Ինչո՞ւ է ընդդիմությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին մեղադրում վատ աշխատանքի մեջ: Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այդ հարցին, տիկին Նաղդալյանն ասաց, որ ընդդիմության գործը քննադատելն է:
Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են քաղաքական մեծամասնության երեք ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունից՝ 5: «Եվ եթե այս դեպքում ընդդիմությունը քննադատում է մեր աշխատանքը, ես կարծում եմ, որ դա նաև իր գնահատականն է: Ես ընդդիմության այդ քննադատությունը մերկապարանոց եմ համարում՝ հաշվի առնելով, որ իրենք այդ պատվիրակության կազմում 5 ներկայացուցիչ ունեն՝ մեր երեքի դիմաց»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ն ընդունեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով զեկույցի պատրաստման մասին որոշում: Հայկական պատվիրակությունը հայտարարեց, որ զեկույցի պատրաստման աշխատանքներին չի մասնակցելու:
Թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման որոշում կայացրեց, հարցին Հերմինե Նաղդալյանի պատասխանները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նա հերքեց այն հրապարակումները, որ հայկական պատվիրակությանը հարցի քննարկման ժամանակ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից դուրս են հանել: «Նման բան չի եղել: Այդ մասին գրել են ադրբեջանական կայքերը, դուք էլ վերցրել և արտատպել եք նրանց ասածները: Ես խնդրում եմ, եկեք, ուսումնասիրեք վեհաժողովի կանոնակարգը, տեսեք կարո՞ղ եք գտնել մի կետ, որ որևէ երկրի պատվիրակության դուրս հանեն դահլիճից: Նման բան գոյություն չունի: Ես խնդրում եմ ձեզ, մի արտատպեք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքները»,- ասաց Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ իրենք դահլիճից դուրս են եկել սեփական նախաձեռնությամբ, երբ հայտարարել են, որ չեն մասնակցելու զեկույցի նախապատրաստման աշխատանքներին. «Դրանից հետո արդեն մենք լքել ենք դահլիճը: Դահլիճում այդ պահին մեր պատվիրակությունից եղել ենք միայն ես և Նաիրա Կարապետյանը, քանի որ քաղաքական հանձնաժողովում մեր պատվիրակությունից հիմնական անդամը ես եմ, իսկ Նաիրա Կարապետյանն էլ ինձ փոխարինող անդամ է»:
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իր`պատվիրակության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվել, սակայն չբացառեց, որ պատվիրակության կազմում փոփոխությունները հնարավոր են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































