ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։
Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ «Victoria Hall» համերգասրահում։
Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից։
Այս բացառիկ հրավերը կարևոր ձեռքբերում է դպրոցի և ընդհանրապես հայկական երաժշտական կրթության ոլորտի համար՝ վերահաստատելով դպրոցի բարձր հեղինակությունն ու միջազգային մշակութային համագործակցության ամուր հիմքերը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































