Այսօր ԱԺ-ում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների մի մասն առաջարկում էր, որպեսզի փոխվի ընդհանուր օրենսգիրքը, մի ամբողջ փաթեթով փոփոխություններ կատարվեն: Արփինե Հովհաննիսյանի օրինագծը վերաբերում է արագաչափերի եւ կարմիր գծերի համակարգով տուգանված վարորդներին պատշաճ ծանուցելուն:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չհամաձայնեց, որ այդպես «շիլաշփոթ» անեն: Նա կողմ է այդ մի խնդիրը այս օրինագծով հրատապ լուծելուն: Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «Չեք կարող մի հոդվածի մեջ փոխել ու բոլոր խնդիրները կարգավորել: Եթե առաջարկություն անենք, հետո էլ հետեւից ցախավել կապենք, որ այդ մուկը ծակը չմտնի՞: Բերեք օգնենք Արփինե Հովհաննիսյանին, որ այս լավ նախագիծն անցկացնենք արագ: Ինչի՞ հետեւից եք ընկել: Ամեն մեկն ուզում է ցույց տալ իր գիտելիքները: Հարակից զեկուցողին այնքան հարցեր տվեցիք, ոնց որ օրենսգիրք եք ընդունում: Կոչ եմ անում արագացնենք, քվեարկենք»:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Անշուշտ, նոր օրենսգիրք չենք ընդունում, բայց հարցերը շատ են: Արփինե Հովհաննիսյանի նախագիծը լավն է եւ ընդհանուր խճանկարում հարց լուծող, ես կողմ եմ քվեարկելու»: Բայց Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ շատ փողոցներ կան, որոնք գծանշումներ չունեն: Օրինակ, Նժդեհի փողոցը 4 ամիս գծանշումներ չի ունեցել ու վարորդները տուգանվել են հոծ գիծը հատելու համար: «Սա ձեզ հայտնի՞ է, թե՞ ոչ: Սահմանադրական հստակ նորմով արգելվում է քաղաքացու սեփականության հանդեպ որեւէ ոտնձգություն, հաշիվների սառեցում ԴԱՀԿ-ի կողմից առանց դատարանի վճռի: Իսկ այս օրենքով նախատեսվումէ առանց դատարանի վճռի տուգանքի բռնագանձում: Չեմ ասում, որ տուգանքներն էլ, անկախ նրանից, պատշաճ ծանուցումո՞վ են, թե՞ ոչ, բազմաբեւեռ են եւ կախված քմահաճույքից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































