Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց հիմնադիր և առաջին նախագահի տիտղոսից»

Հոկտեմբեր 10,2014 22:24

«Եթե երկու-երեք տասնյակ հոգու գործողություններին Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ է համարում անդրադառնալ ըստ իրենց ներկայացրած բացմահազարանոց հանրահավաքի ժամանակ, դա նշանակում է, որ մենք, այդ թվում նաև ես, կարողանում ենք պղտորել և թելադրել քաղաքական օրակարգում այդ հարցը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած որոշ դիտարկումներին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա այն անձանցից էր, ովքեր ակտիվորեն պայքարում էին ընդդեմ Եվրասիական տնտեսական միության անդամակցության (ԵՏՄ):

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Շարժումն իր առջեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենեւին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետեւ, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:

Պարոն Սաքունցը հիշեցնելով այն փաստը, որ այսօր ստորագրվել է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցելու մասին համաձայնագիր, ասաց. «Իրապես խոսքը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ արժեքային կողմնորոշումների մասին է: Ես հասկացա, որ այս շարժումն ինքն իր արժեքային համակարգով սերժական է` եվրասիական, այսինքն ոչինչ է նոր բան առաջարկելու իմաստով»: Արթուր Սաքունցը նշեց, թե կողմնորոշումների երկու դաշտ կա. մի կողմից ժողովրդավարություն, մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանք, մյուս կողմից պուտինյան Ռուսաստանի բռնապետության արժեքային համակարգի կողմնորոշում: Ըստ Արթուր Սաքունցի՝ «Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություն կատարեց դեպի պուտինյան Ռուսաստանի արժեքային համակարգ»:

Այնուհետև պարոն Սաքունցը նկատեց. «Մարդկանց, որոնք հավաքվել էին այդտեղ, խնդիրների բուն պատճառը ոչ թե Սերժի անձն է կամ սերժական իշխանությունը, այլ սերժական իշխանության հակաժողովրդավարական հակասահմանադրական էությունը: Սերժական իշխանության արժեքային բնույթն ուղղված է մարդու իրավունքների ու արժանապատվության դեմ: Հարթակում հնչեցված մոտեցումները ոչ մի աղերս չունեին մարդկանց ակնկալիքների հետ: Դա կոչվում է մանիպուլյացիա հանուն սեփական իշխանության հավակնությունների : Իհարկե, մանիպուլյացիան շատ շուտ կբացահայտվի: Քսան-երեսուն հոգու մասին՝ որպես պղտորող ձևակերպումն էլ ուղղված է հենց այդ մանիպուլյացիան անձեռնմխելի պահելուն»:

Արթուր Սաքունցը կարծում է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական, ինքնիշխան պետության նկատմամբ հարգանքը պետք է ունենար Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ այդ դրույթներն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, որը հստակ կողմնորոշել է ՀՀ ուղղությունը:Ըստ պարոն Սաքունցի՝ «այդ կողմնորոշումը, այն է, ժողովրդավարությունը, գոյություն ունի արևմտյան քաղաքակրթության մեջ, ոչ թե պուտինյան Ռուսաստանում»:

Այնուհետև իրավապաշտպանը հավելեց. «Ավելին, հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի անկախության վերացմանն ուղղված քայլին որևէ արձագանք չի տալիս հիմնադիր և առաջին նախագահի տիտղոսը կրող անձնավորությունը: Ըստ էության Լևոն Տեր- Պետրոսյանը հրաժարվեց նաև այդ տիտղոսից: Հարթակում որևէ կերպ Մինսկում այսօր տեղի ունեցածին չանդրադարձավ նաև Անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանը: Այսինքն՝ մարդիկ, որոնք եղել էին Անկախության շարժման ակունքներում և իշխանության էին եկել Անկախության արդյունքում, այսօր իրենց իշխանության գալու համար հրաժարվեցին երկրի Անկախությունից: Փաստորեն որևէ տարբերություն չկա այսօրվա հռչակված շարժման և սերժիզմի միջև. ոչ արժեքային, ոչ որևէ այլ բովանդակային առումով: Իսկ նման մոտեցումն ուղղակի արհամարհանք է Ազատության հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց և նրանց ակնկալիքների նկատմամբ:

Արթուր Սաքունցը հայտարարեց, թե «մենք շարունակելու ենք պղտորել մինչև զուլալվի» և եզրափակեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ իր նպատակը իշխանության գալն է և Սերժին փոխարինելը: Փաստորեն, ինքը, այդ ամբողջ շարժումը և սերժիզմը նույն բովանդակությունն ու նույն արժեքային համակարգն ունեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031