեկացնում է նման բաների մասին, ու արդեն քաղաքական որոշում կայացնողները պետք է գնահատական տան՝ եթե օրենքում բացեր կան, դրանք վերացնենք, եթե օրենքը լավն է, իրավակիրառական պրակտիկան է սխալ, կամ պաշտոնատար անձն է թերացել, ուրեմն սրանք լուծել է պետք»: Մեր այն դիտարկմանը, որ մինչ օրս հաշված դեպքեր են եղել, երբ պետական միջոցները անարդյունավետ ծախսելու, փոշիացնելու համար խիստ պատիժ է եղել, սովորաբար սահմանվում է գումարի վերականգնում պետբյուջե, եւ գործը փակվում է, արդյոք սա մեղմ պատիժ չէ՞, պարոն Մարուքյանն ասաց. «Եթե դա պատիժ է, ուրեմն շատ մեղմ է, սակայն մարդը, որը եթե անգամ օրենք չի խախտել, բայց պետական միջոցները ոչ նպատակային է ծախսել, պետությունը տուժել է, պիտի հրաժեշտ տա պաշտոնին»:

«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի, ոչ թե 704 հազար դոլար է փոխանցվել, այլ մոտ 460 հազար, որից 288 հազարը՝ իրենց ընկերությանը, իսկ մնացած գումարը ոչ ռեզիդենտ ընկերության հարկն է, ավելացված արժեքի հարկը, որոնք ֆինանսների նախարարությունն իր մի հաշվից փոխանցել է մյուս հաշվին: Պարոն Պետրոսյանը տարօրինակ է համարում, որ օֆշորային ընկերությանը կասկածի տակ են առնում. «Եթե պետությունը տենդեր է հայտարարել, չգիտեմ՝ ի՞նչն է անհանգստացնում, օֆշո՞րը, դե, ուրեմն թող օրենքով արգելեն, գրեն, որ օֆշորային ընկերությունը իրավունք չունի մասնակցել պետգնումների տենդերներին: Ի՞նչ կապ ունի՝ օֆշո՞ր է, թե՞ ոչ: Ընկերութունը («Four Assist Development Consulting Limited»), որի մասին խոսք է գնում, Եվրամիության համար ծառայություններ է մատուցում՝ ուսումնասիրելով ԵՄ կողմից հայտարարվող մրցույթների առաջադրանքների որակները: 30 երկրների հետ աշխատանքներ է կատարել: Ես չգիտեի, որ Կիպրոսը այդպիսի «բոբո» երկրի ստատուս է ձեռք բերել, որին ընդհանրապես մոտ չպիտի գնալ»:

«Առավոտի» հարցին՝ եթե ծառայությունները տեղական ընկերությունն է կատարել, ապա ինչո՞ւ մրցույթին միանգամից հենց իրենք չեն մասնակցել, այլ օֆշորային ընկերությունն է մասնակցել, պարոն Պետրոսյանն ասաց, որ նման մրցույթներում պայման կա՝ միջազգային փորձ, նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ. «Իսկ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ»-ը չունի այդ չափանիշները. «Մի քանի նման պայմանագրեր որ հաջողվեն, հետո ինքներս կմասնակցենք: Մենք առանց իրենց չէինք կարող, իրենք մեզ աջակցել են, փաստաթղթեր, տեղեկություններ տվել, մասնագետներ են եկել մեզ մոտ, համագործակցել ենք: Մենք հարց ենք ուղղել՝ այսինչ խնդիրը միջազգային պրակտիկայում ինչպես է լուծվում, իրենք ուսումնասիրել են եւ մեզ տեղեկացրել: Հավանականությունը ցածր էր, որ եթե մենք ինքնուրույն մասնակցեինք՝ կշահեինք, իրենց չափ վստահություն չունենք: Նմանատիպ մրցույթներին 90% դեպքերում տեղական ընկերությունները ենթակապալառուներով են մասնակցում կամ համատեղ գործունեության պայմանագրով: Մենք այդքան ճանաչված չենք, որ հենց իրենք մեզ ճանաչեին ու մեզ հետ մտնեն նման գործարքի մեջ: Բայց ընկերության հետ, որպես ենթակապալառու, տենդերին ի սկզբանե մասնակցել ենք»:
«Four Assist Development Consulting Limited» օֆշորային այս ընկերությունում, որի հետ կառավարությունը պայմանագիր է կնքել, 3 հայ աշխատակից եւ բաժնետերեր կան՝ Գնել Սեդրակյան, Իրինա Գրիգորյան եւ Էլեն Իսպիրյան:

Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ այս ընկերությանը վերաբերող գործով, ըստ պարոն Պետրոսյանի, իրավապահ մարմինները զբաղվել են. թե ինչով է այն ավարտվել՝ տնօրենը չմանրամասնեց:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930