Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը շարունակում է ոտնահարել սպառողի իրավունքները՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները

Սեպտեմբեր 18,2014 11:45

Քանիցս տեղեկացրել ենք, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը ետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից ս.թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էր շրջայցեր Երևան քաղաքի իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, անգամ հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչները, այնպես էլ տնտեսվարողներն ու վերջիններիս շահերի պաշտպանները: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել է օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն կան տնտեսվարողներ, ովքեր փորձում են օրենքը մեկնաբանել յուրովի՝ իհարկե ոչ բացահայտ կերպով, սակայն ուղղակի ոտնահարելով սպառողների իրավունքները:

Մասնավորապես, Կազմակերպությունը շարունակում է ստանալ բողոքներ կապված «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության հետ, որտեղ տնտեսվարողը մշակել է ինքնուրույն քաղաքականություն ու ապրանքը ենթարկում է միայն փոխանակման, և անգամ, երբ սպառողը ոչ մի համարժեք ապրանք չի գտնում, հրաժարվում է կազմակերպել վերադարձը՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Վերոնշյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ոլորտը վերահսկող համապատասխան մարմիններին, իսկ մինչ խնդրի ամբողջական լուծումը՝ օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացումն ու կյանքի կոչելը, հետագայում խնդիրներից, դատական գործընթացից խուսափելու նպատակով սպառողներին խորհուրդ ենք տալիս նշյալ ցանցից օգտվելիս նախապես համաձայնեցնել պայմանները, իսկ այդուհանդերձ խնդրին բախվելիս չընդունել իրացնողի կողմից ներկայացվող ապատեղեկատվությունը և զանգահարել Կազմակերպության թեժ գծին՝ +374 10 430 930 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության կազմում են գործում Զառա (Zara), Բերշկա (Bershka), Փուլ ընդ Բիըր (Pull&Bear), Մասսիմո Դյութի (Massimo Dutti), Ստրադիվարիուս (Stradivarius), Օյշո (Oysho), Մարքս ընդ Սփենսեր (Marks&Spencer), Գափ (Gap), Թոփ շոփ (Topshop), Սի ընդ Քեյ (C&K), Վալլիս (Wallis), Միսս Սելֆրիջ (Miss Selfridge), Ջեննեֆեր (Jennefer), Մոնսուն (Monsoon), Աքսեսորայզ (Accesorize), Լա Սենզա (La Senza), Նյու լուք (New Look), Բլանկո (Blanco), Սթիվ Մադդեն (Steve Madden), Չարլզ ընդ Քեյթ (Charles & Keith), Սերջնթ Մեյջր, (Sergent Major), Գարաժ (Garage) խանութները, իսկ վերջին բողոքը Կազմակերպությունը ստացել է կապված Թոփ շոփ (Topshop) խանութի հետ:

«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930